ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Իմ «պիչմենթը» քո «պիչմենթը» չի

Իմ «պիչմենթը» քո «պիչմենթը» չի
04.05.2025 | 10:41

Ա) Ի՞նչ է պետք իմպիչմենթով արդյունքի հասնելու համար. ԱԺ-ում ունենալ ձայների երաշխավորված մեծամասնություն՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնողին հեռացնելու հարցի քվեարկության ժամանակ:

Այստեղից էլ կարելի էր հետագա շարադրանքը դադարեցնել, քանի որ նման իրողություն առկա չէ: ՔՊ-ն ունի մեծամասնություն, այն կարող է նույնիսկ ընդդիմադիր խմբակցությունների ամբողջական բացակայության պայմաններում ընդունել օրենքներ, որոշումներ...

Բայց շարունակենք:

Բ) Իմպիչմենթի գործընթացն սկսելով, հնարավո՞ր է ստանալ ներազդման այնպիսի հնարավորություններ, որ ՔՊ-ից մինիմում մի 20 ուսապարկ դավաճանի դավաճանին ու անցնի ընդդիմության կամ՝ պատկերավոր ասած՝ «ժողովրդի կողմը»:

Տեսականորեն՝ այո, գործնականում դրա իրականացման ռեալ հնարավորությունները մշուշոտ են (մեղմ ասած):

Նախադրյալներից մեկը այն է, որ փողոցում լինի քպ-ականների վրա ճնշում բանեցնող 1 միլիոն մարդ, լավ, ասենք՝ 300 հազար, լավ՝ 200 հազար մարդ, կամ էլ քպ-ականները լինեն քաղաքական-հոգեբանական պատանդի վիճակում:

Կներեք, դա իրատեսական չէ: Բոլոր, մինչ այժմ եղած շարժումները առավելագույնը 100 հազար են հավաքել, այն էլ՝ իրենց պիկին (ասենք՝ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը՝ մայիսի 9-ին:

Գ) Հատկանշական պահ. նույնիկ ՔՊ-ից խայտառակ ու վիրավորական եղանակով ռադ արված երկու տարեց դեպուտատները շարունակում են քվեարկել... քպ-ին համահունչ: Սա այն մոլորեցնող թեզերի կապակցությամբ, թե մի 20 քպ-ականի իրենցով անելը «սթից բան է»:

Դ) Մեկ այլ հատկանշական դիտարկում՝ հանրային տրամադրությունների հետ կապված: Մասիվի վարչական շրջանի աշխատակազմի շենքում տեղի ունեցած բացառիկ խուլիգանությունից հետո «մասիվցիների» բազմություններ չշրջապատեցին «թաղապետարանի» շենքը, Ավինյանի պաշտոնյա «թաղապետից» չպահանջեցին փասափուսեն հավաքել ու հեռանալ: Սա՝ ի միջի այլոց կամ հընթացս դիտարկում, ինչպես սիրում եմ ասել:

Ի դեպ, հարկերի դեմ բողոքի ակցիաները՝ ներգրավեցին միայն տվյալ պահին դրանով հետաքրքրվածները:

Ի դեպ, անխտիր բոլորին վերաբերվող հանրային տրանսպորտի ուղեվարձի կտրուկ թանկացումը. ու՞ր է համաժողովրդական բողոքն ու ընդվզումը...

Անգամ կազմակերպելու պայմաններում, բողոքը բացարձակ համատարած բնույթ չկրեց...

Ե) Ի՞նչ ունենք. երկու քաղաքացի հանդես են եկել իմպիչմենտի նախաձեռնությամբ:

Նախաձեռնությունը ներկայացնելուց անմիջապես հետո, համակարգված կերպով սկսվել է իսկապես նիկոլական (գեբելսյան) մեթոդներով ագրեսիվ ու կեղտոտ հակաքարոզչական արշավ (արշավանք) կոնկրետ 1 ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի դեմ: Հա, ձեռքի հետ «Պատիվ ունեմ»-ին էլ են կպնում, բայց դա էնպես, մեկումեջ:

Սա հիմք է տալիս առնվազն ենթադրելու, որ նախաձեռնության կամ նախաձեռնողների իրական նպատակը ոչ մի իմպիչմենթ էլ չի, այլ կոնկրետ «խանգարող» ընդդիմադիր ուժին թիրախավորելը, հանրությանը մոլորությունների մեջ գցելը, թե՝ «...տեսե՜ք, նրանք չեեեեն ուզում որ նիկոլը հեռանա....» ու նման այլ ցնդաբանություններ: Դե, որքան ահավոր է սուտը, այնքան հեշտ դրան կհավատան (հին, փորձված, փորձարկված գեբելսյան մեթոդ է):

Հա ու ոմանք այնքան են բորբոքվել, որ անցել են ճղճիմ վիրավորանքների: Ես դեռ չեմ խոսում զզվելի շանտաժիստական ձևակերպումների, պիտակավորումների մասին:

ՈՒ այս ամենը մի հարցի հետ կապված, որը պահանջում է սառը հաշվարկ, քաղաքական ինտելեկտ, չոր աշխատանք:

Զ) Լավ, ի՞նչ են ասում ընդդիմություն «քլնգողները»: Իրենց ասելով, ստացվում է, որ երկրում «չուծ լի» «հեղափոխական իրավիճակ է», ըստ որում՝ փողոցներ են ելել արդեն հարյուր հազարավոր զանգվածներ, ԱԺ-ն ու կառավարության շենքերն արդեն շրջապատված են, և մնում է միայն, որ խորհրդարանական ընդդիմությունն էլ միանա, որ ատելի նիկոլին հեռացնեն, էն էլ... չեն միանում (չնայած իրականում «Հայաստան» խմբակցությունկը հայտարարեց, որ եթե նախաձեռնողները բերեն 8 ստորագրություն, ապա իրենց 28 ձայները կարող են համարել ստացած):

Այսինքն, և սա էական պահ է, ըստ նախաձեռնողների և ընդդիմություն քլնգողների նկարագրածի, այնպիսի մի իրավիճակ է, որ էլ դու՝ սուս...

Հարց է ծագում. Է՜հ, եղբարք, եթե իսկապես նման իրավիճակ է, ամենակարևորը՝ նման տրամադրություններ են, էլ ձեր ինչի՞ն են պետք իմպիչմենթ-միմպիչմենթի ձևական պրոցեդուրաները, ինչ-որ ընդդիմության ձայները, և այլն: Էն հրապարակը, էն պայքարի վեր ընկած դրոշը, էն՝ դուք, վերցրեք և առաջնորդեք հեղափոխական զանգվածաներին, ո՞րն է խնդիրը... Բարձրախո՞ս չկա, թե՞ հարթակ չկա:

Եթե դուք այնքան հզոր եք, որ «կակոյ-նիբուձ» 15-20, անգամ՝ 25 «ուսապարկ» նիկոլի տակից մատերի մի չրթոցով կարող եք հանել, էլ ձեր ինչի՞ն են պետք ինչ-որ իմպիչմենթեր...

Մի մեկնաբան էլ ելել, ասում է՝ «Աստված չանի, որ բանը հասնի 26 թվի ԱԺ ընտրություններին...»: Յանմ էդ՝ խի՞ որ: Էդ ի՞նչ ա եղել էս ամեն ինչից հետո, որ եթե հիմա էլ բանը 26 թվի ընտրություններին հասնի, ուրեմն՝ վերջ, քաշվանք...

Լսեք, հարգարժաններ ջան, ուրեմն, եթե չեք ուզում ընտրություններ, ապա մյուս տարբերակը ապստամբությունն է: Դուք այն գլխավորո՞ւմ եք: Ո՛չ: Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը: Մնում են ընտրությունները: ՈՒ դրանից առաջ, ձեր հիմնական խնդիրը... ընդդիմադիրներին քլնգելն է: Այնքան բնութագրական է, որ հավելյալ հիմնավորումներ պետք չեն:

Հա, ընդդիմությունը «սուրբ կով» չի, անքննադատելի չի, էլի: Բայց ձեր արածը, կներեք, քննադատություն չի, չուզողություն ու թշնամություն է, մի հատ էլ՝ կներեք:

Տեսեք-տեսեք՝ պատասխանատվություն բառից նեղսրտել են (էն որ շատ տրամաբանական բան է ասվել այդ գործընթացի քաղաքական պատասխանատվության վերաբերյալ):

Չէ, ես հասկանում եմ, որ «նիկոլի թվի Հայաստանում» ամեն ինչ է աննորմալության մեջ ընկղմվել, բայց...

Քաղաքականությունը, այնուամենայնիվ, ավելի շատ պատասխանատվություն է ենթադրում, քան արկածախնդրություն:

Քաղաքականությունը հաշվարկ է պահանջում, այլ ոչ թե խելացնորություն:

Հա, «խառնակչությունը» (մուտիլովկան) նույնպես քաղաքականության մեջ կիրառվում է: Բայց եկեք էդ անհարգելի «գործը» թողեք նիկոլին ու քպ-ին:

Հուսով եմ, էս թեմային էլ չեմ վերադառնա:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ