Հայ առաքելական եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» ամենամյա մրցանակն այս տարի հանձնվեց ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Ռոբեր Գեդիգյանին, որի «Խենթ պատմություն» ֆիլմով է այս տարի բացվել երևանյան միջազգային կինոփառատոնը:
Ռոբեր Գեդիգյանը նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթը գնահատող ժյուրիի նախագահն է, գերծանրաբեռնված իր աշխատանքային առօրյան անցկացնում է կինոգործիչների, լրագրողների, կինոսերների, ուսանողների հետ շփումներում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամարների ներքո հավաքվել էր ոսկեծիրանյան հասարակությունը՝ ի դեմս փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանի, փառատոնի պատվավոր հյուրերի, լրատվադաշտի, հայ մտավորականության կարկառուն ներկայացուցիչների:
Ռոբեր Գեդիգյանի վաստակն ու առաքելությունն արժևորող խոսքով հանդես եկավ Հարություն Խաչատրյանը՝ ի մասնավորի ասելով, որ նա հայտնի է աշխարհին որպես մտավոր և հոգևոր կինոյի մեծ մասնագետ:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հիշեցրեց Ռոբեր Գեդիգյանի այն տեսակետի մասին, թե այս տարին ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև Թուրքիայի ժխտողական քաղաքականության 100-ամյակն է: Գարեգին Բ-ն այսպես բնորոշեց ֆրանսահայ կինոգործչին. «Ռոբեր Գեդիգյանի անցած ստեղծագործական ուղին լավագույն վկայությունն է, որ հայ ժողովրդի ոգին անհնար է ոչնչացնել: Ոչ մի արհավիրք չի կարող սպանել մեր ժողովրդի սերը հոգու, կյանքի հանդեպ: Ռոբեր Գեդիգյանն իր օրինակով հաստատում է, որ հայ ժողովուրդը բարության կնիքով ապրող և արարող ժողովուրդ է»:
Ռոբեր Գեդիգյանը ակնածանքով ընդունեց «Եղիցի լույս» մրցանակը, որին իրենից առաջ արժանացել էին հայ և համաշխարհային կինոյի մի քանի անվանիներ՝ Ալեքսանդր Սոկուրովը, Քշիշտոֆ Զանուսին, Արտավազդ Փելեշյանը:
Ռոբեր Գեդիկյանն իր խոսքում նկատեց, որ կինոգործչին հոգևոր մրցանակի արժանացնելը իսկապես խորհրդանշական է, որովհետև կինոյի մեջ շատ է լույսը: «Մարդկանց մեջ էլ ժամանակին եղել է մեծ քանակությամբ լույս, ինչպես այն փոքրիկ միջատների՝ կայծոռիկների,- ասաց Գեդիգյանը,- և «Ոսկե ծիրան» կինոփառատոնում միավորվում են այդ բոլոր լույսերը՝ հավաքված աշխարհի բոլոր ծայրերից»:
Մայր Աթոռում այս տարի կայացավ ևս մեկ պարգևի հանձնում. Հայ առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևին՝ «Սբ. Սահակ-Սբ. Մաշտոց» շքանշանին արժանացավ «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հիմնադրելու և ծննդյան 60-ամյակի առիթով:
Գարեգին Բ-ն իր խոսքում գոհունակություն հայտնեց «Ոսկե ծիրանի» օր օրի աճող հեղինակության առթիվ՝ նկատելով, որ այն իր ուրույն տեղն ունի աշխարհի կարևորագույն կինոփառատոների շարքում և հրաշալի հնարավորություն է ընձեռում կինոյի մասնագետներին՝ իրենց մտահղացումները կյանքի կոչելու և դրանց արդյունքները ներկայացնելու իմաստով: «Հիմնադրման օրվանից կինոփառատոնը ստանձնել է քաղաքակրթությունների ու մշակույթների երկխոսության բարձր առաքելությունը՝ ծառայելով մարդկանց ու ժողովուրդների միջև հաշտության ու խաղաղության ամրապնդմանը, արժեքներ, որոնց ջատագովը իսկապես եղել է քրիստոնեական ավանդույթներով հարուստ մեր Հայաստան աշխարհը»,- ասաց Վեհափառը:
Հարություն Խաչատրյանի ծավալած գործունեությունը, ըստ կաթողիկոսի, ծառայում է ոչ միայն արվեստին, այլև հայ հոգևոր ոլորտին, եկեղեցուն: Եվ աստվածահաճո նրա գործը մղել է հոգևոր դասին արժանացնելու նրան իր բարձրագույն պարգևին:
Ասել է թե՝ «Ոսկե ծիրանը», նրա հիմնադիր տնօրենն ու այդ գործին լծված բոլոր անձինք այսուհետ առավել ևս ունենալու են ոչ միայն մշակութասեր հասարակության, այլև Հայ առաքելական եկեղեցու բարեհաճ վերաբերմունքն ու սատարումը իրենց հետագա գործունեության ընթացքում:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ