Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Եկեք ոչ թե հայտարարությունները մեկնաբանենք, այլ երևույթը վերլուծենք և սթափ մոտենանք խնդրին»

«Եկեք ոչ թե հայտարարությունները  մեկնաբանենք, այլ երևույթը վերլուծենք  և սթափ մոտենանք խնդրին»
22.03.2013 | 12:41

Որքան էլ բարեփոխումներ են իրականացվում տնտեսական ոլորտում, միևնույն է, դրական դինամիկան շոշափելի չէ։ Թեև, վիճակագրությունը փաստում է, որ անցած տարի Հայաստանում առաջին անգամ (գլոբալ ճգնաժամից հետո) լուրջ առաջընթաց է արձանագրվել տնտեսության մեջ` 7% աճ։ Ի՞նչ է մտածում տնտեսական իրավիճակի վերաբերյալ առևտրի և արդյունաբերության նախկին նախարար, այժմ պատգամավոր ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ։

-Տնտեսության մեջ թե՛ դրական, թե՛ բացասական ցանկացած փոփոխություն իրեն զգալ է տալիս ժամանակի ընթացքում,- փաստեց նա։- Այնպես չէ, թե այսօրվա արձանագրված տնտեսական յոթ տոկոս աճը վաղն անմիջապես շոշափելի կլինի բնակչության համար։ Տնտեսական աճի ազդեցությունը ժամանակ է պահանջում։ Եթե հիշում եք, օրինակ, 2000-2001 թվականների տնտեսական աճի էֆեկտը բնակչության համար նկատելի եղավ 2003-2005 թվականներին։
-Եթե 2005-ին այդ էֆեկտը թեկուզև շոշափելի եղավ, միևնույն է, չպետք է մոռանանք, որ այն ժամանակ գլոբալ տնտեսական ճգնաժամ չկար, ինչն էլ բացասաբար է ազդում մեր տնտեսության վրա։
-Տեսեք, գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա նույն տարում չեղավ։
-Ինչո՞ւ։ Կարծում եմ, ազդեցությունը եղավ և բավականին ուժգին։
-Իհարկե, ազդեցություն եղավ, սակայն ոչ նույն տարում։ Ասելիքս այն է, որ անգամ բացասական երևույթները տնտեսության մեջ անմիջապես չեն անդրադառնում մարդկանց վրա։ Դրանք հաջորդ տարիներին են իրենց զգացնում։
-Պարոն Ճշմարիտյան, կներեք, բայց պետք է չհամաձայնեմ։ Ճգնաժամը հենց առաջին տարում էլ ազդեց մեր տնտեսության վրա, ուղղակի մեր կառավարությունը հայտարարում էր, թե ճգնաժամը Հայաստան չի ներթափանցի։
-Չգիտեմ` ով ինչ էր ասում։ Եկեք չմեկնաբանենք որևէ մեկի ասածը։ Կարծում եմ, ավելի ճիշտ կլինի գնահատել երևույթները։ Մեր երկրում կա պատկան մարմին, որը կարողանում է հստակ հաշվարկների վրա այդ գնահատականը տալ։ Եվ որևէ մեկի կարծիքը, կներեք արտահայտությանս համար, ասածս Ձեզ չի վերաբերում, որևէ մի լրագրողի տեսակետը հիմնավոր չեմ կարող համարել։
-Դա ոչ թե լրագրողի կարծիք է, այլ 2009-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությունը։
-Եկեք ոչ թե հայտարարությունները մեկնաբանենք, այլ երևույթը վերլուծենք և սթափ մոտենանք խնդրին։ Փաստ է, որ 2009-ին գլոբալ ճգնաժամի ազդեցությունը Հայաստան դեռ չէր ներթափանցել։ Այժմ նույն բանը կարելի է ասել 2012-ին արձանագրված տնտեսական աճի ազդեցության վերաբերյալ։ Այդ դրական դինամիկան սոցիալական զարգացումների վրա ազդեցություն կունենա մեկ-երկու տարի հետո։
-2014-ին սոցիալ-տնտեսական ոլորտում Ձեր նշած դրական ազդեցությունը որքա՞ն է իրատեսական, եթե աշխարհն այսօր կանխատեսում է գլոբալ ճգնաժամի երկրորդ ալիքը։
-Չեմ կարծում, թե ճգնաժամի երկրորդ ալիք է սպասվում։
-Իսկ ինչո՞ւ չեք կարծում։
-Այսպես ասեմ` համաշխարհային գլոբալ տնտեսության մեջ ճգնաժամի երկրորդ ալիքի կանխատեսումը այս կամ այն գնահատականների, վերլուծությունների արդյունք է։ Եթե ուշադիր հետևենք գործընթացներին, ապա կարելի է ասել, որ աշխարհում անգամ նկատվում է տնտեսական աճի միտում։ Օրինակ, այս տարվա համար ԱՄՆ-ը կանխատեսում է մոտ 3 տոկոս տնտեսական աճ։ Այն կանխատեսում է նաև Եվրամիությունը։ Այսինքն, երկու գլխավոր խաղացողներ կանխատեսում են տնտեսական ակտիվություն։ Սա կարևոր ազդակ է։ Իսկ այն առանձին երևույթները, որ նկատվում են փոքր երկրներում` լուծելի են։
-Այսինքն, Հունաստանում, Իսպանիայում, Կիպրոսում տեղի ունեցող ֆինանսա-տնտեսական ճգնաժամը գործոն չէ՞։
-Այն, որ այս երկրներում խնդիր կա, փաստ է, սակայն, նորից եմ կրկնում` պետք է աչալուրջ հետևել ԱՄՆ-ի և Եվրամիության իրականացրած գործընթացներին։
-Վերջին մեկ տարում մոտ 40 տոկոսով Հայաստանում կրճատվել է ներդրումների ծավալը։ Ի՞նչ եք կարծում, սա պայմանավորված է տնտեսակա՞ն ճգնաժամով, թե՞ իրականացվող ներքին տնտեսական քաղաքականությամբ։
-Չէի ցանկանա այն պայմանավորել կոնկրետ ինչ-որ գործոնով։ Ընդհանրապես գնահատական տալու համար անհրաժեշտ է խոր վերլուծություն կատարել ըստ ոլորտների։
-Այսինքն, խնդիրն իրականացվող տնտեսական քաղաքականությունը չէ։
-Ըստ էության, Հայաստանի որդեգրած լիբերալ տնտեսական քաղաքականությունը մինչ օրս չի փոխվել։ Իհարկե, տարիների ընթացքում աշխարհի զարգացմանը զուգահեռ առաջ են գալիս նոր խնդիրներ և բացահայտվում են որոշ թերություններ։ Ընդհանրապես դա բնական է։ Սակայն մենք` հայերս, մի քիչ մաքսիմալիստ ենք, ցանկանում ենք, որ ամեն դրական զարգացում շատ արագ արվի և պահի մեջ։ Բայց այդպես չի լինում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ