Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանի տնտեսության համար (Երևան, 2016 թ., նոյեմբեր)

Հայաստանի տնտեսության համար (Երևան, 2016 թ., նոյեմբեր)
16.12.2016 | 00:28

(սկիզբը՝ այստեղ)

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Եթե աշխարհի հելիոֆիկացիայի գործընթացը սկսվի Հայաստանից, ապա աշխարհի երկրների համար Հայաստանը կարող է դառնալ մեկ ընդհանուր հելիոպոլիգոն, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել նորագույն կոնստրուկցիաների փորձարկման, նոր տեխնոլոգիաների մշակման, փորձի փոխանակման և մասնագետների վերապատրաստման գործընթացներ: Միջազգային լայն համագործակցությունը մեր մասնագետներին և մեր երկրին թույլ կտա հելիոտեխնիկայի և հելիոտեխնոլոգիաների բնագավառներում ստանձնել առաջատարի դերը` մեր մշտական ներկայությունը պահպանելով աշխատանքի միջազգային բաժանման այս կարևորագույն հատվածում:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ


Ռուսաստանը և Ղազախստանն ունեն արևային տեխնիկայի զարգացման իրենց մոտիվացիան, որը հատուկ է էներգետիկ պաշարներով հարուստ երկրներին: Այդ երկրներն ապրում են էներգակիրների արտահանման հաշվին և գիտեն, որ օրերից մի օր դրանք սպառվելու են: Եթե այդպես է, ապա յուրաքանչյուր էներգետիկ գերտերություն երազում է, որ իր պաշարները սպառվեն վերջում: ԱՄՆ-ն այդ խնդիրն արդեն լուծել է` 60-ական թվականներից դադարեցնելով նավթի արդյունահանումը և անցնելով ներմուծվող վառելիքի: Ռուսաստանն իր էներգետիկ մահակի գործողության ժամկետը փորձում է երկարաձգել նավթային և գազային նոր հանքավայրեր շահագործելով Սիբիրում ու Արկտիկայում` չմոռանալով նաև զարգացնել արևային էներգետիկայի ոլորտը:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Այս համագործակցությունը կարելի է արդեն սկսված համարել: Հելիոպոլիգոն կազմակերպելու համար մեծ սիրով մեզ հողամաս և արտադրական տարածքներ է Սպիտակում տրամադրել ֆրանսահայ գործարար Վազգեն Մելքոնյանը: Արևային տեխնիկայի բնագավառում ներդրումներ և համատեղ աշխատանքներ կատարելու ցանկություն են հայտնում բազմաթիվ հայ գործարարներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից: Խնդիրը կարևոր է ոչ միայն ֆինանսական ներդրումների առումով: Հայրենիք-սփյուռք համագործակցությունը մեզ թույլ կտա լուծել բազմաթիվ կարևոր խնդիրներ.
ա) Սփյուռքում կազմակերպել հայկական հելիոտեխնիկական սարքերի բազմաթիվ բազային գործարաններ` տեղական և հարակից շուկաները սպասարկելու նպատակով: Կիսաշրջափակված, վատ ճանապարհներ և կոմունիկացիաներ ունեցող Հայաստանում շատ դժվար է լինելու սերիական արտադրություն կազմակերպելը: Հայաստանում հումքի ներկրման և պատրաստի արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերը միշտ էլ բարձր են լինելու, էներգակիրները ևս, ինչը կազդի արտադրանքի ինքնարժեքի վրա: Ավստրալիայում, ԱՄՆ-ում կամ ՈՒրուգվայում նման խնդիրներ չեն առաջանա:
բ) Սփյուռքի գործարարների հետ կազմակերպած հելիոտեխնիկական սարքերի գործարանների առկայության դեպքում տվյալ երկրում (տարածքում) անիմաստ կդառնա նմանատիպ այլ գործարանների կազմակերպումը: Դա թույլ կտա տեղական շուկաներում ստանալ որոշակի առավելություններ:
գ) Աշխարհի տարբեր շրջաններում տեղակայված հայկական ձեռնարկությունները հեռու կմնան ռեգիոնալ տնտեսական ճգնաժամերից:
դ) Հայկական հելիոտեխնիկական գործարանների համար սփյուռքում ավելի հեշտ կլինի լուծել նորագույն տեխնոլոգիաների ու տեխնոլոգիական սարքավորումների և նյութերի ներդրման խնդիրը, որը երկարաժամկետ մրցակցային առավելություն կտա մեր արտադրատեսակներին:
ե) Հելիոտեխնիկական արդյունաբերության բնագավառում ձեռք բերված հաջողությունները օրինակ կծառայեն արդյունաբերության այլ ճյուղերի համատեղ զարգացման համար, ինչի արդյունքում կբյուրեղացվի համահայկական (հայրենիք-սփյուռք) ինտեգրված արդյունաբերություն ստեղծելու գաղափարը: Հայրենիք-սփյուռք արդյունաբերական համալիրի զարգացման համար օգտակար և ցանկալի կլինի բոլոր ռեգիոնալ միավորումների, այդ թվում` Մաքսային միության հետ անդամակցելը:
զ) Հայաստանի բիզնես միջավայրը գնահատվում է որպես միջին ռիսկային (աշխարհի երկրների շրջանում այդ ցուցանիշով մենք գրավում ենք 64-րդ տեղը): Արտասահմանյան ներդրողները հիմնականում խուսափում են նման երկրներում խոշոր ներդրումներ կատարելուց: Հայրենիք-սփյուռք համատեղ արտադրական ընկերությունները կարող են կազմակերպվել այն երկրներում, որտեղ ռիսկայնությունը ցածր է: Հայաստանը կարող է ստանձնել գիտահետազոտական և փորձարարական աշխատանքներ իրականացնելու պարտականությունը: Գիտությունը՝ Հայաստանում, արտադրությունը` սփյուռքում:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ


Կարևոր է, որ Հայաստանը և Ղարաբաղը աշխարհում ճանաչվեն որպես կայուն զարգացման ուղին բռնած արդյունաբերական երկրներ: Եթե զարգացումն ընթանա հելիոտեխնոլոգիաների ուղղությամբ, ապա Հայաստանը և Ղարաբաղը աշխարհի համար կդառնան նաև օրինակելի երկրներ, մենք կստանանք լուրջ քաղաքական դիվիդենդներ: Start up-ի լավագույն հաստատումը կլինեն մեր առաջին հելիոֆիկացված գյուղերը կամ գյուղմթերքների վերամշակման առաջին արևային գործարանները: Ֆինանսական առումով դա ոչինչ է, բայց թույլ կտա խոսել տնտեսական աճ արձանագրող, ինքնաֆինանսավորվող, ժամանակակից արդյունաբերություն ունեցող Հայաստան երկրի մասին, որին Թուրքիան պետք է հատուցում տա:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈԿՈՄՈՏԻՎ


Արևային տեխնիկայի պրակտիկ օգտագործման համար անհրաժեշտ է կազմակերպել բազմաթիվ օժանդակ նյութերի, տեխնիկական սարքավորումների և, հատկապես, կվարցե ամանների և տարաների արտադրություն: Կա երկրների արդյունաբերական մակարդակը գնահատելու մի հայտնի բնորոշիչ. երկիրը համարվում է տեխնոլոգիապես զարգացած, եթե տիրապետում է կվարցե ապակու տեխնոլոգիաներին: Հայաստանն ունի կվարցիտների հարուստ հանքեր և պետք է մտածել կվարցային ամանների արտադրության առաջին գործարանը կազմակերպելու մասին: Կվարցե ամանները պետք են լինելու և՛ հայկական արևային սրճարաններին, և՛ մեր ֆերմերներին, և՛ արևային ջեռուցման համակարգերին որպես նախատեսված բարձրջերմաստիճանային կլանիչների կոնստրուկցիայի կարևոր բաղադրիչ:

ԱՐԵՎԱՅԻՆ ՍՐՃԱՐԱՆՆԵՐ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ


Միայն արևի էներգիա օգտագործող արևային խոհանոց-սրճարանների գաղափարը շատ կենսունակ է: Նման հայկական սրճարաններ կարող են կազմակերպվել աշխարհի տարբեր ծայրերում սփռված հանգստյան գոտիներում և, հատկապես, լողափերում: Այդ սրճարանների համար որպես տեխնոլոգիական սարքավորումներ օգտագործվելիք հելիոհամակարգերի ծավալները հաշվվում են 2 տրիլիոն դոլարի սահմաններում` չհաշված այն ապրանքների և ծառայությունների եկամուտները, որոնք կարող են բերել այդ սրճարանները: Հիշենք, որ լողափերում հանգստացողները հարուստ և իրենց անձի համար շռայլություններ թույլ տվող մարդիկ են: Դա էլիտար շուկա է:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Տարբեր երկրներում գործող կանաչների միությունները և էկոլոգիական տարբեր կազմակերպություններն իրենց հավաքները կարող են անցկացնել հայկական արևային պոլիգոններում, կարող են կազմակերպել էկոլոգիական երիտասարդական խաղեր, կանաչ օլիմպիադաներ և այլն: 2002 թվականին մեզ հաջողվեց անցկացնել «Արևային խաղերի» անդրանիկ մրցումները «Golden Spoon» մրցանակի համար` դպրոցական և ուսանողական թիմերի մասնակցությամբ: Շատ հետաքրքիր խաղեր են դրանք: ՈՒնենք հելիոֆիկացիայի դրոշը և օրհներգը` հայերեն և անգլերեն տարբերակներով:

ՀԵԼԻՈՖԻԿԱՑԻԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Ակադեմիկոս Պարիս Հերունու ջանքերով արևային տեխնիկայի գաղափարները խոր արմատներ են գցել Հայաստանում: Հայ ազգը շատ է մտածում այդ ուղղությամբ: Մենք ամեն օր բազմաթիվ նոր գաղափարներ և նորարարական առաջարկություններ ենք ստանում մեր քաղաքացիներից: Մեր բանվորների, ինժեներների և գիտնականների նորարարական ակտիվությունն ուղղակի զարմանք է առաջացնում: Առավել զարմանալի է, որ իրենց սեփական գաղափարները մարդիկ պատրաստ են տրամադրելու անվճար` հանուն Հայաստանի: Աշխարհի որևէ երկրում նման երևույթի չես հանդիպի: Հայաստանի դեպքը յուրահատուկ է, ինչը մեծ հույսեր է ներշնչում: Մեր քաղաքացիների հետ մենք կարող ենք ստեղծել միասնական ժողովրդական արևային գիտություն: Դա մեր հաջողությունների գրավականն է: Ժամանակային որոշակի առավելությունը, որը մենք ստացել էինք մեր մրցակիցների նկատմամբ (Պարիս Հերունու շնորհիվ մենք 20 տարի առաջ սկսեցինք այն աշխատանքները, որոնց վրա այսօր աշխատում են աշխարհում), հավանաբար, մենք կորցնելու ենք` ի չիք դարձնելով մրցակցային տնտեսություն ստեղծելու այսօրվա մեր ռեալ հնարավորությունները: Հայաստանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու այլ ճանապարհ, եթե ոչ հելիոտեխնիկական արդյունաբերության տեմպային զարգացումը, համենայն դեպս, ես չեմ տեսնում:

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր,
երկրների ու աշխարհամասերի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ