Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Ստի ոտքերը կարճ են, բայց 44 համարի կոշիկ է հագնում

Ստի ոտքերը կարճ են, բայց 44 համարի կոշիկ է հագնում
09.05.2025 | 19:12

Սովորական կենցաղային իրադրություններում, գիտության, մշակույթի ասպարեզում իմ զարմիկ Վասկի անդեմ ու գորշ գոյությունը գեղեցիկ էակների ներկայությամբ միանգամից փոխվում ու դառնում էր ստեղծագործական ու նպատակասլաց։ Նրա էության անհայտ ընդերքից ստեղծագործական քանքարը ասպարեզ էր բերում մոգոնողական արվեստի բարձրագույն արժեքներ։ Անծանոթ կանանց միջավայրում նա ներկայանում էր ճռճռացող պաշտոնյաների դիմակով, տգետ կանանց մոտ արվեստի ու գիտության բարձունքներում էր, խելացի կանանց մոտ դառնում էր մարզական արվեստի վաստակավոր վարպետ։ Երբ անծանոթ մի կին մի հավաքատեղիում ասել էր, որ ինքը աղային կուտակումներ ունի, Վասկը անմիջապես ներկայացել էր որպես հմուտ մերսող։ Հետո պարզվեց, որ էդ կնոջը... մերսել էր։ Մի խումբ կանանց ներկայացել էր իբր մինիստրի տեղակալ, ու հետո այնպես էր ներկայացրել մինիստրության խոհանոցը, որ մինիստրին իբր “հավաքել ա բուռը” ու իր իսկ բառերով ասած` դարձրել “ճուռճուռի ձագ”։

Խորհրդային շենշող տարիներին Սոչիում ընկերոջ հետ ծանոթանում են մոսկվացի երկու գեղեցկադեմ ուսանողուհիների հետ։ Աղջիկները հարցրել էին` ինչո՞վ եք զբաղվում։ Վասկը ասել է, որ չեն կարող ասել, քանի որ դա պետական գաղտնիք է։ Բայց որոշ ժամանակ անց տեղի տալով աղջիկների թախանձանքին, “հայտնել է”, որ դեսպանատան աշխատողներ են Աֆղանստանում։ Աղջիկները հիացմունքից հրճվել են ու հարցրել` իսկ ի՞նչ եք անում այնտեղ։

- Ինչպես թե՝ ի՞նչ եք անում,- արագ վրա է բերել իմ զարմիկ Վասկը,- դուք քաղաքականապես անգրագե՞տ եք, ի՞նչ է։

Ու լուրջ գաղտնիք հայտնող մարդու խորհրդավորությամբ նայելով աջ ու ձախ ու իբր տեսնելով, որ կասկածելի ոչինչ չկա, ցածր ու խորհրդավոր տոնով ասել է` մենք այնտեղ կառուցում ենք կոմունիզմ։ Բայց նախ կստեղծենք այնտեղ պրոլետարիատի դիկտատուրա, ապա` սոցիալիզմ, այնուհետև` զարգացած սոցիալիզմ, նոր վերջում` կոմունիզմ։ Աղջիկները հիացմունքից կարկամել են։ Նրանցից ավելի հետաքրքրասերը հարցրել է` իսկ աֆղաներեն գիտե՞ք։

- Իհա՛րկե,- վստահ տոնով ասել է Վասկը։

Աղջիկը հարցրել է` այդ դեպքում աֆղաներեն ինչպե՞ս կասեն` Пролетарий всех стран соединяйтесь (Պրոլետարներ՛ բոլոր երկրների, միացե՛ք)։ Վասկը առանց երկար-բարակ մտածելու ասել էր` Պրոլետարլա՛ր օրդադաբուրդախաբարդախուրդա։

- Ինչպե՞ս, ինչպե՞ս,- սովորել ցանկանալով՝ հարցրել էր աղջիկը։

- Պրոլետարլա՛ր, օրդադա՜ բուրդա՛ խաբարդա՜ խուրդա՛,- հատ-հատ կրկնել էր Վասկը։

- А почему у них пять слов, а у нас четыре (Իսկ ինչու՞ է իրենց լեզվում հինգ բառ, իսկ ռուսերենում` չորս,)- փոքր ինչ մտածելուց հետո, հարցրել էր աղջիկը։

- Они добавили-быстро соединяйтесь, так как у них сейчас военная ситуация. (Նրանք ավելացրել են` արագ միացե՛ք, քանի որ իրենց մոտ հիմա ռազմական դրություն է),- արագ մոգոնել էր Վասկը։

Աղջիկները հիացմունքից պապանձվել էին։ Նրանց հետագա հարցերը բախվել էին ինքնակոչ քաղաքական գործչի գաղտնապահության ապառաժին և պատասխան չէին ունեցել, որովհետև Վասկը ժեստերով, դիմախաղով և աղջիկներին ընկալելի խորհրդավորությամբ հասկացրել էր, որ մնացյալը անթափանց քողով պատած գաղտնիք է` քաղաքական եզակի քրմերին լոկ հայտնի։ Պետական գաղտնիքին աշխարհագրականորեն այսքան մոտ լինելը ապշեցուցիչ տպավորություն էր թողել աղջիկների վրա և երախտագիտության անհասկանալի զգացումներ ծնել նրանց հոգում։

Իսկ թե ինչպե՞ս էին ընթացել հետագա իրադարձությունները, ընթերցողի երևակայությունն ավելի մոտ է ճշմարտությանը, քան մեզ հասած կցկտուր ու թափառիկ տեղեկությունները:

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ