Տնտեսական հզորությունը, լինելով շատ կարևոր եզակի հիմք որևէ երկրի աշխարհաքաղաքական հզորության և նրա ազդեցիկ լինելու համար, ինքնին, առանց նպատակային ձևով ռազմական բնույթի ուժի վերածվելու աշխարհի կառավարման լուրջ գործերին մասնակցել չի կարող։
Ներկայում ասվածի վառ օրինակը ԵՄ-ն է, իսկ նրա անզոր լինելու ապացույցը՝ Ուկրաինայի հարցով Թրամփի և Պուտինի առաջիկա գագաթնաժողով-հանդիպումը՝ առանց ԵՄ-ի և Ուկրաինայի։
Եվ հակառակը, համեմատաբար փոքր էկոնոմիկան, նպատակային ձևով ռազմական ուժ ունենալով, կարող է մասնակցել աշխարհի կառավարման գործերին։
Այս դեպքի լավագույն օրինակն էլ Ռուսաստանն է, որը ելցինյան ժամանակների ծայրահեղ թույլ վիճակից, սիստեմատիկաբար և անշեղորեն ռազմական ուժ ձեռք բերելով, այսօր աշխարհի երեք ազդեցիկ հզորություններից մեկն է։
Այս իմաստով շատ կարևոր օրինակ է նաև Հյուսիսային Կորեան, իր թույլ էկոնոմիկայով, բայց ատոմային զենքով և համեմատաբար մեծ ազդեցիկությամբ ու ուրիշներից չվախենալով։
Նորից ու նորից՝ աշխարհը ուժն ու միտքն են ղեկավարում և, նույնիսկ, եթե չափից դուրս մեծ ուժ ունես, երբեմն խելքն էլ պետք չի։
Ուժ չունենալու դեպքում էլ, եթե խելք ունես, էլի հնարավոր է ինչ-որ բան անել։
Չէ՞ որ, և՛ ցարական Ռուսաստանի, և՛ Խորհրդային Միության պայմաններում առանց ուժի ու ազդեցիկության ապրել և զարգացել ենք։
Եվ ոչ միայն ապրել ու զարգացել ենք, այլև անցյալ դարի 70-80-ականներին ունեցել ենք վերջին հազարամյակում մեր քաղաքակրթական հզորության պիկը։
Իսկ երբ ո՛չ ուժ ունես, ո՛չ էլ էֆեկտիվ ինքնակառավարման համար անհրաժեշտ միտք, բնականաբար, քո հարցերը լուծում են նրանք, ովքեր դա ունեն և այստեղ էլ զարմանալու բան չկա։
Չէ՞ որ, հակառակը պարզապես լինել չի կարող։
Իսկ մեզնում շատ տարածված են այն դեպքերը, երբ անձ կամ փոքրիկ խումբ մակարդակով, առանց ուժի, գիտելիքի, ինֆորմացիայի ու առանց դադարի աջ ու ձախ պայքարի կոչեր են հնչում, և այդպես անկախության ամբողջ ընթացքում ու առանց որևէ ազդեցության այն պրոցեսների վրա, որի մասին կոչեր են հնչում։
Այսինքն, մի ամբողջ հասարակություն իր կյանքի մի զգալի մասը հատկացնում է մի գործունեության, որը լիներ, թե չլիներ, երկիրը գնալու էր ուրիշների կողմից որոշվող իր ընթացքով։
Մի երևույթ, որը տևական անիմաստության հոսք է ժամանակի մեջ ու նման է պարադոքսի, մեկ էլ մտածում ես, որ մարդը նույն անիրագործելի կոչի հարյուրերորդ կամ հազարերորդ կրկնությունը անում է այն պատճառով, որ այն դարձել է իր կյանքի իմաստը, իսկ առանց իմաստի կյանք չի լինում։
Սա լիարյուն կյանքի անհնարին լինելու դեպքում դրա իմիտացիայի մեծ պրոբլեմի մի փոքր մասն է միայն՝ տվյալ դեպքում գործ ունենալով կյանքի համար բնական գոյապայքարի իմիտացիայի հետ։
Պավել Բարսեղյան