Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Շոուն ավարտվեց, սակագինը բարձրացավ

Շոուն ավարտվեց, սակագինը բարձրացավ
17.06.2015 | 15:39

Լրագրողների «ամո՛թ, ամո՛թ» բացականչությունների ներքո ավարտվեց Հանրային ծառայությունները կարգավորող «անկարգ» հանձնաժողովի նիստը: ՀԾԿՀ-ն որոշեց էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,99 դրամով, չնայած նիստին ներկա հրավիրվածների առաջարկին՝ հետաձգել քննարկումները:
«Ճիշտ է, սակագնի բարձրացումը կազդի բոլորիս բյուջեի վրա, բայց ինչ անենք, սա մեր խաչն է, պետք է տանենք», քվեարկությունից առաջ այսպես հորդորեց քվեարկողներին Ռոբերտ Նազարյանը: Գուցե և ՀԾԿՀ-ի նախագահի և քվեարկողների անձնական բյուջեի համար այդ խաչը շատ թեթև լինի, սակայն ժողովրդի մեծամասնության համար դա հավասարաժեք է գիլիոտինի:
Հանձնաժողովի թասիբին չկպավ նաև այն փաստը, որ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը չէր ներկայացել, բայց փոխարենը հաթաթա էր ուղարկել հանձնաժողովին, որը հեշտությամբ ներկայացրեց ՀԾԿՀ նախագահը: Նամակում նշված էր, որ եթե իրենց հայտը չբավարարվի, ապա պատասխանատվություն չեն կրում հետագա աշխատանքների որակի համար: Ի դեպ, ՀԷՑ-ը մեղադրել էր նաև հանձնաժողովին իրենց հայտում ներկայացված առաջարկների նկատմամբ համակարգված մոտեցում չցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ Եվգենի Բիբինը մի քանի օր առաջ մեղադրել էր նաև ՀՀ կառավարությանը և անտեսել ԱԺ-ի բաց լսումները: Թեև օրինաչափ է, երբ կշեռքի մի նժարը իր քաշը թեթևացնում է, մյուս նժարում աղբ էլ լինի՝ ծանրանալու է: Ինչևէ:
Նիստին ներկա ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և ՀԿ-ների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր բարձրացրին, որոնց լուրջ և հիմնավոր պատասխաններ այդպես էլ չտրվեցին: Մեզ հետաքրքրում է մեկ հարց. ինչո՞ւ չի խոսվում, թե տարեկան որքան գումար է հավաքագրվում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց, և արդյոք այդ գումարները չե՞ն փակում այն հիմնավորված ծախսերը, որոնց վրա շեշտադրում արեց հանձնաժողովը:
Մինչ ընթանում էր նիստը, դրսում ժողովուրդը պահանջում էր չբարձրացնել սակագինը: Նիստի ընթացքում բախում տեղի ունեցավ բողոքողների և իրավապահների միջև: Նիստից հետո բողոքի ցույցը շարունակվեց:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1286

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ