«Ռեկետ՝ պետական մակարդակով» հոդվածում («Իրատես de facto», թիվ 34, 23-26 մայիսի, 2014 թ.) ահասարսուռ եղելություններ էինք արձանագրել. պատվարժան այր Հրայրը փորձեց իր տունն ու այգին պարսպող 13 մ երկարությամբ և 80 սմ բարձրությամբ խարխլված պատը, նաև «հավի տոտիկների» վրա հենված պատշգամբը վերակառուցել։ Նրան քաղաքային իշխանությունները պարտադրեցին պետական (արդյո՞ք պետական) հարկ ու տուրք վճարել 425 հազար դրամի չափով, ամիսներով բախել այս ու այն դուռը, ձեռք բերել 5 մատյան և այլ փաստաթղթային փաթեթներ։ Երեք ամիս անց վերջապես ազատվեց այս ցավ ու կրակից և սկսեց պատի շինարարությունը։ Հիշեցնենք, որ հիշյալ գումարը վճարվել է զուտ բյուրոկրատական արգելապատնեշները հաղթահարելու համար, մոտ այդքան գումար էլ պիտի ծախսվի շինարարությունը սկսելու և բարեհաջող ավարտելու համար։ Մի խոսքով, ստանալով թույլտվությունը, մեր հրապարակման հերոսը սկսում է շինարարությունը։
Երեկ՝ մայիսի 29-ին, առավոտ կանուխ շինարարության թույլտվություն ունեցող վարպետն սկսում է աշխատել։ Բայց չէ՞ որ մեր օրերում ուրբաթը շաբաթին միշտ էլ վազանցում է. շինարարին են մոտենում երկու խիստ ինքնագոհ երիտասարդ և պահանջում դադարեցնել աշխատանքները, զի վարպետ Օհանը շինարարությունն իրականացնելու իրավունք չունի, քանի որ չկա համապատասխան թույլտվությունը։ Աշխատանքը դադարեցվում է, վարպետ Օհանը սարսափահար ահազանգում է տիար Հրայրին ու նրա տիկնոջը, թե թողեք ձեր բան ու գործը, եկեք-հասեք ու ինձ փրկեք։
Հրայրն ու կինը դեպքի վայրում են, այսինքն՝ սեփական տունն ու այգին փողոցից զատող պատի մոտ։ Հնդուհավի նման փքուն և հարկահավաքի պես անհողդողդ այս երկյակը պահանջում է շինարարություն իրականացնելու թույլտվությունը։ Տանտերերը հրավիրում են ներս։ Երկյակը հրաժարվում է, թե դրսից՝ հենց փողոցից ենք ստուգելու աշխատանքները։ Ներկայացնում են թույլտվությունը։ Գործողություններն անցնում են սադրանքի փուլ, քաղաքապետարանի վերահսկողական վարչության ծառայողը և Նորք-Մարաշ վարչական շրջանի ներկայացուցիչը հայտարարում են՝ եթե պետք լինի, հազար ու մի թերություն կգտնենք, լիքը խախտումներ եք թույլ տվել։ Հասկանալի է, որ նման իրավիճակում ցանկացած բանական և բարոյական քաղաքացուն երկու բան է մնում անել՝ կամ սրտի տագնապով հիվանդանոց տեղափոխվել, կամ լինգը իջեցնել պնդաճակատների գանգերին։ Բարեբախտաբար, Հրայրն ավելի խոհեմ է գտնվում և դեպքի մասին հեռախոսով տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին։ Տիար Գևորգյանը ելուզակների պորտը տեղն է դնում, այսինքն՝ պահանջում է անհապաղ դադարեցնել ապօրինի միջամտությունը։ Ճարնե՞րն ինչ, դադարեցնում են։ Միանշանակ է, որ երկյակը ժամանել էր, այսպես ասած, կեղտ գտնելու, այսինքն՝ քաղաքացիներին ահաբեկելու և, հասկանալի է, փող պոկելու նպատակով։ Այսինքն՝ 425 հազար պետական ռեկետին պիտի գումարվեր նաև կաշառքը։
Մեր կարճ խելքով, մայրաքաղաքի արտաքին տեսքով խիստ մտահոգ քաղաքապետարանն ինքը պետք է պարտադրի քաղաքացիներին խարխուլ պարիսպներն ու մնացած հնոտիքը կարգի բերելու, նպաստի այդ ամենին, մինչդեռ նրա վերահսկողական ծառայությունը թաղապետարանների ներկայացուցիչների հետ վարչաբյուրոկրատական քաշքշուկ է սանձազերծում և, կամա թե ակամա, թացն ու չորը խառնում իրար։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ