Ամիսներ առաջ անդրադարձել էինք մի զարմանալի նախագծի («Հայաստանը իրավունք ունի Նոյյան երկիր կոչվելու», «Իրատես de facto», թիվ 75, 2013 թ.), որի հեղինակը իրանահայ, 1997-ից Հայաստանում բնակվող Վրեժ Աբրահամյանն է։ Անծանոթ ընթերցողներին տեղեկացնենք, որ մեր հերոսը երկար տարիներ ապրել է Գերմանիայում, լուրջ հաջողություններ է ունեցել գիտատեխնիկական արդյունաբերության մեջ և Հայաստանում անում է հնարավորը` երկիրը երկիր տեսնելու նպատակով։ Նախագծի հիմնավորության մասին է խոսում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ թղթակից-անդամ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ նախաձեռնությունը` ներկայացնելու «Նոյյան տապան»-ը 2014-ի Նոբելյան մրցանակին։ Այս մասին էր մեր զրույցը պարոն Սաֆրաստյանի հետ։
-Պարոն Սաֆրաստյան, պատմեք, խնդրում եմ, թե ինչ հանգամանքների բերումով եք Վրեժ Աբրահամյանի նախագիծը «գործուղում» Նոբելյան մրցանակի հանձնախմբին և, եթե տեղյակ եք, քանի՞ աշխատանք է այս տարի ներկայացվել։
-Չեմ կարող ասել` ովքեր և ինչ անվանակարգերում են աշխատանքներ ներկայացրել, սակայն երբ այն քննարկվեց Հանրային խորհրդի կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովում, որի նախագահը լինելու պատիվն ունեմ, մենք եզրակացրինք, որ այն երկրի համար շատ օգտակար նախաձեռնություն է, և արտահայտեցինք մեր դրական կարծիքը։ Անշուշտ, նյութական առումով Հայաստանը դժվարություններ ունի նման ընդգրկուն նախագիծ իրականացնելու, և ես պարտքս համարեցի խրախուսել նախագիծը և, որպես հասարակագիտության պրոֆեսոր, իրավունք ունեմ ներկայացնելու այն, համաձայն Խաղաղության Նոբելյան մրցանակի պահանջների։ Որքան տեղյակ եմ, այս տարի ներկայացված է շուրջ 270 նախագիծ։ Գաղափարն ինձ շատ է հրապուրել երկու առումով։ Նախ, որ նման նախագիծը կարող է իրականացվել Հայաստանում, երկիր, ուր առաջինն է քրիստոնեությունն ընդունվել որպես պետական կրոն, և որտեղ է Արարատ լեռը` Նոյի հանգրվանը։ (Ի դեպ, և՛ թուրքմենները, և՛ ղազախները ունեն լեգենդներ Արարատի և Նոյի մասին, նրանցում ևս Նոյն ընկալվում է որպես նոր կյանքի սկիզբ)։ Եվ երկրորդ, հայությունը, իմ ընկալմամբ, այս աշխարհում մի մեծ առաքելություն ունի` պահպանել Արարատ լեռան և Նոյի հանգրվանի մասին առասպելները և նպաստել, որ դրանք ծառայեն համամարդկային ներդաշնակությանն ու խաղաղությանը։ Այսպիսով, շատ ողջունելի է պարոն Վրեժ Աբրահամյանի նախաձեռնությունը։ Մոտակա ամիսներին պարզ կդառնան մրցանակաբաշխության արդյունքները։ Այստեղ մի փոքրիկ գաղտնիք բացեմ. ցանկանում եմ, որ այն նպաստի ողջ հայության համար հոգևոր Հայաստանի վերածննդի գաղափարին` Արարատ լեռան հայացքի ներքո, քանզի մեր սոցիալական, քաղաքական լարված կյանքում հաճախ ենք անտեսում հոգևոր կյանքը։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր հայ իր սրտի խորքում պահպանում է հոգևոր Հայաստանի գաղափարը։ Եվ անհրաժեշտ է յուրաքանչյուրի ներաշխարհում պարփակվածը դուրս բերել ու դարձնել հանրային սեփականություն։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ