Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Այն մարդիկ, ովքեր բարձրակարգ սպասարկման սկզբունքների կրողը չեն, մեր համակարգում տեղ չունեն»

«Այն մարդիկ, ովքեր բարձրակարգ սպասարկման սկզբունքների կրողը չեն, մեր համակարգում տեղ չունեն»
16.03.2018 | 01:05

Այն, որ ժողովուրդը միշտ դժգոհ է եղել կենսաթոշակների համակարգում նեգատիվ երևույթներից, նորություն չէ: Վերջապես կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ նախագահի և վարչապետի ուշադրության առանցքում հայտնվեց, ինչը բնական է, քանի որ այս համակարգը անուղղակիորեն արտացոլում է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մոտ կես տարի կենսաթոշակային հիմնադրամը փորձում է լուծել կուտակված խնդիրները: Այս և հրատապ մեկ-երկու հարցի շուրջ զրուցեցինք սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

-Ստանձնելով պաշտոնը՝ վերցրիք նաև բարեփոխումների պատասխանատվությունը և միևնույն ժամանակ նշել էիք, որ կադրային ջարդ չի լինելու, սակայն մեկ ամիս է՝ մարդիկ խոսում են, որ մեկը մյուսի հետևից փոխվում են ստորաբաժանումների ղեկավարները: Ինչպե՞ս կբացատրեք դա:
-Ստանձնելով պաշտոնը՝ առաջին իսկ օրվանից այցելել եմ ծառայության 51 տարածքային բաժին և ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Ծառայությունն ունի 600-ից ավելի աշխատակից, որոնց հետ հանդիպելով, ներկայացրել եմ բարձրագույն իշխանության և իմ աշխատանքային սկզբունքներն ու պահանջները՝ լինել արդար, ազնիվ և մատուցել բարձրակարգ ծառայություն բոլոր շահառուներին, հատկապես տատիկ-պապիկներին:
Մենք՝ լինելով ծառայություն մատուցող կազմակերպություն, պարտավոր ենք ապահովել բարձրակարգ սպասարկում՝ զերծ մնալով անհարկի քաշքշուկներից և կոռուպցիոն ռիսկերից, իսկ այն մարդիկ, ովքեր այս սկզբունքների կրողը չեն կամ չեն շարժվում մեզ համընթաց, մեր համակարգում տեղ չունեն:
Անդրադառնալով փոփոխություններին՝ նշեմ, որ համակարգում իրականացվում է բարեփոխումների մի մեծ շղթա, առանձնացնեմ 4 հիմնական ծրագրերը:
Առաջին ծրագիրը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումն է, մասնավորապես՝ առաջին և երկրորդ, այսուհետ նաև երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց համակարգի միջոցով լրացնելը: Քաղաքացին, տանը գտնվելով, կարող է այցելել Epension.am կայքի համապատասխան տիրույթ և լրացնել իր դիմումը:
Այս բարեփոխումների շրջանակում հնարավոր է դարձել կրկին առցանց եղանակով դիմում լրացնել նաև թաղման նպաստ նշանակելու համար:
Երկրորդ կարևորագույն ծրագիրը զինվորական կենսաթոշակները և զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների պարգևավճարները նշանակելու և վճարելու գործառույթը էլեկտրոնային կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի միջոցով իրականացնելու ենթահամակարգն է: Այս պահի դրությամբ մոտ 25000 անձ ունի զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք: Նրանք են պաշտպանության նախարարության, արդարադատության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողները:
Երրորդ խոշոր ծրագիրը, որ իրականացնում է ծառայությունը, աշխատանքային գրքույկների հաշվառումն ու դրանցում առկա տեղեկատվության թվայնացումն է:
Բարեփոխումների շրջանակներում իրականացվող չորրորդ խոշոր ծրագիրը գործատուի վերաբերյալ տեղեկատվությունը հաշվառելու և աշխատանքային ստաժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու ենթահամակարգն է:
-Ձեր իրականացրած բարեփոխումներն այս ընթացքում որքա՞ն են գործնականում նկատելի՝ հատկապես կոռուպցիայի նվազեցման առումով:
-Պատգամավոր եղած տարիներին բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ կողմ եմ կոռուպցիայի դեմ պայքարին: Կոռուպցիան միայն գումար տալն ու վերցնելը չէ, այն կարող է լինել համակարգային բնույթի և ունենալ ավելի խոր արմատներ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի ամենօրյա ազնիվ ու սրտացավ աշխատանքը, համակարգում հետևողական լինելը:
Ինչ խոսք, համակարգում կան շատ խնդիրներ, որոնք աստիճանաբար լուծելի են դառնում: Օրինակ՝ ծառայության աշխատակիցների հետ իրականացվում են պարբերական վերապատրաստման դասընթացներ, որոնք նպաստելու են կառույցի մատուցած ծառայությունների որակի բարելավմանը:
-2017-ին կարողացել եք խնայել շուրջ 5 մլրդ դրամ: Ինչի՞ հաշվին:
-Այո, մենք խնայել ենք բավականին գումարներ: Խնայելու առումով պետք է նկատի ունենանք այն ծրագրերի համար առանձնացված գումարները, որոնք իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խնայել ենք շուրջ 5,2 մլրդ դրամ, որից 4,5 միլիարդը տարվա ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:
Ընդգծեմ նաև, որ 2,1 մլրդ դրամ տնտեսվել է աշխատանքային կենսաթոշակի ծրագրից, ինչը հիմնականում պայմանավորված է եղել աշխատանքային ստաժի տարիների նվազեցմամբ և խիստ վարչարարությամբ:


Զրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 6077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ