Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ԱՄՆ-ը հնարավոր շփման կետեր է որոնում ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ը  հնարավոր շփման կետեր է որոնում ՌԴ-ի հետ
24.03.2018 | 07:41

Նախագահ Թրամփի խոստումը` սպառազինության վերահսկողության վերաբերյալ բանակցել ՌԴ նախագահի հետ, լույս է սփռում Վաշինգտոնի ու Մոսկվայի հնարավոր շփման կետին կտրուկ տարաձայնությունների շրջանում և որոշ շանսեր է տալիս, որ երկու նախագահները կվերսկսեն բանակցությունները սառը պատերազմի դարաշրջանում, որ աստիճանաբար զարգանում է վերջին տարիներին` գրում է Պոլ Սոնը The Washington Post-ում: Ոմանք Պուտինի վերջերս ցուցադրած նորագույն միջուկային զենքերն ընդունեցին քողարկված մարտահավեր ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկողության շուրջ բանակցություններին:

Կրեմլն այդ բանակցությունները համարում է Սպիտակ տան հետ հարաբերությունների վերսկսման ազդանշան: ՌԴ նախագահը հարցազրույց տվեց NBC-ի լրագրող Մեգին Քելլիին ու ոչ մի կասկած չթողեց` Ռուսաստանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման հարցով: Թրամփը վաղուց էր ցանկանում բանակցել այդ հարցով` դեռ 1984-ին նա The Washington Post-ին ասել է, որ ուզում է ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը լինել ԽՍՀՄ-ի հետ միջուկային զենքի սահմանափակումների հարցով բանակցություններում: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը նախազգուշացրեց, որ նման բանակցությունների որևէ ծրագիր չկա, թեպետ Թրամփը պնդում է, որ այդ բանակցությունները պետք է կայանան: Հասկանալի չէ, թե Թրամփը ինչ առաջընթացի կհասնի պառազինությունների վերահսկման հարցով որևէ պայմանավորվածության մեջ մի մթնոլորտում, երբ քաղաքական իսթեբլիշմենտի մեծ մասը կորցրել է վստահությունը Ռուսաստանի նախագահի հետ գործակցության նկատմամբ` հիշելով ԱՄՆ նախագահի ընտրության շուրջ սկանդալները: Պաշտպանության նախարար Դևիդ Մետիսը փետրվարին Կոնգրեսին իր հաշվետվության մեջ ասաց, որ Պենտագոնի մշակած զենքը ԱՄՆ դիվանագետներին ազդեցության լծակներ կտա Ռուսաստանի հետ բանակցություններով, որ թույլ է տալիս ենթադրել` Պենտագոնը նույնպես ցանկանում է դադարեցնել սպառազինությունների սրվող մրցավազքը:


ՙՍպառազինության մրցավաքը գործիք է, որի օգնությամբ ԱՄՆ-ը և ՌԴ-ն կարող են սահմանափակել իրենց մրցակցությունը և զսպել որոշակի շրջանակներում,- ասել է ՈՒկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Սթիվեն Պայֆերը:- Ռազմավարական միջուկային սպառազինության մրցավազքը պետք է որոշակի սահմաններ ունենա: Սպառազինությունների մրցավազքը ձեռնտու չէ որևէ կողմին՚: Թեպետ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են հիմքեր ունենալ վերսկսելու վերահսկողության իրենց պարտավորություններն այդ ոլորտում, ցանկացած ճեղքում կարող է արդյունքներ չտալ երկու կառավարությունների միջև անվստահության բարձր մակարդակի պատճառով: Երկար տարիներ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն պարբերաբար դուրս են եկել սպառազինությունների վերահսկողության պայմանագրից ու մեղադրել են միմյանց պայմանագրի խախտման մեջ: 2002-ին ԱՄՆ-ը դուրս եկավ Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման պայմանագրից, 5 տարի անց ՌԴ-ն կասեցրեց Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի գործողությունը: Այդ ժամանակից ԱՄՆ-ն ու ՌԴ-ն մեղադրում են միմյանց Միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը խախտելու մեջ: Սպառազինության մրցավազքի վերահսկողության ոլորտում համեմատաբար ճեղքում էր СНВ-III պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2021-ին, բայց կարող է 5 տարով երկարացվել: Երբ Պուտինը Թրամփի պաշտոնակալությունից մի քանի շաբաթ անց առաջարկեց երկարացնել СНВ-III պայմանագրի ժամկետը, Թրամփը համաձայնագիրը քննադատեց: Որոշ օրենսդիրներ ու փորձագետներ ասում են, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի СНВ-III պայմանագրի երկարաձգումից, քանի դեռ ՌԴ-ն չի պահպանում Միջին ու փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը: Մյուսները կարծում են, որ Վաշինգտոնը բոլոր դեպքերում պետք է համաձայնի երկարաձգել СНВ-III-ը, թեկուզ պահպանելու համար սպառազինության մրցավազքի վերահսկողության վերջին հենարանը և երկարացնելու ստուգումների մեխանիզմը, որ երկու երկրների զինվորականներն օգտակար են համարում:
Պոլ ՍՈՆ, The Washington Post


Հ.Գ. Ինչ-որ տեղից պետք է սկսել` Թրամփի պատրաստակամությունը ցուցմունքներ տալ Մյուլլերի հանձնաժողովին, վկայում է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է փակել իր ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության էջը ու վստահության վերականգնման քայլեր անել: Ակնհայտորեն նա չի պատրաստվում մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը ձգել այդ հետաքննություններն ու քննարկումները, որ միանշանակ ստվերելու են նախագահական երկրորդ ժամկետի հայտը: Սպառազինությունների մրցավազքի կանխմանը կարող են հաջորդել հարաբերությունների վերականգնման մյուս քայլերը` պայմանավորվածություններն ՈՒկրաինայում ու Սիրիայում, Մերձավոր Արևելքում` ընդհանրապես և գուցե ինչ-որ պահի հարցը հասնի պատժամիջոցների վերացմանը: Գուցե հենց այդ հեռանկարն է փորձում կանխել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը` սրելով ՌԴ-Արևմուտք հարաբերությունները, որ բրեկզիտից հետո կարողանա պահպանել Մեծ Բրիտանիայի նշանակությունը ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար` իբրև ռազմավարական գործընկեր ընդհանուր արտաքին ու ներքին քաղաքականության մեջ: Բայց այդ ռազմավարությունը ինչ-որ պահից կարող է ուղղվել Մեյի դեմ, եթե շարունակի բրեկզիտի հարցում Բրյուսելի հետ անզիջում բանակցությունները: ԵՄ-ն պիտի պաշտպանի իր, ոչ թե իրենից անջատվող երկրի շահերը, և Թերեզա Մեյը պիտի հաշտվի իր երկրի ընտրության ու ԵՄ-ի դիրքորոշման հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ