Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԼՅՈՒԲԻՄՉԻԿՆԵՐ» ՉՈՒՆԻ»

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ «ԼՅՈՒԲԻՄՉԻԿՆԵՐ» ՉՈՒՆԻ»
25.10.2011 | 00:00

ՀԱԿ-ի վերջին գործողությունները, մասնավորապես, մեկշաբաթյա հանրահավաքային ակցիան, ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, այլև, որոշ լուրերի համաձայն, կոնգրեսականների մի մասն անարդյունավետ են համարում: Ընդդիմության ներսում առկա տրամադրությունների և մարտավարական խնդիրների շուրջ զրուցում ենք ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:
-Ինչ նպատակ հետապնդում էինք այդ ութօրյա հանրահավաքով, լիովին իրականացրինք,-զրույցի սկզբում արձանագրեց տիկին Սարգսյանը:- Դա ստուգարք էր ՀԱԿ-ի կուսակցությունների և ժողովրդի համար: Հասկացանք, որ, այո, գնում ենք ճիշտ ճանապարհով, ունենք համակիրների կայուն բանակ, որը մոտ ապագայում կակտիվանա: Միանշանակ միջոցառումն արդյունավետ էր, քանի որ Հայաստանում երբեք չի եղել, որ ութ օր շարունակ այդքան մարդ հանրահավաք անցկացնի ու որևիցե միջադեպ, բախում ոստիկանների հետ տեղի չունենան: Սա պայմանավորված էր ոստիկանների տրամադրվածությամբ, սակայն ավելի շատ ժողովրդի կազմակերպվածության, կարգապահության մասին է վկայում: Կա մի թիմ, որը շատ լավ գիտի իր առաքելությունը, կարող է կազմակերպել երկարատև միջոցառումներ ու ենթարկվել «գերագույն հրամանատարի»՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀԱԿ-ի քաղխորհրդի, շտաբի կարգադրություններին ու որոշումներին: Ակնհայտ դարձավ, որ այսպիսի ճանապարհով կարող ենք հասնել արդյունքի: Անշուշտ, ելնելով ներքաղաքական վիճակից, արտաքին զարգացումներից, այս տարիներին փոխում ենք մեր մարտավարությունը: Արդեն չորս տարի է` այս թիմով պայքարում ենք, և ո՞վ է ասել, որ հերթական քայլը վերջինն է: Դա քայլ է վերջնական հանգրվանին հասնելու ճանապարհին:
-Այդուհանդերձ, ՀԱԿ-ում տարակարծություն չկա՞ առկա մարտավարության, մասնավորապես, վերջին գործողությունների առնչությամբ:
-Հարցը քննարկվել է քաղխորհրդում, ու բոլորը համակարծիք են՝ ակցիան արդյունավետ էր: Իհարկե, կան մարդիկ, ովքեր արագ արդյունք էին ակնկալում, մյուսներն էլ հասկանում են, որ սա վերջին քայլը չէր: Մեր թիմն ամուր է ու մտահոգություն չկա, որ ՀԱԿ-ից որևէ կուսակցություն կհեռանա: Մենք համախմբվել ենք երկրում օրինականություն հաստատելու, սահմանադրական կարգը վերականգնելու շուրջ, և այդ նպատակը դեռ իրականացված չէ, հետևաբար, մեր առաքելությունը շարունակվում է: Անհապաղ հրաժարականի պահանջն էլ մնում է օրակարգային առաջնային խնդիր:
-Խոսակցություններ կան, որ Ֆրանսիայի նախագահի այցի նախաշեմին կազմակերպված հանրահավաքը հիանալի նվեր էր իշխանություններին՝ «դրսի աչքում» ժողովրդավար երևալու առումով:
-Մեր ծրագրերը երբեք պայմանավորված չեն ինչ-որ այցելություններով: Շուրջօրյայի մասին որոշումը շատ ավելի վաղ էր կայացվել և որևէ կապ չուներ Սարկոզիի այցի հետ: Բայց եթե սրա արդյունքում մեր երկիրը դիտարկվում է փոքրիշատե ժողովրդավար, դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Հայաստանում ժողովրդավարություն տարածում է ՀԱԿ-ը՝ իր ողջախոհ քայլերով: Սա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանին մենք պաս ենք տալիս կամ հնարավորություն ենք ընձեռում իշխանությանը ժողովրդավար ներկայանալու: Մեր կարևորությունն այսօրվա քաղաքական դաշտում բացառիկ է, որովհետև չլիներ նման հզոր քաղաքական ուժ, կունենայինք շատ ավելի վատ իշխանություններ, շատ ավելի վատ վիճակում գտնվող երկիր: Բայց այն, ինչ ունենք, շատ հեռու է բավարար համարվելուց, քանի որ տնտեսությունը քայքայված է, ժողովուրդը` հիասթափված, արտագաղթն օր օրի մեծանում է, մարդիկ իշխանության հանդեպ ոչ մի հավատ չունեն:
-Կարծես` ընդդիմության հանդեպ էլ հավատը մեծ չէ, քանի որ հանրահավաքից հանրահավաք մարդկանց թիվը պակասում է:
-Մենք խնդիր չէինք դրել մարդկանց ներկայացվածությունը հասցնել պիկին: Այն կարող էր ինքնաբուխ լինել, սակայն մենք այդ ուղղությամբ աշխատանք չենք իրականացրել: Ցանկության դեպքում կարող էինք այնպես անել, որ քանակը կրկնակի, եռակի լիներ: Երկրորդեմ՝ սա մեր վերջին քայլը չէր: Ժողովրդի մեջ, բնականաբար, ժամանակ առ ժամանակ տրամադրությունների անկում լինում է, փորձում են վերանայել՝ արդյոք այս ճանապարհով կարո՞ղ ենք հասնել հաղթանակի, բայց, սահմանադրական ճանապարհից զատ, այլ ուղի չունենք, և այդ մարտավարությունը դեռ չի սպառել իրեն: Իսկ հավատի բացակայության պատճառը իշխանությունն է, ոչ թե ընդդիմությունը: Մենք ամեն ինչ անում ենք այդ հույսը վերադարձնելու համար: Հույսն արթնանում է այն ժամանակ, երբ դու ակտիվ պայքարի մեջ ես: Մտավախություն չկա, որ անհրաժեշտ պահին մարդկանց բավարար քանակ չի ապահովվի: Մինչև ժողովրդի հավատն իշխանության հանդեպ չվերականգնվի, ոչ մի լավ բան այս երկրում չի կարող լինել:
-Չնայած կոնգրեսն այսօր հրաժարականի պահանջ է առաջադրում, բայց դեպքերի ընթացքը, գործողությունների տրամաբանությունը հերթական խորհրդարանական ընտրությունների չե՞ն տանում:
-Բնականաբար, ժամանակն աստիճանաբար սպառվում է, սակայն ամեն ինչ անելու ենք, որ հրաժարականի գործընթացը մոտակա ամիսներին լուծենք, որովհետև հերթական ընտրությունները կլինեն սովորականի պես: Ժողովուրդը պիտի գիտակցի, որ ամեն մեկի մասնակցությունն այս գործընթացին անչափ կարևոր է: Մինչև յուրաքանչյուր անհատ իր կարևորությունը երկրի զարգացման մեջ չտեսնի, ոչինչ հնարավոր չի լինի փոխել: Այս գիտակցությունն ամեն օր փորձում ենք ամրապնդել: Վերջին տասը-տասներեք տարիներին ամեն ինչ արվել է, որ ժողովրդի դերակատարությունը զրոյականի հասցվի, ու հարցերը լուծվեն կաշառքի, բռնությունների միջոցով:
-Տեսակետ կա, որ կոնգրեսականներն էլ չեն հավատում արտահերթ նախագահական ընտրությունների, առավել ևս, հրաժարականի հավանականությանը, բայց հանրությանը հակառակն են փորձում ցույց տալ:
-Շատ բնական է, որ իշխանական հատվածն այս մասին պիտի խոսի ու ժողովրդի մեջ ապատիա առաջացնի ապագայի նկատմամբ, հույսը սպանի: Սա քարոզչական միջոց է, որով փորձ է արվում նսեմացնել այն քաղաքական ուժը, որը ժողովրդի մեջ մեծ կշիռ ունի: Շատ զարմացած եմ, որ մենք ներսում չենք նկատել այդպիսի տրամադրություններ, իսկ իշխանական հատվածը նման մտացածին եզրահանգումներ է անում:
-Ընդունված է ասել, որ ՀԱԿ-ը գոյատևում է Տեր-Պետրոսյանի գործոնի շնորհիվ: Եթե, այդուհանդերձ, ընդդիմության առաջնորդը որոշի հեռանալ այդ «պոստից», Ձեր շարքերում արդյոք կա՞ իրավահաջորդ, որն ի զորու է կանգուն պահելու ընդդիմադիր այդ կառույցը։
-Չեմ ուզում մտածել, որ Տեր-Պետրոսյանը մոտ ապագայում կհեռանա մեծ քաղաքականությունից, որովհետև նա շատ պատասխանատու մարդ է ու շատ լավ գիտի իր դերը այսօրվա քաղաքական իրողության մեջ: Այսօր Տեր-Պետրոսյանը կարողացել է միավորել տասնյոթ-տասնութ կուսակցություն ու կայուն պահել այդ թիմը: Դա բացառապես նրա շնորհքն է, ինչին օգնել են նաև մեր վճռականությունն ու հավատը նրա նկատմամբ: Իհարկե, հասկանալի է, որ գալու է պահը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը կցանկանա մեկ այլ մարդու տեսնել ընդդիմության լիդերի դերում: Մեր շարքերում բազմաթիվ մարդիկ կան, ովքեր հինգ-տասը տարի հետո կարող են այդ դերն ստանձնել: Սակայն այսօր թիմը համախմբված է Տեր-Պետրոսյանի շուրջը, և մեզ համար, որպես առաջին դեմք, ընդունելի է միայն նա: Մենք անվերապահորեն վստահում ենք նրա քաղաքական մտքին, պետականամետ նպատակներին ու այս ճանապարհը միանշանակ Տեր-Պետրոսյանի հետ ենք անցնելու մինչև հասնենք հաղթական օլիմպոսին:
-Ասում են՝ կոնգրեսում կան Տեր-Պետրոսյանի «լյուբիմչիկներ»: Այս առումով շարքային կոնգրեսականները մտավախություններ չունե՞ն, որ էստաֆետը կհանձնվի հենց նրանց:
-Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հասուն և ողջամիտ պետական գործիչ է, և առայսօր չեմ նկատել, որ ինքն ունի «լյուբիմչիկներ»: ՈՒնի քաղխորհուրդ, որին վստահում է, շտաբ, որն աշխատանքային գործունեություն է ծավալում: Մենք այնտեղ մեզ համարում ենք շատ կարևոր գործոն: «Լյուբիմչիկների» մասին չգիտեմ: Կան մարդիկ, ովքեր կոնկրետ գործառույթներ են իրականացնում ու ավելի շատ են շփվում Տեր-Պետրոսյանի հետ, բայց չկա մի մարդ, որ ցանկանա նրա հետ հանդիպել, հարց քննարկել, ու առաջին նախագահը խուսափի հանդիպումից (խոսքը կուսակցությունների ղեկավարների մասին է): Մեզնից յուրաքանչյուրի կարևորությունը տասը բալանոց համակարգով գնահատում եմ «տասը»: Կարծում եմ՝ Տեր-Պետրոսյանն էլ նույն կերպ է մտածում:
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1556

Մեկնաբանություններ