ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

«Երվանդ Քոչարը մոտեցավ և ասաց` Գուլո՛, դու նրանցից լավ ես նկարել»

«Երվանդ Քոչարը մոտեցավ և ասաց`  Գուլո՛, դու նրանցից լավ ես նկարել»
25.11.2014 | 11:52

Այսօր Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի մեծ դահլիճում բացվում է ՀՆՄ քարտուղար, պրոֆեսոր, գեղանկարիչ Խաչատուր Ազիզյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Նկարչի հետ հանդիպումս կայացավ, սակայն խորհրդանշական միջավայրում. գեղանկարիչ Սերգեյ Պողոսյանը, ֆիգուրատիվ արվեստի հանրապետական ցուցահանդեսից առաջ, նրան և գեղանկարիչ Հարություն Հարությունյանին (Արթին) հրավիրել էր իր բնակարան-արվեստանոցը` քննարկելու ցուցահանդեսին ներկայացվող աշխատանքները։ Սա մի ուշագրավ և գեղեցիկ ավանդույթ է նկարիչների միջավայրում` քննարկել ստեղծագործությունը, բանավիճել շատ մասնագիտական խնդիրների շուրջ, ի վերջո, եզրահանգմամբ ավարտուն մի գործ ներկայացնել արվեստասեր հանրության դատին։ Առաջին զրուցակիցս հանդիպման «մեղավորն էր»` ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԸ։

«ՎԱԽ ՉԿԱ, ԿԱ ՉՀԻԱՍԹԱՓԵՑՆԵԼՈՒ ԽՆԴԻՐ»


-Շատ մեծ պատասխանատվությամբ ես ցուցահանդեսիդ պատրաստվում։ Ո՞րերորդ անհատական ցուցահանդեսդ է։
-Երևանում` առաջինը։ Երևի թե հարցիդ արդեն պատասխանեցի։ Առհասարակ, յուրաքանչյուր նկարչի համար մեծ պատասխանատվություն է անհատապես ներկայանալ արվեստասեր հասարակությանը, նկարիչ ընկերներին, կերպարվեստի գիտակներին։ Վախ չկա, կա չհիասթափեցնելու խնդիր։
-Կարծում եմ` կա նաև չհիասթափվելու խնդիր։
-Իհարկե։ Ցուցահանդեսը որոշակի խորհուրդ ունի, որը չկա անգամ արվեստանոցում. դու քեզ տեսնում ես խորքով, ժամանակի և տարածության մեջ մեկտեղված։
-Հիշիր այն օրերը, երբ նկարիչ դառնալու ցանկություն զգացիր։
-Վաղ մանկության տարիներին էր առաջին փորձս, հորս արվեստանոցում մի առանձին անկյուն էի գտնում և սկսում էի ինչ-որ բան նկարել պատահած թղթի կամ կտավի վրա։ Առաջին գործերիցս մեկը պահպանվել է մինչ օրս, յուղաներկ կտավ է, նկարել եմ Ծաղկաձորում, Կեչառիս եկեղեցին։ Հիշարժան օրեր էին, նկարիչների հետ հասել էի Ծաղկաձոր։ Երվանդ Քոչարը մոտեցավ նկարիչներին ու ինձ ասաց. «Գուլո՛, դու նրանցից լավ ես նկարել»: Իհարկե կատակ էր, Քոչարը զարմանալի ուշադիր էր շրջապատի հանդեպ, սատարում էր շատերին, անշուշտ, ում մեջ նկարչի շնորհք էր տեսնում։ Մկրտիչ Քամալյանը` հրաշալի գեղանկարիչն ու մարդը, նույնպես պատեհ ժամանակ ուղղորդում էր ինձ։
-Դու հասակ ես առել Կիևյան-24 հանրահայտ շենքում, ուր ապրում և ստեղծագործում էին նկարիչները։ Սա չէր կարող դրական ազդեցություն չունենալ սկսնակ ստեղծագործողի վրա, մյուս կողմից էլ դժվարին խնդիր կար, չէ՞ որ հայրդ ճանաչված գեղանկարիչ էր և, անշուշտ, որպես ծնող պիտի իր վերաբերմունքը ցուցաբերեր։
-Նա որևէ կերպ չէր անդրադառնում իմ հրապուրանքին։ Երբևէ չի բռնել ձեռքս և օգնել ճիշտ գիծ կամ վրձնահարված դնել, ավելին, անգամ մատիտը ճիշտ սրել չի սովորեցրել։ Տարիներ անց հասկացա, որ գեղանկարիչ, պատերազմի վետերան և վեհ անձնավորություն հայրս` Սուրեն Ազիզյանը, հնարավորություն էր տվել, որ ինքնաբացահայտվեմ, ինքս փնտրեմ և գտնեմ այն ուղին, որը նախանշված է ինձ համար։ Շնորհակալ եմ նրան։

«ՔԱՄԱԼՅԱՆԸ ՍՏԻՊԵՑ, ՈՐ ՀԱՏԱԿԻՆ ԸՆԿԱԾ ԱՆՃՈՌՆԻ ԹՈՒՂԹԸ ՆԿԱՐԵՄ»


-Հուշերը Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանից շատ են։ Եվ, ինչ խոսք, ուսումնարանը հայ ազգային մշակույթի հիմնարար կրթօջախներից էր։
-Թերլեմեզյանում Վերգինե Հայրապետյանը գեղանկար էր դասավանդում, իսկ գծանկար` Վանիկ Համբարձումյանը, ով, ցավոք, ինքնասպան եղավ, երբ նոր էինք սկսել երրորդ կուրսի դասընթացը։ Շատ բան սովորեցրին մեզ։ Հետո եկավ պրոֆեսորների ժամանակը, ոչ ուղղակի իմաստով, քանի որ կերպարվեստի այդ նշանավոր օջախում դասական իմաստով պրոֆեսորներ չկային, դա մեր տված պատվատիտղոսն էր. հիշեմ Ցոլակ Ազիզյանին ¥ի դեպ, մեր ազգակիցը չէր¤ ու Մկրտիչ Քամալյանին։ Չեմ կարող չհիշել նաև Սահականույշ Մատինյանին և Զուլում Գրիգորյանին։ Մի դեպք է տպավորվել. նատյուրմորտ էի նկարում, մենակ էի։ Կիևյան-24 շենքում Մկրտիչ Քամալյանը մեր վերևի հարկի հարևանն էր, շատ մոտ մեր ընտանիքին։ Զանգը հնչեց, և ուսուցիչս ներս եկավ։ Նայեց կտավին, կարծես նյարդայնացավ, վերցրեց մի կտոր նկարչական թուղթ, ճմռթեց ու նետեց հատակին։ Հետո ասաց, որ քերեմ ներկը ու սկսեմ ուշի ուշով հատակին ընկած անճոռնի թուղթը նկարել։ Երկու օրը մեկ գալիս, հետևում էր աշխատանքիս ընթացքին։ Երկար նկարեցի և երևի այդ դասից հետո նկարիչ դարձա։
-Հետո սերնդակից շատերի հետ կերպարվեստի մեջ խորացար այն ժամանակների գեղարվեստաթատերական, ներկայիս գեղարվեստի ակադեմիայում։ Ապագա նկարիչներն ու արտիստները` մի հարկի տակ, մշակութային միևնույն միջավայրում։ Այն տարիներին գեղարվեստաթատերականում սովորող ընկերներ ունեի, երբեմն այցելում էի, և զարմանալի մի աշխարհ էր առջևս բացվում, մշակութային ժողովրդավարության աշխարհը, մշակույթում հեղինակություն ունեցող դասախոսներն ու ուսանողները նույն սեղանի շուրջ սուրճ էին ըմպում։ Զանգը չէր հնչում, լսարան էին գնում կամավոր հիմունքներով։ Այսինքն` դասամիջոց ասվածը պայմանական մի բան էր։
-Լավ բաներ ես հիշում, երանելի օրեր էին։ Անկեղծ ասած, գուցե պետք էր պահպանել մի ընդհանրության մեջ, հետաքրքիր աշխարհ էր, փոխադարձ հետաքրքրությունների և համակրանքների աշխարհ։ Արվեստի պատմության դասախոս Եղիշե Մարտիկյանը միջանցքում թատերականի ուսանող մի աղջկա և տղայի տեսնում է համբուրվելիս, բարկացած հարցնում է` սա ի՞նչ բան է, եղբայր, ուսանողներն անվրդով պատասխանում են` «Էտյուդ ենք պատրաստում, ընկեր Մարտիկյան»։ Նման պատմություններով էր հագեցած գեղարվեստաթատերական ինստիտուտի առօրյան։ Որքան նկարիչներիս համար հպարտության առիթ էր միջանցքում Վարդան Աճեմյանին և մյուս նշանավոր դեմքերին տեսնելը, նույնքան էլ թատերականի ուսանողների համար էր հաճելի հանդիպել Արա Սարգսյանի և մյուսների հետ։
-Անսպառ քննարկման թեմա է, այնուամենայնիվ, ո՞րն է նկարչի, առհասարակ, ստեղծագործողի համար առաջնային` մի՞տքը, թե՞ սիրտը։
-Միտքն ու սիրտը զուգահեռ են գործում արվեստում, մասնավորապես` նաև կերպարվեստում։ Սակայն մի բան էլ պիտի լինի` ձեռքի վարպետությունը, ամրությունը։ Թերևս, ավելացնեմ` հոտառությունը, երևակայությունը։ Անկեղծ ասած, այնուամենայնիվ, առաջնայինը սիրտն է, չէ՞ որ նախախնամությունը նախ սրտի, զգացմունքի ճանապարհով է արվեստի մարդուն առաջ մղում։
-Վերջին տարիներին քո գունապնակն ու կտավը մի նոր, թերևս քիչ անսովոր անակնկալ մատուցեցին արվեստասեր հանրությանը «Հայաստանը ես եմ» ստեղծագործությամբ, ուր վերջին հարյուրամյակում երկիրը կերտած երևելիներն են` պետական այրեր, հոգևոր դասի ներկայացուցիչներ, հրամանատարներ և այլք։ Գալիք ցուցահանդեսում նման մեկնաբանությամբ գործ լինելո՞ւ է։
-Մի մեծ գործ եմ նախաձեռնել` հայ տեսակը ներկայացնել վաղնջական ժամանակներից սկսած։ Եթե ցուցահանդեսին չհասցնեմ, ապա կներկայացնեմ ավելի ուշ։
-Գույնը, գունապնակը, հորինվածքը, կարծես, հավերժական, անսասան արժեքներ են։ Սակայն ժամանակի չափումներում ստեղծագործողի մեջ նոր, երբեմն անսպասելի գույն, մտածողություն, հորինվածք է լույս աշխարհ գալիս։ Ի՞նչն է նկարչին դրդում նման շրջադարձերի։
-Կյանքը։ Չէ՞ որ այն հարափոփոխ է և ճշմարիտ ստեղծագործողին ¥թող անհամեստ չհնչի, նաև ինձ¤ ավելի ճշմարիտ, առավել կատարյալ ուղու վրա է դնում։

«ՆԱ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ՄԱՏՈՒՑԵԼՈՒ»


-Արթին, պատկերացրու, որ մենք ոչ թե Սերգեյի արվեստանոցում ենք, այլ նկարիչների միության ցուցասրահի առաջ ենք կանգնած։ ՈՒր որ է դահլիճի դռները կբացվեն, և Խաչատուր Ազիզյանը մեր առջև կբանա իր աշխարհի դարպասները։ Ո՞վ է նա։
-Նա իմ վաղեմի ընկերն է, և մեր ընկերությունը տարիների փորձությամբ է թրծվել։ Նա նաև շնորհալի նկարիչ է, ես կասեի` ի ծնե նկարիչ։ Նա անակնկալներ է մատուցելու, քանի որ միշտ էլ շատ ավելին է արել, քան ներկայացրել է։ Միաժամանակ Խաչատուրի, իմ և շատերի ընկեր Խաչիկի արվեստը, նկարչությունը հենց ինքն է, այստեղ ցուցադրական, շինծու ոչինչ չկա։ Նա կյանքում և՛ ճշմարիտ ու խորքային մարդ է, և՛ հախուռն ու անկանխատեսելի։ ՈՒ այս ամենով էլ ուշագրավ է ու թանկ։ Այսպիսին էլ նրա արվեստն է։ Արվեստ, որ միայն իրենն է։ Հատկապես նրա հորինվածքն է ցայտուն։
-Սերգեյ, քո խոսքը Խաչատուր Ազիզյանի մասին։
-Խաչիկի գործերը նայելիս, նախ, աչքի է զարնում հորինվածքի վարպետությունը։ Նա ոչ բարդ գունային աշխարհով, զուսպ միջոցներով կարողանում է շատ արտահայտիչ, ամբողջական կտավներ ստեղծել։ Սրանից է, որ նրա նկարները հարուստ, պրոֆեսիոնալ բարձր կատարում ունեն և միանգամից տպավորում են դիտողին։ Միաժամանակ նա հիանալի գործընկեր է, ահա իմ նկարն ենք քննարկում, և Արթինի ու Խաչիկի նուրբ, միաժամանակ շատ տեղին խորհուրդներն ու դիտողությունները օգնում են ինձ ավելի կատարյալ դարձնելու աշխատանքս։

Զրույցը` Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ