Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը ավարտվել է առանց ՈՒկրաինայում հրադադարի համաձայնագրի կնքման։ Թրամփը հայտարարել է, որ հիմա «ամեն ինչ կախված է Զելենսկուց»։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները համաձայնել են շուտով կրկին հանդիպել։ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա։               
 

«Սպիտակ լեռը»

«Սպիտակ լեռը»
15.08.2025 | 19:38

Այսօր վրեժի ու մաքառման Երգչի, համաշխարհային պոեզիայի անդաստանում նմանը չունեցող Միակի, Անկրկնելիի, «Սպիտակ լեռան»` Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան) ծննդյան օրն է:

Ծնվել է 1878 թ. օգոստոսի 15-ին Ակնում` բանաստեղծների հայրենիքում:

Սիամանթոն կդառնար 147 տարեկան...

ՊԱՏԻ՛Վ ԸՆԵՆՔ ՎՍԵՄԱԿԱՆ ՔԵՐԹՈՂԻՆ, ՈՐԻ ՀՈԳԻՆ «ՇՔԵՂՈՐԵՆ ՑԵՂԻՆ ՀՈԳԻՆ ԷՐ» …

Բանաստեղծի քույրը, հենվելով մոր վկայության վրա, պատմել է, թե նրա անունը եղել է Աստվածատուր, հետո մայրը նրան վերանվանել է Ասատուր: Սիամանթոն էլ իր հերթին անունը փոխել, դարձրել է Ատոմ:

Ահա թե ինչպես է մեծատաղանդ բանաստեղծ Դ. Վարուժանը բնութագրում իր գրչակից ընկերոջը. «Արիանայի հոյակապ թանգարանին բարձունքն էինք: Հոն, հորիզոնին վրա վեր կը կարկառվեր ՍՊԻՏԱԿ ԼԵՌԸ: Քովս էր Յարճանյան նույն գեղակարկառ հասակով: Որչա՜փ այդ քերթողը նման էր այդ լերան, երկուքն ալ սպիտակ, աստեղահուպ, երկուքն ալ խորունկ ու մրրկոտ սիրտերով:

Ուրկե՞ կուգար Յարճանյան, այդ «սպիտակ տղան» ի՛ր բառերով, Արաբական փրփրերախ նժույգ մը և կարապ մըն էր միանգամայն»:

20-րդ դարասկզբի արևմտահայ խոշորագույն գրողը` Սիամանթոն, կրթություն ստանալով եվրոպական քաղաքներում, լայնորեն ուսումնասիրել է համաշխարհային հին ու նոր գրականությունները, փիլիսոփայական ուսմունքները, ժամանակի գրական հոսանքները, արվեստները` բոլորովին նոր հայացք ձևավորելով հայ մշակույթի և գրականության հեռանկարի ու զարգացման ուղիների վերաբերյալ: Նա քաղաքական-հասարակական պոեզիան հասցրել է գեղարվեստական բարձր մակարդակի:

Դիմելով ինչպես հայ, այնպես էլ եվրոպական նոր ու նորագույն հեղինակներին` Վ. Հյուգոյին, Մ. Մետերլինկին, Է. Վերհարնին, Լըկոնտ դը Լիլին և այլոց` Սիամանթոն ձգտել է բարձրացնել հայ բանաստեղծությունը, ազգային նոր կյանքի ու հոգեբանության արտացոլման, ազգային կենսունակ ավանդների զարգացման միջոցով ձև տալ նոր պոետիկայի:

Պոեզիայի Քուրմը ծնվել էր սիրո, գեղեցկության, կյանքի համար, բայց դարձել էր կոտորածի, արյան, արցունքի երգիչ.

Մոռացումներու մոխիրին մեջն է որ զքեզ պատանքեցի,

Ո՜վ երկբայելի, եսանվեր ու սնոտի Սեր,

Եվ չի հաճեցա հյուսել խարտյաշ եղեգներեն ո՛չ դափնի և ո՛չ պսակ,

Ու ո՜չ ալ դողդոջ երգ մը, քեզի համար, իմ ազատածուփ քնարես…

(«Արյուն է, որ կտեսնեմ»)

Ինչպես հայտնի է, 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության և հայրենական հողի պահպանության խնդիրը խոր ազդեցություն է թողել Սիամանթոյի վրա: Ազգային ճակատագիրը և ժողովրդի քաղաքական ողբերգությունը դարձել էին նրա խոհերի, մտորումների, ստեղծագործությունների առանցքը:

Բանաստեղծի հոգեկան աշխարհի ամեն մի ծալք, ամեն մի անկյուն բռնված էր ժողովրդական ողբերգությամբ, քաղաքական դրամայով.

«Ու կը մտնե ան հայ բանաստեղծության ասպարեզը` այն օրերուն մեջ, ուր հայ տառապանքը իր գագաթնակետին հասեր էր: Վիշտն ու պայքարը միասին ու զուգահեռ կ’ակոսեին հայրենի հողը, հայ կյանքը ու ժնևը, ուր կ’ապրեր Յարճանյան» (Դանիել Վարուժան «Յարճանյանի քերթողությունը»):

Եվ բոլորովին էլ պատահական չէր, որ Սիամանթոն` այդ «հսկայաձև Ռահվիրան», առաջին գիրքը` «Դյուցազնորենը» (1901 թ.), սկսում է «ՀՈՒՅՍԻՆ ՃԱՄՓԱՆ» բանաստեղծությամբ:

Ըստ ամենայնի բնորոշ էր, որ հուսալքության շրջանում բանաստեղծը սկսեց հույսից. «Սիամանթոն եկավ և որոշ, հստակ, տեսանելի դարձրեց այդ հույսը: Հույսը` մեծատառով: … Լսվում է ժողովրդի դարավոր ձայնը» (Հր. Թամրազյան «Սիամանթո»): Ներհուն, բացառիկ էներգիայով լի բանաստեղծը ձգտեց մարդկանց տալ կենսական ուժ, հույսի հորիզոններ, պայքարի հրավեր, հայրենի հողի գաղափար, մարտնչող հերոսներ, տոգորել անմնացորդ հայրենասիրությամբ ու մարդասիրությամբ. «Հայորդիները դյուցազնորեն կռվեր էին, տարեր էին հաղթանակներ` մաքրելով հայ հոգին ստրկության թույնեն և Ցեղին ճակատը վատության խորանեն: … Իբրև միստիք, Սիամանթո գրեց Հեղափոխության Նարեկը և Հովհաննու Հայտնությունը»: (Դանիել Վարուժան «Յարճանյանի քերթողությունը»):

Եվ, ի վերջո, Սիամանթոն բարձրացնում էր գեղեցկության և մարդկային անաղարտության խնդիրը: Մեծ քնարերգուն Նարեկացու պես երազում էր կատարյալ կյանք և մարդու աստվածացում:

… Եվ եթե կ’ուզեք, որ ձեր վաղնջական ազգը դեռ տևէ,

Եթե կ’ուզեք, որ երկիրը անգամ մըն ալ ինքն իր մեջը չի քանդվի,

Եթե կ’ուզեք, որ ազատության հերոսները իմ կողերես նորեն ծնին, …

Եթե կ’ուզեք որ աղբյուրներս երազներու պես ճառագայթեն…

Եթե կ’ուզեք, որ ձեր Վրեժը լուծվի և ձեր Ատելությունը հափրանա…

Ինծի հասե՛ք այն ատեն, մոլեգնաբար և գունդ առ գունդ …

(«ՀՈՂԻՆ ՁԱՅՆԸ»)

…Եվ եղբայրներս են, որ կձայնեն: «Գթությունը մենք չե՛նք

ճանչնար, միայն վրեժն է ճշմարիտ»:

Ձեզի՜ փառքը, ձե՜զ ապագան, ձեզ՜ պատմությունը ոսկետառ,

Տասը տարվան արյունը ունինք մեր ցավին քով ծովատարած,

Եվ այսօր է, որ սրբեցինք մեր ճակատին մուրն ստրկության,

Արշալույսներ պիտի ծնին, ծաղկաստաննե՜ր, ձեր ճակատները պսակող…

Եվ հայրենիքն ահավասի՛կ ձեզի ղրկեց իր չորս ծայրեն իր զավակները զինավառ,

Հարվածեցե՛ք, հարվածեցե՛ք, մինչև որ արդարությունը ձեզ բոլորիդ համբուրե»…

(«ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ»)

... Ցեղը ապրի՜լ կ’ուզեր, իր շղթաները իր ոտքերուն տակ թափե՜լ կ’ուզեր,

Որովհետև ի՛նքն ալ նախահայր էր և գեղեցկության և զգացումի՛

և ազգերո՛ւ,

Որովհետև հպարտ էր իր անցյալե՛ն, իր մտածումե՛ն, իր

ուժե՛ն, և իր կարմիր փառքեն,

Որովհետև ինքն ա՛լ իր ոսկի ձայնը ունեցած էր հնօրյա

մարդկության մրրիկին մեջ…

Որովհետև ինքն ա՛լ երգած էր, ինքն ալ հաղթած, ինքն ա՛լ

ճարտարակերտած և ոստաններ կառուցած…

Ինքն ալ եղած էր ջահակի՛ր, սերմնացան, գաղափարապա՛շտ և արքա՛, և դյուցազո՛ւն:

Եվ վերստին ապրի՜լ կ’ուզեր, գեղեցկանալ և իրականանալ

կ’ուզեր, կյա՜նք կ’ուզեր հափշտակել, կյա՜նք, կյա՜նք…

(«ՈՐԲԵՐՈՒ ՃԱԿԱՏԱԳՐԵՆ»)

Նառա ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ