Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Արտակարգ իրավիճակների վիճակահանությունը

Արտակարգ իրավիճակների վիճակահանությունը
06.10.2015 | 00:13

Բավականին ծանրակշիռ են արտակարգ իրավիճակների նախարարության ուսերին դրված պարտականությունները, ընդգրկուն են գործունեության շրջանակները, ինչը պարզորոշ արտահայտված է անվանման տիտղոսաթերթում. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն»։ Պարտականությունները, անկասկած, հստակեցված են համապատասխան օրենքով, ժողովրդի վստահությամբ և իշխանությունների պահանջատիրությամբ։ Այսպես է, անշուշտ, բոլոր նախարարությունների և գերատեսչությունների պարագայում։ Սա փաստում ենք ի գիտություն ներքոհիշյալ պատմության հերոսի, ավելի ստույգ՝ հակահերոսի, ով գոնե այս դեպքերի առնչությամբ վստահաբար մոռացության է մատնել իր պարտականություններն ու արժանապատվությունը։ Ի վերջո՝ համազգեստի պատիվը։ Անցնենք մեր պատմությանը։ Եվ սկսենք այն պաշտոնական մեկ գրությամբ ու դրա պատասխանով։
«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար պարոն Ա. Երիցյանին

Հարգարժան պարոն Երիցյան
«Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը։ Ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում կառուցվում են բազմաբնակարանային-բազմաֆունկցիոնալ շենքեր, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվել են երիտասարդ գիտնականներին և ստեղծագործողներին։ Շենքերը շահագործման են հանձնվելու առաջիկա երկու ամիսների ընթացքում։
Կառուցվող շենքերի բակային տարածքում գտնվում է ստորգետնյա գազապաստարան, որը քանդված ու անմխիթար վիճակում է և, մասնագետների կարծիքով, պիտանի չէ հետագա շահագործման համար։ Դրանում կուտակվող անձրևաջրերը մի կողմից վնասում են կառուցվող շենքերի հիմքերը, իսկ մյուս կողմից գարշահոտություն են տարածում տեղանքում։ Բացի այդ, գազապաստարանը գտնվում է շենքերի բակում կառուցվող մանկական խաղահրապարակի հարևանությամբ, ինչը վկայում է, որ այն վտանգավոր է նաև շենքի բնակիչների, մասնավորապես երեխաների կյանքի ու առողջության համար։
Հայտնելով վերոգրյալի մասին, խնդրում եմ հանձնարարել քննարկելու նշված հարցը և օրենքով սահմանված կարգով թույլատրել քանդելու ստորգետնյա գազապաստարանը։
Հարգանքով՝
«ԵՊՀ շրջանավարտների
միավորում» հասարակական
կազմակերպության
փոխնախագահ Ա. Ա. Թադևոսյան»

Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ այս շենքերը շահագործման են հանձնվել շուրջ մեկ ամիս առաջ, նամակն ուղարկվել է ՏԿԱԻ նախարարի հասցեով ապրիլի 11-ին։ Այսինքն, միանգամայն ողջամիտ ժամկետներում, որպեսզի Արմեն Երիցյանը բավարար ժամանակ ունենար քննարկելու բարձրացված հարցը և կազմաքանդելու անհեթեթ այս շինությունը։ Առավել ևս, որ այն կառուցվել է նախորդ դարի 70-ականներին, ըստ ամենայնի, երբևէ չի ծառայել իր նպատակին և տասնամյակներ շարունակ մատնվել է անտերության։ Այստեղ միջանկյալ իրազեկենք մեր ընթերցողներին, որ գազապաստարանը լավ մեկուսացված հատուկ շինություն է, որը ծառայում է որպես պատսպարան՝ թունավոր գազերից պաշտպանվելու համար։ Եվ ահա ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության պատասխանը.
«Երևանի պետական համալսարանի
շրջանավարտների միավորում»
ՀԿ փոխնախագահ
Ա. Թադևոսյանին

Հարգելի պարոն Թադևոսյան
Ձեր գրության մեջ նշված պետական սեփականություն հանդիսացող ապաստարանի անմխիթար վիճակը առաջացել է շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում համապատասխան նորմերի չպահպանման հետևանքով։
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կձեռնարկվեն համապատասխան միջոցներ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում համապատասխան նորմերը խախտած ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար։
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կձեռնարկի միջոցներ կառույցը պատշաճ վիճակի բերելու և նպատակային նշանակությամբ օգտագործելու ուղղությամբ։

Հարգանքով՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ
իրավիճակների
նախարարության
աշխատակազմի ղեկավար
Հ. Հակոբյան

Այս պատասխան նամակ-գրությունը մի արտառոց արտակարգ իրավիճակ է ստեղծում, քանի որ ոչ թե փաստերի և կռվանների կուռ և անբեկանելի շարադրանք է, այլ, քիչ պատկերավոր բնութագրած, թնդանոթաձգություն է ճնճղուկների երամի վրա, մատից ծծած ոչ լրջմիտ հոխորտանք, ոչ ավելի։ Մի կողմ թողնելով վերոնշյալ պատասխանի քննությունը (որը կանի յուրաքանչյուր ընթերցող անզեն աչքով), խոստովանեմ, որ պարոն նախարարի և նրա հավերժ աշխատակազմի ղեկավարի խոփը քարին է դիպել, այլ կերպ ասած, բախտները չի բերել, քանզի նյութը հանձնարարվել է մեկին, ով վերոնշյալ ծրագրի շահառուներից է և ավելին՝ հանդիսանալով Հայաստանի նկարիչների միության անդամ-շահառուների գործերի հավատարմատարը հինգ տարի շարունակ, շաբաթը առնվազն մեկ անգամ եղել է շինհրապարակում և քաջատեղյակ է շինարարության ընթացքին հիմքերը փորելուց մինչև բակի բարեկարգումը։ Ես հայտարարում եմ մի բան, որին քաջատեղյակ են հարյուրավոր շահառուները՝ շենքի շինարարները (օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների ճնշման ներքո այստեղ երեք շինարարական կազմակերպություն է աշխատանքներն իրականացրել), առհասարակ չեն առնչվել տխրահռչակ այս շինությանը, դրա կարիքն ուղղակի չի եղել և հետևապես նրանք չէին կարող «...համապատասխան նորմերը խախտել»։ ՈՒրեմն եզրահանգումը մեկն է. այս շինությունն ինչ-ինչ հեռանկարային նպատակներով բավականին շահագրգռել է նախարար Արմեն Երիցյանին, և ահա նա բյուրոկրատական միջնաբերդ է կառուցում բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ երկու, բավականին ծավալուն բարձրահարկերի բակում, պահպանելով չարաբաստիկ գազապաստարանը։

Երբ շենքերը հարկ առ հարկ վեր էին բարձրանում, հաճախ էի հետաքրքրվում շինարարներից, թե ինչպիսին է լինելու հարակից բակը։ Բնականաբար խոսակցությունը կենտրոնանում էր գազապաստարանի հեռացման վրա։ Շինարարների համոզմամբ՝ այն կվերացվի ժամանակի ընթացքում, և ազատված տարածքում կկառուցվի ընդարձակ խաղահրապարակ (խաղահրապարակ երեխաների համար, ֆուտբոլի դաշտ և այլն)։ Այսօր, ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարության վերնադասի համառության պատճառով բակը մեկուսացված է, սեղմված է գազապաստարանի կողմից և իր նպատակներին, ինչ խոսք, անկարող է ծառայելու։ Լուսանկարներում պարզորոշ երևում են նախարարության ջերմեռանդ շահագրգռության հետքերը, շուրջ կեսդարյա փառավոր կենսագրություն ունեցող գազապաստարանը «հիմնանորոգվել է» (այսինքն` գոցվել-սվաղի տակ են առնվել վաղուց քարուքանդ եղած պատուհանների խոռոչները), և պատրաստ է ծառայելու «նպատակային նշանակությամբ», ինչպես նշված է նախարարության դարակազմիկ պատասխան գրության մեջ։ Թողնենք մի կողմ այն հանգամանքը, որ նախարարությունը «հիմնանորոգել է» գազապաստարանը միայն Երևանի պետհամալսարանի շրջանավարտների միավորման ահազանգից հետո և անդրադառնանք ոչ պակաս կարևոր մի հանգամանքի։ Այն է՝ եթե անգամ սա գազապաստարան չլիներ, այլ նշանակալից մեկ այլ կառույց, ասենք գործող պետական նշանակության որևէ օբյեկտ, միևնույն է, այն ենթակա էր քաղաքակիրթ օտարման։ Այս եզրահանգման հենքում մի շատ պարզ, բանական և բարոյական հիմնավորում կա. բազմաբնակարան շենքերում այսօր արդեն բնակվում են շուրջ հազար բնակիչ, գլխավորապես երիտասարդ և աճող ընտանիքներ։ Նրանց խաղաղ և քաղաքակիրթ համակեցությունը գլխաշրջված է, քանզի բակը ստորադասված է գազապաստարանին, բակը խեղդվում է, բնավ ի զորու չէ ծառայելու իր բուն նպատակին՝ հարյուրավոր ընտանիքների հանգստի կազմակերպմանն ու առողջության ամրապնդմանը։

Ո՞ր մոլորակից է ժամանել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար օղակը և ահա այսպես մարտաշունչ հանգրվանում է Պարույր Սևակի թիվ 8 և թիվ 8/1 բազմաֆունկցիոնալ-բազմաբնակարան շենքերի միասնական բակում։ Հարցս ամենևին հռետորաբանական չէ, չէ՞ որ Երևանում հարյուրավոր, շատ ավելի կարևոր և գործուն շենք-շինություններ են հողին հավասարեցվել հանուն հասարակական (որ միևնույն է թե պետական) շահի։ Հաճախ թեկուզ ոչ այնքան պատմամշակութային լուրջ արժեք ունեցող գողտրիկ մի շինություն է անհետացել, տեղում կառուցվել է շքեղ մի հյուրատուն։ Միտքդ հուշում է, որ որոշումը ճիշտ էր, այնուամենայնիվ, մայրաքաղաքը զարգանում է, ժամանակն իր պահանջներն է ներկայացնում քաղաքին և քաղաքաբնակին։ Միտքդ հուշում է և հավելում, որ հարյուրամյա, սովոր և հիշարժան ահա այս և ահավասիկ այն շենքը, այնուամենայնիվ, ապրել էր իր դարը և պիտի լքեր քաղաքը, հրաժեշտ տար երևանաբնակին։ Քանի՜-քանի նման շենքեր վերացան Արամի և Երևանի կենտրոնի մյուս փողոցներում։ Միտքդ համակերպվում է իր վերջո, սիրտդ է շարունակում ընդվզել։ Սակայն նրա հանդարտեցման ժամանակը ևս գալիս է վաղ, թե ուշ։
Այս պարագայում գործել է ակնհայտ հակահանրային, և, չեմ երկնչում այս արտահայտության զորությունից, նաև հակամարդկային շահը։ Ի վերջո և՛ խորհրդային տարիներին, և՛ անկախ պետականության շրջափուլում, և՛ պարոն Երիցյանի նախարար աշխատելու բուռն և ազգանպաստ գործունեության ընթացքում նշյալ գազապաստարանը որևէ հետաքրքրություն երբևէ չի ներկայացրել, և ի՞նչ «...նպատակային նշանակության օգտագործման» մասին է նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Հ. Հակոբյանի խոսքը։ Այստեղ ջրի երես է բարձրանում մեր հեղհեղուկ օրերի համար խիստ բնորոշ, դավադիր մի հանգամանք, գազապաստարանի շրջակայքը հիանալի կառուցապատվել է, հետևաբար նախկինում անտերության մատնված կառույցը մեկեն «վերածնվել» է, դառնալով լուրջ հետաքրքրության առարկա։ Ի մասնավորի չափազանց շահավետ կլինի այստեղ կառուցել վճարովի ավտոկայանատեղի (շենքերի ներքնահարկերում կան ավտոկայանատեղիներ, սակայն քանակությամբ սակավ են և չեն բավարարում բնակիչների հարաճուն պահանջարկը), կամ, ինչու ոչ, խաղատուն կամ պանդոկ, ցածր ճաշակի և լայն քսակի խնդիր է։ Ընդամենը։

Խնդրի լուծումը տեսնում եմ երկու ճանապարհով։ ՀՀ կառավարությունը հիշյալ տարածքը պետք է ճանաչի որպես հանրային գերակա շահ և վերացնի գազապաստարանը։ Կամ էլ այս գործին պետք է միջամտի դատարանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. «Իրատեսը» ուշի ուշով հետևելու է դեպքերի զարգացմանը և իր լիազորությունների շրջանակներում անելու է հնարավորը, որ հաղթանակի արդարն ու բարին, այսինքն` գազապաստարանը լքի ասպարեզը, բակն էլ ընդարձակվի և ծառայի իր բարեշեն ծրագրերին։

Դիտվել է՝ 1734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

mLeft">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն