Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կոնֆուցիոսի աֆորիզմն արհամարհող առաջնորդների շուրջ անխուսափելիորեն ձևավորվում է ինտելեկտուալ և մասնագիտական վակուում

Կոնֆուցիոսի աֆորիզմն արհամարհող առաջնորդների շուրջ անխուսափելիորեն ձևավորվում է ինտելեկտուալ և մասնագիտական վակուում
09.10.2024 | 13:14

Կոնֆուցիուսի միտքը՝ «եթե դու սենյակի ամենախելացի մարդն ես, ուրեմն սխալ սենյակում ես», կարելի է դիտարկել ինչպես իմաստասիրական, այնպես էլ քաղաքագիտական ոսպնյակի ներքո՝ բացահայտելով մարդկային վարքի, հանրության և առաջնորդության խորը կողմերը:

Իմաստասիրական (փիլիսոփայական) տեսանկյունից այս աֆորիզմը ընդգծում է մշտական ինքնակատարելագործման և սովորելու կարևորությունը, այսինքն՝ յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի փնտրել այնպիսի միջավայրեր, որտեղ նա հնարավորություն ունի սովորելու ավելի փորձառու և խելացի մարդկանցից, քանի որ մի միջավայրում, որտեղ դուք ամենախելացին եք, դուք զրկված եք անձնական և ինտելեկտուալ աճի հնարավորությունից, ինչը հակասում է շարունակական ինքնազարգացման ձգտումներին։

Մտածողը, ըստ էության, խոնարհության և սեփական սահմանափակումների գիտակցման կոչ է անում: Հպարտության և ինքնագոհության նշանները խանգարում են մարդուն տեսնել իր թույլ կողմերը և խոչընդոտել դրանց զարգացմանը: Հասկանալը, որ միշտ կա ինչ-որ բան, որ կարող ես սովորել ուրիշներից, օգնում է քեզ պահպանել օբյեկտիվ տեսակետ քո սեփական կարողությունների մասին: Սոցիալական փոխազդեցության առումով էլ է կարևոր գտնվել քեզնից ավելի խելացի մարդկանց շրջապատում, քանի որ դրանով խթանում ես քո ինտելեկտուալ ակտիվ լինելը, ինչը, աներկբայորեն, օգնում է զարգացնել քննադատական մտածողությունդ և գիտելիքներդ:

Քաղաքագիտական տեսանկյունից առաջնորդի կամ քաղաքական գործչի համար հատկապես կարևոր է, որ ինքը շրջապատված լինի գրագետ և իմաստուն շրջապատով ու ենթականերով: Կոնֆուցիուսի այս աֆորիզմը կարող է մեկնաբանվել որպես ուղերձ կամ առաջարկություն առաջնորդներին՝ ձգտել շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, ովքեր կարող են մարտահրավեր նետել հենց իրենց՝ խելացի գաղափարներով և քննադատությամբ՝ հանգեցնելով ավելի հավասարակշռված և տեղեկացված որոշումների:

Սակայն ավտորիտար ռեժիմների դաժան իրականության մեջ առաջնորդները նպատակաուղղված կերպով իրենց շուրջն են հավաքում այնպիսի մարդկանց ու ենթակաների, որոնց մտավոր և մասնագիտական կարողությունները ակնհայտորեն զիջում են իրենց կարողություններին: Սա պատահական չէ, այլ՝ հստակ մտածված մտադրություն, քանի որ նման առաջնորդները վախենում են իրենց կարգավիճակին սպառնացող ցանկացած սպառնալիքից և, հետևաբար, նախընտրում են թույլ, անդեմ կատարողների, ովքեր չեն համարձակվում վիճարկել իրենց հեղինակությունը:

Սակայն գրագետ և քննադատաբար մտածող գործընկերների բացակայությունը հանգեցնում է որոշումների կայացման որակի վատթարացման, ինչը անխուսափելիորեն հանգեցնում է ամբողջ համակարգի դեգրադացմանը: Նման կանոնը, ի վերջո, պարզվում է, որ երերուն է և խոցելի, քանի որ այն չի հիմնվում իրական հմտության և իմաստության վրա, այլ միայն վախեցած ենթարկվելու բնազդի վրա։ Կոնֆուցիոսի աֆորիզմն արհամարհող առաջնորդների շուրջ անխուսափելիորեն ձևավորվում է ինտելեկտուալ և մասնագիտական անկման վակուում, և չնայած իրենց թվացյալ ուժին, նրանք գնալով ավելի մեկուսացված և խոցելի են դառնում, վերջիվերջո՝ կորցնելով իրենց քաղաքական առաջնորդությունը:

Մեր իրականության մեջ, սակայն, նման առաջնորդի քաղաքական գոյությունը երաշխավորվում է ոչ թե անդեմ ենթակաների քանակով կամ այն հանգամանքով, թե որքանով են նրանք խելամտորեն և արդյունավետ կերպով կարողանում ղեկավարել ընդունակ և խելացի հանրությանը, այլ այդ հանրության՝ խելացի և ուժեղ առաջնորդությամբ ընդվզելու կարողության բացակայությամբ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 9234

Մեկնաբանություններ