Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ցանկացած ներդրողի հետ վարչապետը պատրաստ է հանդիպելու»

«Ցանկացած ներդրողի հետ վարչապետը պատրաստ է հանդիպելու»
17.01.2017 | 01:17

Այս տարվա սեպտեմբերից վարչապետ Կարեն Կարապետյանը յուրաքանչյուր նիստի ժամանակ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների հստակ հանձնարարականներ է տալիս։ Քանի որ այդ հանձնարարականների նպատակը տնտեսության զարգացումն է և գործարար միջավայրի բարելավումը, ապա հետաքրքիր է՝ այդ հանձնարարականների արդյունքը տնտեսավարողները գործնականում նշմարո՞ւմ են՝ հարցրինք «Հայրենական արտադրողների միության» նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ։

-Առաջինը, որ նկատելի է, հարկային վարչարարության թուլացումն է, յուրաքանչյուր նիստում վարչապետը հարկային մարմիններին հորդորում է տնտեսավարողների հանդեպ դրսևորել օգնողի մոտեցում,- ասաց պարոն Սաֆարյանը:- Դյուրացվել է նաև ապրանքների ներմուծման հարցը։ Աշխատանք է տարվում մենաշնորհների թուլացման ուղղությամբ։ Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը հատուկ հանձնարարեց մաքսային մարմիններին ավելի արդյունավետ աշխատել, խոչընդոտներ չստեղծել ներմուծման գործընթացներում։ Այս դրական փոփոխությունները գործնականում զգացվում են։ Ինչ վերաբերում է ներդրումներին, մասնավորապես խոշոր ձեռնարկություններում, ապա դրա համար պետք է ներկայացնել հստակ ծրագրեր։ Ինչո՞վ է վարչապետի ոճը տարբերվում այս հարցում. նա ցանկացած ներդրողի հետ պատրաստ է հանդիպելու։
-Իսկ ի՞նչ է, մյուս վարչապետները պատրաստ չէի՞ն դրան։
-Համենայն դեպս, այն փաստը, որ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց տնտեսության և ներդրումների նախարարության, վկայում է հարցին վարչապետի նոր մոտեցման մասին։ Այդպիսով ցանկացած ներդրող կարող է ազատորեն իր ծրագիրը ներկայացնել և քննարկել թե՛ վարչապետի, թե՛ տնտեսության և ներդրումների զարգացման նախարարի հետ։ Իհարկե, մյուս վարչապետները ևս իրենց ներդրումը ունեցել են մեր տնտեսական կյանքում։ Պետք է նշեմ, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք ընդունվեց «Արդյունաբերության զարգացման մասին» հայեցակարգը, ինչը ոլորտի համար շրջադարձային եղավ։ Ես, իհարկե, մնում եմ այն կարծիքին, որ տնտեսության աշխուժացման համար կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի տնտեսության հիմնական՝ արդյունաբերության ոլորտին, որի մեջ առավել կարևորում եմ մեքենաշինության և սարքաշինության ճյուղերի զարգացումը։ Մեքենաշինությունը Հայաստանի տնտեսությունում միշտ էլ առաջնային դերակատարություն է ունեցել։ Խորհրդային ժամանակներում մեր ՀՆԱ-ի 66 %-ից ավելին կազմել է արդյունաբերությունը, որի մեջ 26- 26,5 %-ը բաժին է հասել մեքենաշինությանը։ Այսօր հնարավորություն կա այս ոլորտը զարգացնելու, քանի որ Ռուսաստանը նման պահանջարկ ունի և պատվերներ է տալիս։
-Այո, բայց մեր այսօրվա գործարանների սարքավորումները հնարավորություն կտա՞ն իրականացնելու այդ պատվերը։ Մեր գործարանները «կիսամեռ» վիճակում են և պահանջում են լուրջ ներդրումներ։
-Ճիշտ եք, խնդիրը հենց այդ է։ Մեր գործարանները, ցավոք, պատրաստ չեն այդ պատվերներն ընդունելու։ Տարիներ շարունակ այդ ոլորտը բարձիթողի վիճակում է եղել, շատ գործարաններ կազմալուծվել են, եղածներն էլ լիարժեք չեն աշխատում։ Գործողներից քիչ թե շատ աշխատում են «Ինտերստանոկը» և Չարենցավանում մի քանի փոքր գործարաններ, իսկ միութենական նշանակության նախկին գործարանները գրեթե կանգնած են։ Այդ խնդրի կարգավորմանն է միտված այն ցանկը, որը մենք ստացել ենք, և որը պետք է լուրջ քննարկման թեմա դառնա Հայաստանի և Ռուսաստանի կողմից։ Կարծում եմ, պետք է ստեղծել ինչ-որ մի մարմին՝ Ռուսաստանի ներկայացրած մոտ 500 պատվերը տեղակայելու ուղղությամբ, սրան զուգահեռ ստեղծել հիմնադիր ֆոնդ, ոլորտը վերագործարկելու նպատակով։ Ռուսական կողմից կարող է ներգրավված լինել «Ռոստեխնոլոգիա» պատվիրատու կորպորացիան, իսկ հայկական կողմից՝ Հայաստանի զարգացման հիմնադրամը։ Մեքենաշինության և սարքաշինության ոլորտի զարգացումը մեզ համար օրակարգային հարց է, որը ներկայացրել ենք վարչապետին, և եթե առաջիկայում նրա հետ հանդիպում լինի, մենք խոսելու ենք այդ գործարաններին անհրաժեշտ նյութական և կազմակերպչական միջոցների մասին։
-Ռուսաստանը շահագրգռված կլինի՞ այստեղ ներդրումներ անելով, և ընդհանրապես, եթե նկատենք, որ վերջին 10 տարում ներդրումները նվազել են, ապա կարծում եմ, խիստ կարևոր խնդիր է՝ ինչպես նորից շահագրգռել ներդրողներին։
-Ներդրումների ծավալների ավելացման համար, կարծում եմ, առաջին հերթին պետք է օգտագործել ներքին ռեսուրսները։ Հայաստանում մեծ գումարներ կան, որոնք կուտակված են որոշ մարդկանց ձեռքում։
-Այո, բայց այդ մարդիկ մեծ մասամբ առևտրով և սպասարկման բիզնեսով են զբաղվում ու առանձնակի հետաքրքրություն չեն դրսևորում արդյունաբերության նկատմամբ։
-Այո, ցավոք, շատերը առավոտյան գումարը դնում են, երեկոյան շահույթ ստանում։ Կարծում եմ` պետք է կառավարության հետ համատեղ այդ մարդկանց միջոցներն ուղղել դեպի արդյունաբերությունը, ըստ որում` դա անել մասնավոր-պետություն գործիքակազմի կիրառմամբ։ Այսինքն, ոչ թե մասնավորին հորդորել ներդրում կատարելու, աշխատեցնելու որևէ արդյունաբերական գործարան, այլ այդ գործարանում ներդրում կատարի նաև պետությունը։ Ի դեպ, պետություն-մասնավոր գործիքակազմի կարևորությունը տարբեր առիթներով ընդգծել է նաև վարչապետը։ Հաջորդ պատճառը, թե ինչու պետությունը քիչ փող ունի, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ վերջին 16 տարում Հայաստանից դուրս է եկել 44 մլրդ դոլար՝ դրսից ապրանքներ գնելու նպատակով։ Այսինքն, ներմուծումը կազմել է 44 մլրդ, իսկ արտահանումը՝ 16 մլրդ դոլար։ Ստացվում է, որ մենք 27 մլրդ դոլարից ավելի բացասական հաշվեկշիռ ենք ունեցել։ Հիմա եթե նշված ժամանակահատվածի կառավարությունը կազմակերպեր կամ մասնակցեր ներմուծման գործընթացներին գոնե 10 %-ով և մասնակցություն ունենար այդ ապրանքների իրացմանը մեծածախ առևտրում, ապա կարող էր 5 % առևտրային շահույթ ունենալ, ինչի պարագայում մոտ 200 մլն դոլար ներդրած կլիներ արդյունաբերությունում, առևտրային կապիտալը կտեղափոխվեր արդյունաբերություն։ Դա չի արվել, և մենք՝ «Հայրենական արտադրողների միությունը», այդ ժամանակահատվածը գնահատում ենք կորցրած հնարավորությունների ժամանակահատված։ Հիմա, այդ իրողությունից ելնելով, պետք է հետևություններ անել։ Այդ իմաստով շատ ճիշտ կլինի ՌԴ-ի օրինակով ստեղծել արդյունաբերական գործակալություն։ Գուցե դուք հարցնեք՝ ինչի՞ համար, եթե գործում է տնտեսության և ներդրումների նախարարությունը։ Նշեմ, որ Ռուսաստանում ևս գործում է արդյունաբերության և առևտրի նախարարությունը։ Մենք չունենք արդյունաբերական ուղղվածության գործակալություն, ոչ էլ նախարարություն։ Եթե մենք ունենայինք արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարություն, ապա հնարավոր կլիներ արտաքին առևտրից առաջացած միջոցները ներդնել արդյունաբերությունում։ Ի դեպ, նման նախարարությունը չպետք է լինի ֆունկցիոնալ, այն պետք է լինի ճյուղային ֆունկցիոնալ։ Այդպիսով ճյուղը կկառավարվի իր միջոցներով, և պետությունը փայատեր կլինի ռազմավարական նշանակության բոլոր գործարաններում։

Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ