Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայերի և նրանց էության մասին

Հայերի և նրանց էության մասին
16.02.2018 | 12:43

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԲԱՆ


Ընթերցողին եմ ներկայացնում ամերիկյան բանակի սպա, ռազմական ճարտարագետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծավալուն հրապարակումը: Նա 1919 թ. գտնվել է գեներալ Հարբորդի զինվորական առաքելության կազմում և հենց նույն թվականին էլ գրել է այս վերլուծությունը:
Բայց, նախ, հարկ է որոշակի բացատրություններ տալ:


1919 թ. Փարիզի հաշտության վեհաժողովին Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը և ՀՀ պատվիրակությունը` Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, հանդես եկան քաղաքական լրջագույն առաջարկով` Միացյալ Հայաստանի մանդատը, իմա` հովանավորությունը, հանձնել ԱՄՆ-ին: Դրդապատճառը ավելի քան պարզ էր` Վրաստանի «շեֆությունը» ստանձնել էր Գերմանիան, Ադրբեջանի թիկունքին կանգնած էր «ավագ եղբայր» Թուրքիան, իսկ ցեղասպանված, ճղակոտոր եղած Հայաստանը լիակատար անտերության էր մատնված: Միացյալ Նահանգները` ի դեմս նախագահ Վիլսոնի, սկզբունքորեն համաձայն էր, սակայն վերջնական վճիռ կայացնելուց առաջ տրամաբանական քայլ կատարեց, այն է` որոշեց զինվորական առաքելություն ուղարկել տարածաշրջան, փաստահավաքություն իրականացնել և վերլուծություն կատարել:
Հաշտության վեհաժողովի մարտի 20-ի որոշման համաձայն, ԱՄՆ կառավարությունը ձևավորեց այդպիսի պատվիրակություն, որի ղեկավար նշանակեց գեներալ Հարբորդին:
Ջեյմս Գաթրի Հարբորդը (1866-1947) ավարտել էր ՈՒեսթ-Փոյնթի ռազմական ակադեմիան (1889) և Ֆորթ-Լիվենվորթի հետևակի ու հեծելազորի դպրոցը (1895): Երբ 1917 թ. ապրիլին ԱՄՆ-ը մտավ պատերազմի մեջ, նա նշանակվեց Եվրոպայում ամերիկյան էքսպեդիցիոն ուժերի շտաբի պետ, 1918-ին ստացավ բրիգադային գեներալի, իսկ 1919-ին` գեներալ-մայորի կոչում ու նշանակվեց 2-րդ հետևակային դիվիզիայի հրամանատար:


Հարբորդն ընտրեց 18 սպա (այդ թվում` երկու բրիգադային գեներալ), որոնց թվում էին լեյտենանտ Հարություն Խաչատրյանը, Արամ Խոջասարը, Դիկ Օհանեսյանը, Տիգրան Սերիջանյանը: Որպես սպասարկուներ` խոհարար, լուսանկարիչ և այլն, ընդգրկվեցին 33 զինվորներ:
1919 թ. օգոստոսի 20-ին առաքելությունը Փարիզից ճամփա ելավ, իսկ 21-ին Բրեստից նավարկության դուրս եկավ «Մարթա Վաշինգտոն» շոգենավով, որն ամերիկյան կառավարությունը հատուկ տրամադրել էր պատվիրակությանը, և որի վրա կային յոթ ավտոմոբիլներ: Նավի վրա սկսվեց բուռն աշխատանք, այստեղ էին Հայ դատի վերաբերյալ Փարիզից գնված բազմաթիվ գրքեր, ինչպես նաև 12 գաղտնի փաստաթղթեր, այդ թվում և Հ. Խաչատրյանի (վերնագիրը երկար է, բայց պիտի նշեմ) «Քաղաքական, տնտեսական և այլ կացությունը Ադրբեջանում: Բնակչության փոխհարաբերությունները: Հանդիպումներ Բաքվի 12 երևելի անձանց հետ: Հայ-թաթարական կռիվներ: Անգլիական քաղաքականություն: Զանգեզուր և Ղարաբաղի խնդիրը: Հայկական և թաթարական պահանջներ: Սուլթանով: Նոր ջարդեր: Անգլիացիների հակահայ վարքագիծը» զեկուցագիրը:


Սեպտեմբերի 2-ին առաքելությունը հասավ Կ. Պոլիս, բայց ոչ մի հանդիպում չունեցավ թուրք ղեկավարության հետ, հանդիպումներ կայացան բացառապես հայերի հետ: Այստեղ նրանց միացան ամերիկյան բանակի մայոր Հայկ Շեքերճյանը և Հ. Քերոբյանը:
Թուրքիայի մայրաքաղաքում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում էր Շվեդիայի դեսպանատունը, որի միջոցով էլ պատվիրակությունը պահանջեց ու ճանապարհային դյուրություններ ստացավ: Կ. Պոլսում առաքելությունը բաժանվեց երկու խմբի, առաջինը մնաց մայրաքաղաքում, հետագայում Զմյուռնիա մեկնելու համար, իսկ երկրորդը` Հարբորդի գլխավորությամբ, գնացք նստեց ու ճանապարհվեց Արևմտյան Հայաստան:
Չմանրամասնեմ ամբողջ ճանապարհի ընթացքում թուրքերի ցույց տված ջերմ ընդունելությունը և զանազան դժվարությունները, բայց առանձնացնեմ երկու դրվագ: Սեբաստիայում ամերիկացիները հանդիպեցին Կ. Պոլսի հետ հարաբերությունները խզած Մուստաֆա Քեմալին, որն աներկբա հայտարարեց` եթե որևէ արտաքին ուժ փորձի մասնատել Թուրքիան, ապա գործ կունենա համազգային դիմադրության հետ: Իսկ Էրզրումում Քյազիմ Կարաբեքիր փաշան` Ալեքսանդրապոլի ապագա դահիճը, Հ. Խաչատրյանին խնդրեց սահմանից անդին գտնվող հայերին փոխանցել հետևյալը. «Լավ է բարեկամ ըլլալ թուրքերուն հետ ու հաշտ ապրիլ, քանի որ օտարներէն խեր չկայ: Հայերը փրոփականտայով առայժմ կը յաջողին, սակայն այդ վերջնական արդիւնք մը չ’ունենայ: Օտարները ուշ կամ կանուխ ճշմարտութիւնը պիտի հասկնան»:


Ակնհայտ էր այս դրվագների իմաստը` պարտված Թուրքիան թուրքավարի լպիրշությամբ նոր պատերազմով էր սպառնում բոլորին:
Սարիղամիշով և Իգդիրով սահմանը հատելով` առաքելությունը հոկտեմբերի 29-ին հասավ Էջմիածին, որտեղ հանդիպում ունեցավ Գևորգ Ե կաթողիկոսի հետ: Նույն օրը ճանապարհվեց Երևան, ուր նրանց դիմավորեցին վարչապետ Ա. Խատիսյանը և կառավարության բոլոր անդամները: Երեք օրվա ընթացքում տեղի ունեցավ մտքերի հանգամանալից փոխանակում, որից հետո հոկտեմբերի 2-ին ամերիկացիները մեկնեցին Թիֆլիս, այստեղից` հոկտեմբերի 4-5-ին գտնվեցին Բաքվում, ապա վերադարձան Թիֆլիս ու հոկտեմբերի 7-ին մեկնեցին Բաթում: «Մարթա Վաշինգտոն» շոգենավը նրանց Տրապիզոնով, Սամսոնով հասցրեց Կ. Պոլիս, որտեղից մեկնեցին Զմյուռնիա, ուր միացան առաքելության մյուս անդամները, և ճանապարհվեցին Ֆրանսիա:


1940-1941 թթ. Հ. Խաչատրյանը Բոստոնի «Հայրենիք» ամսագրում տպագրեց «Ամերիկեան զինուորական առաքելութիւնը դէպի Հայաստան» վերնագրով իր նոթերը: Նախ, 21 տարվա լռությունը բացատրեց այն բանով, որ փաստաթղթերի մի մասը գաղտնիության ժամկետ ուներ: Դրանց մեջ, հավանաբար, նաև Հարբորդի զեկուցագիրն էր` ուղղված ամերիկյան կառավարությանը, որի թարգմանությունը ևս Հ. Խաչատրյանը հրապարակեց: Առաքելության այցելած երկրների կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկող փաստերի մանրակրկիտ վերլուծությունը բացասական էր. «Հակառակ հայ բաղձանքներուն, առայժմ իմաստութիւն չէ թուրք հողամասերէն անջատուած առանձին Հայաստան մը կազմելու»: Հիմնվելով այս եզրակացության վրա, 1920 թ. մայիսի 27-ին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն 11 դեմ և 4 թեր ձայներով արգելեց նախագահ Վիլսոնին ստանձնելու Հայաստանի մանդատը:
Պատճառները մի քանիսն էին. նախ, հայերն ուզում էին Միացյալ Հայաստան, իսկ դա նշանակում էր նոր պատերազմ Թուրքիայի հետ: Երկրորդ, հաշվի էին առնվել բոլշևիկյան Ռուսաստանի և դաշնակից երկրների շահերը: Երրորդ, էական դեր խաղաց «նորին մեծություն» թվաբանությունը` առաջին հինգ տարիների համար սենատը Հայաստանին պետք է հատկացներ ավելի քան 756 միլիոն դոլար…


Հուսալքված Հ. Խաչատրյանը Հարբորդի առաքելությունը և դրան առնչվող հետագա իրողությունները բնութագրեց «լեռը մուկ ծնեց» արտահայտությամբ ու գրեց. «Ամերիկացիք եկան, տեսան, «չենք կրնար» ըսին: Թէեւ հայոց համար հարցը կենաց մահու խնդիր էր, բայց քանի որ ամերիկացիք չունեին շօշափելի շահ պահանջուած ծախսի եւ պատասխանատուութեան փոխարէն, լքեցին հայերը մահամերձ վիճակի մը մէջ»:
Անցել է 99 տարի, և այժմ անիմաստ է ենթադրություններ անել, թե ինչպիսին կլիներ Հայաստանի ապագան, եթե ԱՄՆ-ը ստանձներ մեր երկրի հովանավորությունը…
Այժմ անդրադառնամ ներկայացվող հրապարակմանը: Թեպետ վերնագրում առկա չափազանցությանը (Հարբորդի առաքելությունը տևել է ոչ թե երեք ամիս, այլ 75 օր, չնայած բացառված չէ, որ Հ. Խաչատրյանը դրանից առաջ կամ հետո եղել է Անդրկովկասում), այդուհանդերձ սա հայրենասեր, ազգի ապագայով մտահոգ մարդու խոսք է: Կան հատվածներ, որոնք ինչ-ինչ մարդկանց կարող են դուր չգալ, բայց գրվածքը ականատեսի ազնիվ և անկեղծ վկայություն է:
Հրապարակումը ես «թարգմանել» եմ հայերենից` հայերեն, այսինքն` մինչաբեղյանական ուղղագրությամբ արևմտահայերենից` արևելահայերեն: Եթե ներկայումս սովորական բան է արևելահայերենից արևմտահայերեն «թարգմանելը», ապա ինչու՞ ես չէի կարող հակառակ կերպ վարվել, իմ նպատակն է արևելահայ ընթերցողին ըմբռնելի նյութ տրամադրելը:
Հ. Խաչատրյանի հրապարակումը ունի ևս մեկ առանձնահատկություն. ըստ իս, այն ուղղված է ոչ այնքան և ոչ միայն հայերիս, այլև անգլալեզուներին, և շատ հնարավոր է, որ այն գրվել է անգլերեն:


Վերջում մի քանի խոսք Հարություն Խաչատրյանի մասին: Դժբախտաբար, տեղեկությունները խիստ սուղ են: Ծնվել է Այնթապում, 1907-ին տեղափոխվել ԱՄՆ: ՈՒսանել է Վերմոնտի համալսարանում և ստացել քաղաքացիական ճարտարագետի որակավորում: Բացառիկ առաջադիմության համար պարգևատրվել է Բիսելի մրցանակով և Էդուարդ Հեյթ Ֆելփսի մրցանակով: Ավարտելուց հետո կարճ ժամանակ դասավանդել է նույն համալսարանում, ապա որոշ ժամանակ աշխատել «Մոնքս և Ջոնսոն» ճարտարագիտական ֆիրմայում: 1914-ին ստացել է ԱՄՆ քաղաքացիություն ու զորակոչվել, ծառայել է Ֆրանսիայում ամերիկյան էքսպեդիցիոն ուժերի կազմում: Տիրապետել է մի քանի լեզուների: Հարբորդի առաքելությունից հետո ծառայությունը շարունակել է ամերիկյան մերձավորարևելյան նպաստամատույցում, ապա վերադարձել ԱՄՆ: Ամուսնացել է, ապրել Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, ունեցել Ռոբերտ անունով մեկ որդի:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ