Անշուշտ, չեք մոռացել, մեր եռօրյայի պատվախնդիր աջակցությամբ անհավասար (առայժմ` անհավասար) ճակատում եմ հանրապետության քաղաքացիների երեկոյան, երբեմն էլ գիշերային անդորրը պղծող տկարամիտների դեմ։ Սրանք ավանդույթ են ձևավորել, հենց առատ սննդից հագենում են, իսկույն վերականգնում են ստատուս քվոն, այսինքն, վերադառնում են ելման դիրք և անցնում չալաղաջապլոճիկային նոր սխրանքների։ Նոր Հռոմի վերնակույտը պայթելու աստիճանի լափելով` փետուրով խուտուտ էր տալիս կոկորդը ու փսխում էր լափած-լակածը։ Եվ անցնում նոր լուկուլոսյան նվաճումների։ Մեր վերնակույտն այլ կերպ է վարվում, հրթիռակոծում է երկիր ու երկինք, մի լա՜վ թեթևանում է և անցնում զխկտման նոր շրջափուլին։ Ի դեպ, գիտակները վկայում են, որ սույն թեթևացմանը էապես նպաստում է բարոյական հաղթության բերկրալի զգացումը, երբ երեք որկորային գրոհայիններ հրթիռակոծմամբ ցնդեցնում են հինգ հազար անմեղ քաղաքացու։
Մի խոսքով, հրթիռակոծման թափը կոտրվեց, երբ նախորդ աշնանը մի խումբ մտավորականներ բաց նամակով դիմեցին երկրի նախագահին։ Վերջերս հրթիռակոծումները նախկին թափն են առնում։ Բայց ո՞րն է սույն հրապարակման իմաստը։ Բանն այն է, որ 2013-ի ապրիլի 29-ին ցասումնալից նամակ հղեցի առ վարչապետ Տիգրան Սարգսյան, հուզումնալից շնորհավորեցի նրա վերանշանակումը և հիշեցրի 2012-ի նախամանորի գրավոր խոստումը, այն է` խնդրի կարգավորմամբ խիստ շահագրգռված է երկրի կառավարությունը։ Սա ենթադրում էր, որ 2013-ի առաջին ամիսներին ՀՀ կառավարության որոշմամբ կտրականապես կդադարեն հրթիռների ներկրումը, վաճառքն ու գործածումը։ Ավա՜ղ, մայիսի 5-ի գիշերվա հրթիռակոծական հրեշապատումը հաստատում է` կառավարությունում հանրային նշանակալից խնդիրները կարգավորելու փոխարեն բորբոքում են` կրակին յուղ լցնելով։ Ապրիլի 29-ի նամակ-բողոքիս պատասխանը դեռ կա ոչ։ Սակայն մի հիշեցում. բոլոր նախկին բողոքներս (առ նախագահական նստավայր, Կառավարական տուն և ԱԺ) վերջնարդյունքում հանգրվանում էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում և հենց այստեղից էլ լվանում էին իմ և ձեր ուղեղները։ Անհանգստացած այցելեցի կառավարության կայքը։ Եվ ինչ պարզվեց. այս վերջին նամակիս պատասխանը պիտի ստանամ, ինչ եք կարծում, ՀՀ ԱԻՆ-ի՞ց, բնավ։ Գուցե Պարույրի ԱԻՄ-ի՞ց, դարձյալ վրիպեցիք։ Բայց միգուցե հրթիռակոծման որևէ առաջատար օբյեկտի՞ց։ Դարձյալ ոչ, պատասխանը պիտի ստանամ ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այո՜, ենթադրաբար ինձ հոգեբուժարանի անվճար ուղեգիր է հանձնվելու, անշուշտ, հանդիսավոր պայմաններում։ Իսկ ինչու ոչ, լի ու բոլ կվայելեմ հանգիստս և կհասկանամ, որ երբ որևէ անասնակերպի որկորում խցանում է առաջանում (ասենք` ճանապարհը չեն զիջում միմյանց հանդիպած քյաբաբի շարասյունն ու պլոճիկի ուղեգիծը), մարդս պիտի կա՛մ տրաքի, կա՛մ էլ կրակի, այսինքն` հրթիռակոծի և հանդարտվի, այսինքն` շարունակի կերուխումը։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ