«Իրատեսի» հյուրը թարգմանիչ, հրապարակախոս ԱՆԱՀԻՏ ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՆ է, ով երկար տարիներ զբաղվում է լեհ հայագետ, գրող, հրապարակախոս, արևելագետ ԲՈՀԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿՈՒ անձի և գործունեության ուսումնասիրությամբ ու հանրահռչակմամբ:
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՍԻՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԿԱ ԳԵՄԲԱՐՍԿՈՒ ՀԱՆԴԵՊ»
-Անահիտ, Բոհդան Գեմբարսկու ծառայությունը՝ ի նպաստ հայ ժողովրդի, իսկապես անգնահատելի է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը առիթ եղավ, որպեսզի Դուք մանրակրկիտ ուսումնասիրությամբ հանդես գաք և ներկայացնեք այդ մտավորականի գործունեությունը հայ հասարակությանը:
-1989 թվականից եմ զբաղվում Գեմբարսկու գրական ժառանգությամբ, ունեցել եմ տարբեր հրապարակումներ, ելույթներ, հիշատակել ծննդյան օրերը: 1991-ին գրեցի սցենար և կազմակերպեցի հայ-լեհական «Ձայն բարբառո յանապատի (Բոհդան Գեմբարսկի)» վավերական ֆիլմի (WIR-ՀԱՅՔ) նկարահանումները: (Ցավով նշեմ, որ «Իրատեսի» այս տարվա փետրվարի 27-ի համարում «Բոհդան Գեմբարսկու նամակը» նյութի հեղինակի կողմից մի շարք անճշտությունների հետ մեկտեղ իմ ազգանունը, որպես նշածս ֆիլմի սցենարի հեղինակի, փոխարինվել է այլ անձի ազգանվամբ): Լեհերենից թարգմանել և մեծ նախաբանով հրատարակել եմ Գեմբարսկու «Morituri» («Մահվան դատապարտվածները») գիրքը, որը վերահրատարակվելու է Վարշավայում՝ հայ համայնքի, ինչպես նաև Սուխումում «Համշեն» թերթի խմբագիր Արտավազդ Սարեցյանի ջանքերով: Վիպակի հիման վրա գրել եմ թատերգություն հայերեն և ռուսերեն: Ծրագրում եմ հրատարակել Գեմբարսկու «Նախահավերժի ծնունդը»՝ նույնպես հայերեն և ռուսերեն՝ լեհերենից իմ կատարած թարգմանությամբ:
-Դուք Ձեր ուսումնասիրության մեջ թվարկում եք հայանպաստ գործիչների անուններ՝ Ջորջ Բայրոն, Յոհաննես Լեփսիուս, Անատոլ Ֆրանս, Ֆրիտյոֆ Նանսեն, Արմին Վեգներ, Յուրի Վեսելովսկի, Հանրի Բարբյուս, Ֆրանց Վերֆել, Վալերի Բրյուսով, Սերգեյ Գորոդեցկի, Յոզեֆ Մարկվարտ: Այսօր մեր քաղաքը լի է այդօրինակ մարդկանց մեծադիր նկարներով: Ինչո՞ւ Գեմբարսկին ներառված չէ այդ շարքում:
-Հայաստանում այսօր պասիվ վերաբերմունք կա Գեմբարսկու հանդեպ: Սկսեմ հեռվից: 1960-ականներին նա նամակներ էր գրում աշխարհի հզորներին՝ Արևմտյան Հայաստանի գաղութազերծման և այն հայերին վերադարձնելու կոչով (աշխարհի շատ գաղութազերծված երկրների՝ Հնդկաստանի, ասիական, աֆրիկյան մի շարք պետությունների օրինակով): Այդ նամակներն ուղարկում էր Մեծ եղեռնի 50-րդ տարելիցը կազմակերպող հայկական սփյուռքի կառույցին: Այնտեղից նրան լռեցնում էին, պահանջում, որ չզբաղվի այդ հարցով, ասում, թե դա միայն իրենց գործն է:
-Ինչո՞վ եք դա բացատրում: Ասենք թե Խորհրդային Հայաստանում ամեն հարց լուծվում էր Մոսկվայի թույլտվությամբ: Հայկական սփյո՞ւռքն ինչու էր նման կեցվածք ընդունել:
-Եթե տրամաբանենք, հավանաբար, գաղափարական ուղղվածությունը նույնն էր այս հարցում: Իսկ Գեմբարսկին ծրագրից դուրս էր գործում: 60-ականներին նա անում էր այն, ինչ մեզ նոր թույլ տվեցին սկսել՝ իրազեկել աշխարհին: Ամեն դեպքում փաստ է, որ այդ նամակները չէին հասնում հասցեատերերին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, գերտերությունների ղեկավարներին: Ի դեպ, այս մասին առաջին անգամ եմ խոսում: Եվ այսօր Գեմբարսկու անվան շուրջ եղած լռությունը նաև այս հանգամանքի հետ եմ կապում: Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում Գեմբարսկուն նվիրված անկյուն անգամ չկա: Դիմել եմ և նախորդ, և ներկայիս տնօրեններին, բայց մնացել անպատասխան: Չեն էլ պատկերացնում Գեմբարսկու արժեքը:
«ԱՅՍՕՐ ԷԼ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻ ՄԵՋ ԿԱՐԵԼԻ Է ՏԵՍՆԵԼ ՄԵՐ ՏԵՍԱԿԻ, ՄԵՐ ԳԵՆԻ ԲԱՐՁՐ ՈՐԱԿՆԵՐԸ»
-Իր նամակներում Գեմբարսկին մասնավորապես գրում էր. «1915-1920 թթ. երեք միլիոն սպանվածները 40 տարվա ընթացքում կդառնային վեց միլիոն չծնվածներ»։ Արդյո՞ք մենք ընդամենը քանակ ենք կորցրել այդ սպանդի արդյունքում, թե՞ նաև կրել ենք ծանր հետևանքներ՝ մեր որակական հատկանիշների առումով: Ի՞նչ է փոխվել մեր տեսակի, մեր բարոյահոգեբանական նկարագրի մեջ հարյուրամյա այդ ողբերգության արդյունքում:
-Իհարկե, շատ բան է փոխվել: Մենք հայրենիք կորցրինք, տեսակ ու նկարագիր: Նախ ազգը գլխատվեց. ոչնչացրին ազգի ուժն ու կորովը՝ սկսելով թուրքական բանակի հայ սպաների ու զինվորների սպանդից, ովքեր նախապես խաբեությամբ զինաթափվեցին: Էնվերին հետ չպահեց նույնիսկ հայերի կողմից իր կյանքը փրկելու հանգամանքը: Կուսակցական ծրագրի գործընթացը սկսված էր այլևս: ՈՒ սա եղավ «Մեծ եղեռն» ծրագրի սկիզբը: Ահավասիկ Գեմբարսկու «Morituri» վիպակի քաղաքական նշանակությունը: Հետո մտավորականությունը հոշոտվեց: Այնուհետև՝ ժողովուրդը: Մենք հոգեբանորեն խեղվեցինք, և դա թողեց իր հետքը: Բայց մենք ունեցանք արցախյան հաղթանակ, և ուրախությամբ պիտի նշեմ նաև, որ ամիսներ առաջ Բաղրամյան պողոտայում բողոքի դուրս եկած մեր երիտասարդների մեջ նույնպես ես տեսա այն որակները, որոնք բնորոշ են եղել մեր նախնիներին դեռևս Ն.Ք.Ծ. 2-րդ հազարամյակում, ինչի մասին բարձրաձայնում է Գեմբարսկին իր «Նախահավերժի ծնունդը» (Եդեմից մինչև Միտաննի) պատմական-վերլուծական ծավալուն աշխատության մեջ: Նրանք պահպանել են մեր ազգի առնվազն հինգ հազար տարվա բարոյական նկարագիրը: Այսինքն՝ այսօր էլ մեր լավագույնների մեջ կարելի է տեսնել մեր տեսակի, մեր գենի բարձր որակները:
-1962 թվականին Հովհաննես Շիրազը այսպես է դիմել իր նամակում Գեմբարսկուն. «Սիրելի և սիրելի Աստվածատուր Գեմբարսկի»: Շիրազը հայտնի էր մարդկանց հանդեպ իր սուր քննադատական վերաբերմունքով: Սա արդեն իսկ վկայությունը չէ՞ր այն մեծ երախտագիտության, որ Գեմբարսկու հանդեպ տածում էր հայ ժողովուրդը:
-Ի տարբերություն պաշտոնական կեցվածքի՝ ժողովրդի համար Գեմբարսկին պաշտամունքի առարկա էր, կենդանի լեգենդ: Իրենց հասցեատերերին կորցրած, նշածս նամակների կրկնօրինակները Լեհաստանից ծածուկ ուղարկվում էին Հայաստան: Եվ մեր ժողովրդի արևելահայ՝ խորհրդային հատվածի երևի թե 80 տոկոսը հենց դրանց միջոցով իմացավ, թե ինչ է կատարվել Արևմտյան Հայաստանում: Մենք այդ ժամանակ նոր էինք թոթափել Երկրորդ աշխարհամարտի ծանրությունը, և երբ բակում կռիվ-կռիվ էինք խաղում, մեր թշնամուն տեսնում էինք ֆաշիստի, գերմանացու պատկերով: ՈՒ հանկարծ ապշահար, սարսափած սկսեցինք տեղեկանալ մեր ազգի այդ մեծագույն ցավի ու անդառնալի կորուստների մանրամասներին Գեմբարսկու նամակներից: Դրանց էլ գումարվում էին 1946-47 թթ. հայրենադարձվածների կիսաձայն պատմությունները: Եվ ես կարծում եմ, որ մենք չէինք ունենա 1965-ի ազգային զարթոնքը, եթե այդ «թաքուն» նամակները չհասնեին Հայաստան:
«Ո՞Ր ԿՈՂՈՊՏԻՉՆ Է ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ԻՐ ԿՈՂՈՊՏԱԾՆ ԻՐԵՆԸ ՉԷ»
-1961 թվականին Վարշավայի «Kierunki» հանդեսում Բոհդան Գեմբարսկին հրապարակել է «Նամակ իմ հին թուրք ծանոթին» հոդվածը, որը կոչ էր՝ ուղղված թուրք մտավորականությանը: Այդ կոչի արձագանքները Ձեզ համար շոշափելի՞ են այսօր:
-«Նամակը» հրապարակվեց մի շարք լեզուներով, բացի թուրքերենից: Թուրքերը չէին կարող ծանոթանալ հոդվածին ու արձագանքել:
-Այնուհանդերձ, այսօր այնտեղ լսելի է թուրք մտավորականության բողոքի ձայնը՝ ընդդեմ իրենց իշխանությունների հայատյաց քաղաքականության: Դուք անձամբ հավատո՞ւմ եք այդ ձայնի անկեղծությանը:
-Թուրքական պետությունն է թույլ տալիս, որ հայկական հարցը ինչ-որ չափով բարձրաձայնվի, որովհետև ունի թե քաղաքակիրթ երևալու, թե Եվրամիություն մտնելու խնդիր: Իհարկե, չի կարելի բացառել, որ կան հոսանքներ, որոնք, իրոք, անկեղծ են: Բայց այս հարցին ավելի հիմնավոր կարող են պատասխանել թուրքագետները:
-Որոնք նույնպես միակարծիք չեն, ինչևէ: Անդրադառնանք Գեմբարսկու հետևյալ դիտարկմանը, «…այս ամբողջ խնդիրը, որ բարձրացնում եմ սույն նամակովս, թելադրված է, ի միջի այլոց, Թուրքիայի պատիվը փրկելու անզուսպ ձգտումովս, այն պատիվը, որ երկրի ժամանակավոր տիրակալները՝ երիտասարդ թուրքերը, ստորաբար գետին գլորեցին»: Ի՞նչ կմտածեր Գեմբարսկին Թուրքիայի այսօրվա տիրակալների մասին, մի՞թե նրանց նկարագրում շատ բան է փոխվել:
-Տիրակալների նկարագրում ոչինչ չի փոխվել: Նույն զավթող-կողոպտիչներն են: Ո՞ր կողոպտիչն է մտածում, որ իր կողոպտածն իրենը չէ: Ինքը զավթել է զենքով. իրենն է, ու վերջ: Սա հոգեբանություն է:
-Անսպասելի չէր այն ժամանակների համար, որ Թուրքիայի նման այդ «Նամակին» անհաղորդ մնաց նաև Խորհրդային Միությունը: Եթե դատենք այսօրվա չափանիշներով, Խորհրդային Միության և Թուրքիայի մեղքի բաժինները շա՞տ են տարբեր:
-Երիտթուրքերն ու բոլշևիկները սերում էին նույն ակունքից, նրանց գործելաոճի մեջ դժվար է տարբերություն գտնել: Դա նույն կազմակերպությունն է եղել:
-Գեմբարսկին հատկապես ինչո՞վ է տարբերվում օտարազգի մյուս հայանպաստ գործիչներից:
-Գեմբարսկին հիմնովին զանազանվում է բոլոր հայանպաստ գործիչներից: Նրանք արել են ահռելի մեծ աշխատանք, օգնել են, փրկել: Գլուխ ենք խոնարհում: Գեմբարսկին բոլորովին այլ բան արեց: Նա վարվեց այնպես, ինչպես հայ մարդը կվարվեր: Պատահական չէ, որ նա միակն է մեր օտարազգի երախտավորներից, ում հայ ժողովուրդը հայկական ծագում է վերագրում: Գեմբարսկին մեր ցավն ընկալեց ոչ թե որպես կարեկցող, այլ որպես տուժած, որպես մեզ նման տուժած հայ մարդ:
-Յուրաքանչյուր քայլ ունենում է իր նախապայմանը, կայծը, որից բորբոքվում է կրակը: Ո՞րն էր այդ կայծը Գեմբարսկու հայասիրության պարագայում:
-Նույն հարցը ես տվեցի Գեմբարսկու այրուն՝ Զոֆյա Գեմբարսկային, ում, ինչպես նաև որդուն՝ Կազիմիրին, մենք հասցրինք նկարահանել վերոհիշյալ ֆիլմում: Ցավոք, կարճ ժամանակ անց երկուսն էլ հեռացան մեզնից: Գեմբարսկին ծնվել է Սանկտ Պետերբուրգում, 1905 թվականին: 1915-ի իրադարձությունները տասը տարեկան երեխային ցնցել էին: Թե ինչպես է նա իմացել մեր ազգի ողբերգության մասին, հայտնի չէ ինձ: ՈՒ նա այդ ողբերգության բեռը մեզ հետ հավասար կրեց ամբողջ կյանքում՝ ենթարկվելով հետապնդումների, հալածանքների լեհական իշխանությունների, խորհրդային ԿԳԲ-ի, թուրքերի կողմից: Բայց դա նրան մինչև կյանքի վերջը հետ չպահեց իր պաշտելի, հինավուրց Հայաստանի պատմությունն ու մշակույթը լեհերին ներկայացնելու, մեր մեծ ցավի մասին աշխարհին իրազեկելու ազնվագույն մղումից:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ