Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

«Միտումնավոր խեղաթյուրված են զինանշանի իմաստն ու տեսքը»

«Միտումնավոր խեղաթյուրված են  զինանշանի իմաստն ու տեսքը»
31.05.2016 | 08:54

Հայաստանի նկարիչների միության նախագահ, պրոֆեսոր ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԸ արդեն մեկ հնգամյակ «կարգի է բերում» ՀՀ զինանշանը: Օրեր առաջ նրա տքնանքի արգասիքը հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարությանը: Սա էր մեր հանդիպման առիթը:


«ԿԱՐԾԵՍ ՀԱՍԵԼ ԵՄ ԱՎԱՐՏԻՆ, ԻՄ ԿԱՐԾԻՔՈՎ՝ ԳՏԵԼ ԵՄ ԿԱՏԱՐՅԱԼԻՆ ՄՈՏ ՏԱՐԲԵՐԱԿԸ»


-Տարիներ շարունակ Դուք զբաղվում եք ՀՀ պետական զինանշանի ոչ այնքան շտկմամբ, որքան վերաիմաստավորմամբ: Ի՞նչ փուլում են այսօր աշխատանքները:
-Ըստ էության, 2012-ից եմ սկսել զբաղվել ՀՀ զինանշանի, ինչպես ասացիք, վերաիմաստավորմամբ: 2012-ին արդեն փաթեթը պատրաստ էր՝ վերլուծական և էսքիզային առաջարկներով: Սակայն երբ եկավ պահը, երբ բոլորն ընկալեցին, որ իրոք կա զինանշանում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, ես սկսեցի էսքիզները վերջնական տեսքի բերել և հասկացա, որ կատարածս աշխատանքը դեռ բավականին հում է: 2016-ի հունվարի առաջին օրերից վերսկսեցի աշխատանքը:
-Այսօր, մեր զրույցի պահին, աշխատանքներն ի՞նչ փուլում են:
-Կարծես հասել եմ ավարտին, իմ կարծիքով գտել եմ կատարյալին մոտ տարբերակը:
-Պարոն Աղամյան, ի՞նչ հանգամանքների բերումով սկսեցիք զինանշանի ուսումնասիրությունը:
-Նախ, զինանշանն ուսումնասիրել եմ նրա գեղագիտական արժեքի տեսանկյունից, ասենք, աջ հատվածը, կոմպոզիցիոն լուծմամբ, ավելի թեթև է, քան ձախ հատվածը, այսինքն, խախտված էր կոմպոզիցիոն հավասարակշռությունը: Սկսեցի ավելի շահագրգիռ ուսումնասիրել մեր պետական զինանշանը, զուգահեռ ծանոթանալով հերալդիկայի պահանջներին և նրբություններին, հայտնաբերեցի բազմաթիվ վրիպումներ ու թերացումներ: Բայց դա չէր սարսափելին ¥սա ասում եմ առանց որևէ չափազանցության¤, զինանշանի մեջ անթիվ փոփոխություններ են կատարվել, որոնք միտումնավոր խեղաթյուրել են պետական զինանշանի իմաստն ու տեսքը և, աննկատ մնալով, կիրառվել են տարիներ շարունակ:
-Հիշեցի Ֆուշեի հայտնի խոսքը Նապոլեոնի մի քայլի առիթով. «Դա ավելին է, քան հանցանքը, դա սխալ է»:
-Սխալը կարելի է ուղղել, իսկ հանցա՞նքը...

«ԱՐԾԻՎՆԵՐԸ ՈՉ ԱՐԾԻՎ ԵՆ, ՈՉ ԷԼ ԱՂԱՎՆԻ, ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԹՌՉՆԱԿՆԵՐ ԵՆ»


-Եկեք «տեղազննենք» հանրապետության պետական զինանշանը աջից ձախ և վերից վար:
-Խնդրեմ: Նախ, սխալների մասին. ըստ իս, դրանք, այնուամենայնիվ, կանխամտածված չեն: Հերալդիկայի օրենքներով վահանահենքը և մեր պահապան (այսինքն՝ երկրի պահապան) կենդանիները պետք է մարտական նկարագիր ունենան: Եթե առյուծ է, նրա ժանիքները պետք է երևան, լեզուն պետք է երևա (ինչը նշանակում է, որ առյուծը զորեղ և առողջ է, ախորժակ ունի, պատրաստ է որսի): Նույնը վերաբերում է արծվին: Առյուծ կոչված կենդանին էլ, տեսեք, ընդհանրապես բաշ չունի:
-Բաշի բացակայությունը զառամության նշան է: Բաշաթափ առյուծին առյուծաընտանիքն է հեռացնում, գազանների նախկին արքան էլ հեռանում է և միայնության մեջ ավանդում հոգին: Հավանաբար, սա են նկատի ունեցել նման առյուծ կերտողները:
-Գուցե: Սակայն, մեղմ ասած, ավելի անհասկանալի բաներ էլ կան: Վահանի վրա պատկերված են մեր թագավորական հարստությունները: Աջ թևում Արշակունյաց հարստությունն է, ձախից՝ Բագրատունյացը: Նրանցից վար, ձախից Արտաշիսյաններն են, աջից՝ Ռուբինյանները: Ահա Կիլիկիայի Ռուբինյան թագավորության զինանշանը, որի խորհրդանիշը գավազանով զինված առյուծն է: ՈՒշադիր դիտենք առյուծի դեմքը, սա խեղկատակի դեմք է, ժամանակակից բառով ասած՝ «սմայլիկ» է: Բագրատունյաց զինանշանի վրա ընձառյուծ է պատկերված, դեմքը ինչ-որ գունդ է, ո՛չ աչքն է երևում, ո՛չ էլ երախը: Արտաշիսյանների զինանշանում բացակայում է մի չափազանց կարևոր բաղադրիչ՝ արևը, նրա փոխարեն ինչ-որ զարդ է: Այս փառահեղ հայոց տիրակալության զինանշանի արծիվները ո՛չ արծիվ են, ո՛չ աղավնի, անհասկանալի թռչնակներ են:
-Ինչպես հայտնի մուլտֆիլմի հերոս Չեբուրաշկան էր գիտությանն անհայտ կենդանի:
-Այո: Իսկ Արտաշիսյանների զինանշանի արծիվը, տեսեք, երկգլխանի է, բայց, ուշադիր զննեք, այն թիթեռնի՞կ է, թե՞ մի այլ բան, դարձյալ անհայտ է և անմեկնելի:

«ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ»


-Պարոն Աղամյան, ինձ թույլ եմ տալիս բնութագրել ՀՀ պետական զինանշանը որպես դավադրություն մեր անկախ պետականության նկատմամբ: Եվ, խնդրեմ, դավադիր ծրագիրը հիանալի գործում է, շատ անտեղյակներ օգտագործում են այս կեղծիքները, որոնք շատ հաճախ, հուշանվերի տեսքով, դուրս են գալիս երկրի սահմաններից:
-Ճիշտ եք նկատել: Իսկ ընդունված և հաստատված զինանշանի թրի ծայրն առհասարակ բացակայում է, և այն շղթայակապ է: Որոշ դավադիր ուժերի սա էլ չի բավարարել, թուրը պատկերել են ջարդված, դրված վահանի վրա: Եվ կարողացել են այս տարբերակը տարածել։ Ավելին ասեմ. պետական զինանշանի մասին ՀՀ օրենքում սահմանված է, որ նրա ներքևի հատվածում պատկերված են թուրը, ցորենի հասկերը, ճյուղը: Ի՞նչ ճյուղ է, հարցնում եմ, պատասխան չկա: Այնինչ, պետական զինանշանում ամեն մի գիծ իր նշանակությունն ու խորհուրդն ունի: Մեր զինանշանի ժապավենը ևս խորհրդազուրկ է: Այնինչ, հերալդիկայի օրենքով, ժապավենը ներկայացնում է երկրի կարգախոսը: Մեր զինանշանի ժապավենը «համր» է: Իմ կարծիքով, այսպիսի խառնաշփոթ չէր լինի, եթե, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրները, մեր երկիրն էլ ունենար երկրի նախագահին կից հերալդիկ խորհուրդ, որի գործառույթներում պետք է լինեն ոչ միայն պետական զինանշանի, այլև բոլոր պետական խորհրդանիշների ուսումնասիրությունը, կարգավորումը և հաստատումը:
-Զինանշանը, ի վերջո, ի՞նչ է խորհրդանշում:
-Մեր անցյալը, մեր էությունը և գալիքի մեր տեսլականը: Զարմանալի է, մեր երկիրը ոչինչ չի՞ ստեղծել 25 տարում, անդեմ և անապագա պետությո՞ւն է: Իհարկե՝ ոչ: Բայց մեր ժապավենը դատարկ է: Այնինչ, աշխարհի հարյուրավոր երկրների զինանշանների ժապավենները կարգախոսերով են հարստացած: Խորհրդակցելով գիտակ մարդկանց հետ՝ զինանշանի վերջնական տարբերակում նաև նշանաբան եմ ներկայացրել: Ի դեպ, հերալդիկայի պատմությունն ուսումնասիրելով, շատ հետաքրքիր, երբեմն էլ անսպասելի նշանաբանների եմ հանդիպել: Օրինակ, Կուբայի կարգախոսն է. «Մահ կամ ազատություն», Կանադայինը՝ «Ծովից ծով», աֆրիկյան երկրներից մեկի զինանշանի վրա հետևյալ նշանաբանն է. «Անկախություն, անձրև և բարգավաճում»:
-Գործերի ընթացքն այս պահին ինչպիսի՞ն է, Ձեզ խոչընդոտո՞ւմ են, թե՞ աջակցում:
-Առարկություններ չկան, առաջարկս արժանացել է պատկան կառույցների հավանությանը: ՀՀ զինանշանի վերջնական տարբերակը ես ներկայացրել եմ կառավարությանը, ի դեմս մշակույթի նախարարության, որն էլ իր հերթին պետք է օրենսդրական նախաձեռնությամբ մտնի Ազգային ժողով:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Խաչատուր Ազիզյան «Հայաստանը ես եմ».  2011 թ.
Դիտվել է՝ 4619

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ