Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Քանի դեռ ուշ չէ

Քանի դեռ ուշ չէ
28.12.2024 | 22:47

Նոր Տարվան մնացել էին հաշված ժամեր, բայց քաղաքը դեռ եռուզեռի մեջ էր։ Մարդիկ շտապում էին ավարտին հասցնել բոլոր գործերը և, ուրախ-զվարթ ճանապարհելով հին տարին, դիմավորել Նոր Տարին։ Բոլորն էլ ձգտում էին դիմավորել շատ ուրախ և զվարթ, ճոխ և հանդիսավոր, որպեսզի գալիք տարին նույնքան ուրախ և բարեբեր լինի։

Արտակի ընտանիքը ևս շտապում էր վերջացնել բոլոր գործերը և գեղեցիկ ու լուսավոր սենյակում, ճոխ և ճաշակով զարդարված սեղանի շուրջ դիմավորել Նոր Տարին։ Սպասում էին հյուրերին, որոնք ուր որ է պետք է արդեն ժամանեին։ Գրեթե ամեն ինչ պատրաստ էր, տոնածառը փայլփլում էր մի անասելի գեղեցկությամբ և սենյակը լցնում հեքիաթային մթնոլորտով։ Արտակի կինը և որդին տոնածառի շուրջը պտտվելով՝ դեռ զարդարում էին այն, փոքրիկ Տիգրանը չէր դադարում հրճվել նոր խաղալիքներով և ամենաշատը՝ գնացքով, որը պտտվում էր տոնածառի տակ և սուլում, և հենց այդ սուլոցը հանկարծ Արտակին կտրեց իրականությունից և տարավ անցյալ…

Ահա նա տեսավ, թե ինչպես այս նույն սենյակում ինքը գրեթե իր որդու տարիքին է, գեղեցկուհի մայրիկը ճիշտ իր կնոջ նման տոնածառն է զարդարում, իսկ հայրը, հոգնած նստած բազմոցին, ժպիտալով նայում է կնոջն ու որդուն։ 12-ի զանգերը խփելուն պես, հայրը դուրս եկավ և վերադաձավ մի մեծ տուփ ձեռքին։ Արտակը իսկույն հասկացավ, որ դա իր նվերն է և ուրախությունից քիչ էր մնում խելագարվեր, երբ բացեց տուփը և տեսավ այն գնացքը, որ վաճառվում էր այն մեծ և լուսավոր խանութում, որտեղ գնացել էին ձմեռային կոշիկներ գնելու։ Բայց քանի որ այն շատ թանկ էր և իր ծնողները չէին կարող այն գնել, այդ իսկ պատճառով նա անգամ չխնդրեց, որ ծնողները գնեն իրեն, բայց հրաշագործ ձմեռ պապիկի նամակի մեջ հենց այդ գնացքից էր խնդրել։ Եվ ահա պարզվում է՝ իսկական հրաշագործը իր հայրիկն է։

Նա ուրախությունից թռչկոտում էր, համբուրում մեկ հայրիկին, մեկ մայրիկին և բացականչում, որ աշխարհի չափ սիրում է նրանց։ Հետո իհարկե Արտակը հասկացավ, որ հայրը գնացքը գնել էր այն գումարով, որով պետք է իրեն ձմեռային կոշիկներ գներ և ողջ ձմռանը մնաց իր հին կոշիկներով և ամեն օր տուն էր վերադառնում ոտքերը կարմրած ու ցրտահարված։ Եվ Արտակը ամեն անգամ խղճի խայթով էր նայում այդ ամենին և մտքում երդվում, որ երբ մեծանա, անպայման վարձահատույց կլինի ծնողներին…

Եվ ի՞նչ, եղա՞վ վարձահատույց…

Անցան տարիներ։ Արտակին ծնողները լավ ուսման տվեցին, որպեսզի իրենց նման ծանր աշխատանքով չվաստակի իր գումարը և նա, լինելով աշխատասեր և խոհեմ երիդասարդ, շատ լավ մասնագետ դարձավ և սկսեց օր-օրի բարձրանալ պաշտոնով։ Քանի դեռ տարված էր իր կարիերայի մոլուցքով, գրեթե մոռացել էր ծնողների մասին, ճիշտ է, միասին էին ապրում, բայց միշտ Արտակը տուն էր գալիս շատ ուշ և հոգնած, ուժ չուներ անգամ զրուցելու, իսկ ծնողները միչև ուշ գիշեր նստած իրեն էին սպասում և քնում էին միայն այն ժամանակ, երբ ինքը տուն կվերադառնար։

Հետո սիրահարվեց, ամուսնացավ և դարձյալ ծնողները հետին պլանում էին։ Կինն էլ հարուստ ընտանիքից էր և այնքան էլ ծնողների հետ չէր հաշտվում, միշտ բողոքում էր նրանց՝ այս կամ այն սխալ արարքի համար։ Դե, իսկ ինքը փորձում էր ընտանիքում համերաշխություն լինի, բայց սեր և ջերմություն չկար…

Հետո, երբ հանկարծ հիվանդացավ մայրը, Արտակի համար ասես աշխարհը շուռ գար։ Դիմեց ամենալավ բժիշկներին, բայց, ցավոք, նրանք անզոր գտնվեցին նրան փրկել։ Սակայն ամենացավալին այն էր, որ նա անգամ այդ ժամանակ չկարողացավ որքան հնարավոր է շատ լինել Մոր կողքին, նրան տալ իր սրտի սերն ու ջերմությունը։

Մոր մահից հետո հայրը լրիվ խեղճացավ։ Կինը սկսեց ավելի շատ բողոքել և խորհուրդ տալ, որ պապիկին լավ կլինի տանեն հատուկ հաստատություն, որտեղ տարեցների հանդեպ հատուկ խնամք կա, բացի այդ, այնտեղ շատ կան հասակակիցներ և պապին իրեն այտեղ շատ ավելի լավ կզգա։

Սկզբից Արտակը լսել անգամ չէր ուզում, բայց երբ հայրը խնդրեց, որ տանի հարսի ասած հաստատությունը, Արտակը ստիպված եղավ կատարել հոր խնդրանքը։ Սկզբից հաճախ էր այցելում հորը, միասին գնում էին գերեզմանոց՝ մոր շիրիմին, և դա միակ վայրն էր, որ հայրը ցանկանում էր գնալ և իրեն մի տեսակ հանգիստ էր զգում։ Բայց հետո կամաց-կամաց, էլի տարվելով գործերով, սկսեց ավելի ու ավելի հազվադեպ այցելել հորը։ Վերջին անգամ մոտ երկու ամիս առաջ էր այցելել և հայրը նրան շատ ընկճված և տխուր թվաց, հատկապես՝ հրաժեշտ տալուց։ Անգամ արցունքներ տեսավ նրա բարի և խոր աչքերի մեջ...

Արտակը սուր ցավ զգաց սրտի մեջ, ամաչեց և զղջաց իր արածների համար։ Նա ասես ցնորված լիներ, մանկության դրվագները կադր առ կադր նրա աչքի առաջ էին գալիս, և նա չէր կարող հավատալ, որ ինքը թույլ է տվել հորը լքել իր իսկ տունը, իր հարազատներին և իր ծերությունն անցակացնում է օտար վայրում և օտար մարդկանց հետ։

Նա տեղից վեր թռավ, և հենց այդ պահին տղան վազեց նրա մոտ և գիրկը ընկնելով՝ ասաց. «Հայրի՛կ, դու ամենալավ հայրիկն ես, ես քեզ շա՜տ եմ սիրում»։ Արտակը գրկեց որդուն և շշնջաց. «Գուցե և ամենալավ հայրիկն եմ, ցավոք, ոչ ամենալավ որդին։ Բայց դեռ ուշ չէ, ես կարող եմ ուղղել սխալս»։ Եվ աչքերից երկու խոշոր արցունքներ գլորվեցին ցած։

Արտակը վերցրեց վերարկուն և շտապեց դուրս գալ տնից և զարմացած կնոջ հարցին, թե՝ «ՈՒ՞ր է գնում, ախր շատ քիչ ժամանակ է մնացել 12-ին և հյուրերն էլ ուր որ է կգան», Արտակը պատասխանեց, որ գնում է ամենակարևոր հյուրի հետևից։ Մինչ կինը զարմացած նայում էր նրան՝ ոչինչ չհասկանալով նրա ասածից, Արտակը շրջվեց և ավելացրեց. «Ես հայրիկի հետևից եմ գնում։ Հայրս այսուհետ մեզ հետ է ապրելու և նրա ամեն մի օրը պետք է անցնի սիրո և հոգտարության մեջ։ Փառք Աստծո, որ դեռ ուշ չէ և կարող եմ սխալներս ուղղել»։ Ասաց և շտապ դուրս եկավ, իսկ կինը հասկացավ, որ լավ է նրա հետ չհակաճառել և սիրով ընդունել սկերսայրին, որպեսզի ընտանիքում խնդիրներ չլինեն։

Արտակը երբ հասավ ծերանոց, ժամը արդեն 11-էր, աշխատակցուհուց իմանալով, որ բոլորը ճաշարանում են, շտապեց այնտեղ, որպեսզի րոպե առաջ գրկի հորը և սեղմի կրծքին։ Մի այնպիսի սեր ու կարոտ էր զգում, որ ասելու չէ։ Սիրտը բախբախում էր կատաղի, և միջանցքը անվերջանալի էր թվում։ Վերջապես նա մտավ ճաշարան և աչքերով սկսեց որոնել հորը, բայց նրանց մեջ հայրը չկար։ Արտակի սիրտը վախից կծվեց. ու՞ր է հայրս, մի՞թե վատառողջ է կա՞մ…

Եվ գրեթե գոռալով հարցրեց իրեն մոտեցող աշխատակցուհուն, թե որտե՞ղ է հայրը։ Աշխատակցուհին ասաց, որ հայրը փոքր-ինչ տկար էր և խնդրեց թողնել իրեն սենյակում մենակ։

Արտակը, վազեց դեպի հոր սենյակը, ասես մի ողջ հավերժություն լիներ միչև հասավ, և ահա բացեց դուռը։ Հայրը նստած իրենց ընտանեկան ալբոմն էր նայում և աչքերից արցունքներն էին թափվում, և ահա նրանց հայացքները հանդիպեցին…

Արտակը նետվեց հոր գիրկը, ճիշտ այնպես, ինչպես մանուկ ժամանակ, սկսեց համբուրել ձեռքերը, աչքերը և շշնջալ. «Ներիր ինձ, հայրիկ, ներիր, ես լավ որդի չեմ եղել, բայց փա՜ռք Աստծո, ուշ չէ, և ես կուղղեմ իմ սխալը։ Գնացինք հայրիկ, գնացինք տուն, 12-ին հաշված րոպեներ են մնացել»։

Հայրը նույնպես արտասվում էր և գրկելով որդուն՝ ասաց. «Ես գիտեի, որ դու կգաս, ես քեզ սպասում էի… Ապրես, որդիս, շատ ապրես, ես գիտեի, որ դու կգաս։ Դու հրաշալի որդի ես, դու ինձ հիշեցիր, ես քեզ սպասում էի… »։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4081

Մեկնաբանություններ