ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Կյանքը շարունակվում է երեկ կիսատ թողած տեղից

Կյանքը շարունակվում է երեկ կիսատ թողած տեղից
29.09.2023 | 23:06

Եթե առավոտը ժամը վեցի կողմերը բաց պատուհանից լսում ես կանգառին մոտեցող առաջին ավտոբուսի ձայնը, նշանակում է՝ գիշերը չես մեռել։ Առավոտ-շուտ ուղեղը մաքուր է, եթե, իհարկե, գիշերը քնել ես։ Դու քեզնից մի քիչ շուտ ես արթնանում՝ արթնացել ես, բայց երեկվա դու-ն դեռ չի արթնացել՝ իր հոգսերով, վախերով, վշտերով, ու թվում է, թե նոր ես ծնվել։

Հետո՝ առաջին ծխախոտը վառելիս, աչքդ ընկնում է լիքը մոխրամանին, ու հիշում ես, որ դժվար ես քնել։ Դրանից ուղեղդ թեթևակի ցնցում է ապրում ու սկսում է լիցքավորվել քո անխուսափելի պարունակությամբ՝ անուն-ազգանուն, տարիք, քաշ․․․ Հետո ուղեղիդ մութ ծերպերից դուրս են սողոսկում հոգսերը, վիրավորանքները, հուսահատությունները, ու դու դառնում ես երեկվա շարունակությունը։

Ու հասկանում ես՝ էն, որ քիչ առաջ քեզ թվում էր, թե կյանքը սկսվում է, խաբկանք էր, ոչ մի բան էլ չի սկսվում, կյանքը շարունակվում է երեկ կիսատ թողած տեղից։

Կյանքը հնարավոր չի մաքրել, ինչպես խցանված խողովակն են մաքրում։ Տարիների ընթացքում վերքերից ու կոշտուկներից գոյացած կարծր նստվածքը հաստ շերտով նստում է կյանքի պատերին, ու գալիս է ժամանակ, երբ դու մի կերպ սողոսկում ես համարյա խցանված խողովակի նեղ անցքով․․․ դեպի ու՞ր՝ ինքդ էլ չգիտես։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5349

Մեկնաբանություններ