ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՈՒկրաինայում անհապաղ հրադադարի կոչերը հակասում են Ալյասկայում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Լավրովի խոսքով՝ ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «եվրոպացի հովանավորներն ու տերերը» փորձում են համոզել ամերիկացիներին փոխել իրենց դիրքորոշումը և հրաժարվել «երկարաժամկետ կարգավորման» ձգտումից՝ անտեսելով հակամարտության արմատական պատճառները։               
 

Մինչ իշխանությունը զբաղված է ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունը վտանգի տակ է

Մինչ իշխանությունը զբաղված է ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունը  վտանգի տակ է
21.10.2025 | 17:30

Երեկ Գյումրիում ծավալված իրադարձությունների ֆոնին, երբ ամբողջ Հայաստանի ուշադրությունը գամված էր քաղաքապետի ձերբակալման օպերացիայի վրա, երբ քաղաքական տարբեր կալիբրի իշխանական ֆունկցիոներներ, խախտելով անմեղության կանխավարկածը, արդեն ոչ միայն ստանձնել էին դատարանի դեր, այլև փողոցային բառապաշարով աջ ու ձախ պիտակավորմամբ էին զբաղված, աչքս ընկավ էկոնոմիկայի նախարարի գրառումը՝ հենց այդ թեմայով՝ բոցաշունչ ու քաղաքական, իրեն հատուկ մտքերի ձևակերպմամբ։ Ակամա ֆիքսեցի այն հանգամանքը, որ նույն այդ օրն էլ ստվերվել էր բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների ակցիան, որի հասցեատերը հենց այդ սուբյեկտն է։

Հայաստանի բեռնափոխադրողները կանգնած են լրջագույն ճգնաժամի առաջ։ Ռուսաստան մուտքի նոր կանոններով նրանց սահմանափակել են տարեկան ընդամենը 90 օրով, ինչի հետևանքով տասնյակ վարորդներ արդեն ստացել են երկարաժամկետ մուտքի արգելքներ։ Վերին Լարսի մշտական խցանումներն այս սահմանափակումը վեր են ածել կործանարար պատժի թե՛ վարորդների, թե՛ արտահանողների համար։

Վարորդները մի քանի անգամ բողոքել են՝ կառավարության շենքի դիմաց, քայլերթելով դեսպանատների ուղղությամբ, իսկ երեկ, որպես բողոքի ակցիա` փակելով դեպի Վրաստան տանող ճանապարհները։ Նրանց պահանջը պարզ է․ Հայաստանը պետք է հասնի այն պայմանավորվածությանը, ինչը հաջողվել է Ղազախստանին՝ բացառել բեռնափոխադրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումը։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը։ Փաստացի ոչինչ։ Խոսվում է «բարձր մակարդակով բանակցությունների» մասին, բայց իրական լուծում չկա։ Վարորդները շարունակում են հայտնվել «սև ցուցակներում», բեռնատարները շարունակում են կուտակվել սահմանին, իսկ Հայաստանի տնտեսությունը՝ կորցնել վստահելի գործընկերոջ համբավը։

Այս ամենը ցույց է տալիս, որ բեռնափոխադրողների ճգնաժամը վաղուց այլևս ոլորտային հարց չէ։ Դա դարձել է պետական կառավարման ունակության փորձաքար։ Իսկ այս փորձաքարը, ցավոք, արձանագրում է անգործունակություն, անկազմակերպվածություն և ոչ կոմպետենտություն։

Այնպես որ, մինչ իշխանությունը զբաղված է քաղաքական շոուներով ու ցուցադրական ձերբակալություններով, իրական տնտեսությունն ու հազարավոր ընտանիքների գոյությունն է վտանգի տակ։ Սա է մեր երկրի իրական դեմքը այս իշխանության օրոք։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ