Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու հանրապետության պահածոյագործները կնքեցին համագործակցության հուշագիր

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու հանրապետության պահածոյագործները կնքեցին համագործակցության  հուշագիր
30.05.2012 | 07:23

ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հանրապետության պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտի ներկայացուցիչները այսօր կնքեցին համագործակցության հուշագիր: Այն նպատակաուղղված էր բուսաբուծության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների հետագա գործունեության ապահովմանն ու բնականոն զարգացմանը:
«Հպարտությամբ պետք է արձանագրենք, որ վերամշակման ճյուղը մեր երկրում էական զարգացում է ապրել: Այս առումով մենք նաև առաջատար ենք մեր հարևան երկրների համեմատությամբ»,- նշել է գյուղատնտեսության նախարարը, հավելելով, որ հուշագրով սկիզբ է դրվում պետության և մասնավորի միջև փոխհարաբերությունների կանոնակարգման առաջին քայլին: «Հուշագիրն իր էական դերը կունենա ինչպես ոլորտի զարգացման, այնպես էլ պետություն-մասնավոր հատված համագործակցության առավել հստակեցման տեսանկյունից», - նշել է Սերգո Կարապետյանը:
Անդրադառնալով ընթացիկ տարվա զարգացումներին` նախարարը նաև նշել է, որ կանխատեսումների համաձայն, տարին հաջողակներից է լինելու, և առանձին մշակաբույսերից սպասվող բերքը զգալիորեն գերազանցելու է նախորդ տարվա ցուցանիշները: Ինչ մնում է վերամշակողներին, ապա նրանց նույնպես, մթերման գործընթացի պատշաճ կազմակերպելու տեսանկյունից, լարված տարեշրջան է սպասում: «Գյուղացու մշակած բերքն ամբողջությամբ ընդունվելու է վերամշակման, ուստի այսօրվանից ևեթ պետք է նախապատրաստել գործընթացը»,- ասել է նախարարը` շեշտելով, որ վերամշակման գործընթացը շարունակելու է մնալ հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Հանդիպման մասնակիցներն իրենց գոհունակությունը հայտնելով նմանօրինակ փաստաթղթի ստորագրման առիթով` վստահեցրել են, որ այն, իրոք, կնպաստի պետություն - մասնավոր հատված համագործակցության խորացմանը:
Արձագանքելով մտահոգություններին ու դիտարկումներին` նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս սեղմ ժամկետներում և արդյունավետորեն քննարկելու բարձրացված հարցերը:
Կարևորելով հուշագրի շրջանակներում համապատասխան միավորումներ ստեղծելու աշխատանքները` Սերգո Կարապետյանն առաջարկել է գալիք հանդիպումներից մեկը նվիրել պահածոյագործությանն օժանդակող ծառայությունների ներկայացուցիչներին, վերջիններիս խնդիրներին ծանոթանալու և ըստ ամենայնի ընթացք տալու դրանց:
Նշենք, որ հուշագիրը, որը կնքվել է 5 տարի ժամկետով, կողմերի համաձայնության դեպքում, կերկարաձգվի ևս 5 տարով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ