ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Պարզապես պատերազմ էր

Պարզապես պատերազմ էր
19.09.2025 | 15:21

Սկիզբը՝ այստեղ

(պարզապես կարդացեք իմ Երկրի պատմությունը. 2-րդ մաս)

Փութով դուրս եկա համալսարանից, որովհետև տղաների հայացքներին այլևս դիմանալ չէի կարող, և քանի որ մեքենաներ չէին երթևեկում, անարգել անցա մյուս մայթը, որտեղ ավտոկայանն էր։ Ավտոկայանի միայն անունն էր մնացել՝ վերևի ցուցատախտակին «ԱՐՑԱԽ» գրված, որովհետև ավտոբուսներ վաղուց չկային՝ բենզինի պատճառով, որ կանգնեին։ Բայց դեռ իներցիայի պես գալիս էին վարորդները, գալիս էր ղեկավարությունը՝ իրարից էներգիա ստանալու, իրար աջակցելու, ինչու չէ նաև ժողովրդի մարտական ոգին բարձրացնելու համար։

Այս անգամ նրանք էլ չկային։ Մեքենաներ ընդհանրապես չկային։ Հայացքս սոսնձում էի ամեն ծառի, ամեն տեսարանի, որովհետև զգում էի, որ դա վերջին անգամ էի անում։

Հոգնած նստեցի կանգառի նստարանին՝ հենց նույն կանգառի, ուր ամիսներ հետո անտեր Ֆրեդիկին պիտի տեսնեինք՝ կարճլիկ ոտները երեխայի պես աջուձախ շարժելիս։ Ձեռքումս պինդ սեղմել էի բանկի իմ հերթի կտրոնը՝ 64։ Այնքան հոգնած ու թևաթափ էի, որ տեղից շարժվել չէի ուզում, հոգիս տաքուկ անկյուն էր ուզում։

Հարազատ գյուղ Այգեստան (Բալլուջա) գնալ չէի կարող, որովհետև թշնանին արդեն Հասանաբադի խաչմերուկում էր։

Պիտի ետ դառնայի հրապարակ, բայց քայլերս չենթարկվեցին ինձ՝ նրանք ինձ քաշեցին՝ բռնելու Տատիկ-Պապիկի մոտ տանող ճանապարհը։

Մենակ էի, ծանոթ մարդ էլ չէի գտնում, որ միասին իջնեինք։ Քամուց քշվածի պես գնում էի։ Կալցեվոյում կանգնեցի՝ շունչ քաշելու համար, և անհագուրդ հայացքս շենքից շենք էի փոխանցում՝ ասես կենդանի տեսանկարահանող կամերա լիներ, որը ինձ հարազատ տեսարանները հավերժ դաջելու էր իմ հոգում։

Կալցեվոյում տեղակայված բոլոր խանութները փակ էին, իսկ կլոր գազոնի գեղեցիկ աստղաձև ձևավորված ծաղիկներն արդեն կոխկրտվում էին թափառական շների և այլ կենդանիների ագրեսիվ պահվածքից։ Ազատություն ստանալով՝ նրանք էլ էին պայքարում տարածքի համար։

Ակամայից հայացքս ուղղեցի կալցեվոյից աջ՝ Տիգրան Մեծ փողոցին։

Այդտեղից էր գազելը մեզ աշխատանքի տանում Խնածախ գյուղ։ Ինձանից անկախ հայացքս պտտեցրի ՝ աղջիկներին, գազելը գտնելու հույսով։

Աղջիկներս չկային... ու այդպես էլ ոչ մեկին չտեսա...

Ներողամիտ ու ցավագին ժպտացի՝ վերջին երեք ամիսը համարյա ոտքով էինք գնում, որն էլ իր հետաքրքրությունն ուներ ու նաև ցավալի պատճառները։

Անգիր գիտեի շենքերի յուրաքանչյուր քարը, ծառը, թուփը։ Մինչև հանրային հեռուստատեսության շենքը՝ այն գեղեցիկ պարսպապատված էր, և պատերին ցեղասպանության զոհ գրողների ակվարելային վրձնանկարներն էին, որը ավարտվում էր Լուչի հետևի շենքի վրա՝ կողապատի ամբողջ բարձրությամբ հսկա նռնենու դաջվածքով։ Նռնենիները՝ իրենց արքայական թագերով և հավերժություն մատնանշող տոհմածառով։

Ես չգիտեի՝ ո՛վ է հեղինակը, բայց որ դա կատաղեցրել էլ թշնամուն և անասնական բնազդները վեր հանել, դա փաստ է և նա առաջիններից այդ շենքերն է՝ պատկերավոր պարիսպներով, հողին հավասարացրել, ասես իսպանական կորիդայի ժամանակ կատաղի ցուլին կարմիր լաչակ են ցույց տվել։ Նա նկարների հայացքներից էլ էր վախենում, ընդամենը ակվարելային նռնենիների թագերից էլ է սարսափում։ Մշակույթ ոչնչացնողն ինքը ստոր, վախկոտ մարդ է։

Հիտլերը բռնագրավված երկրներից միայն մշակութային անտիկվարներն էր տանում իր երկիր։ Իրենց մանսալով պատասխանեմ՝ «էշ նա բիլիր, մոշ նադիր» (էշը ինչ է իմանում՝ մոշը ինչ է»։ Սատանայական քո պոզերը մի օր կջարդվեն թ..... րք ազ....ի։

Ոչ մի բռնապետություն երկար չի տիրել աշխարհում, և տեսել ենք՝ բռնապետներն ինչպիսի վախճան են ունենում։

Կալցեվոյից անցա մյուս մայթը՝ արագացնելով քայլերս, որպեսզի չկորցնեմ հերթս։ Քաղաքից համարյա դուրս եկած, «Մռակած» բենզալցակայանից հարյուր մետր իջել էի, երբ տեսա մուգ կանաչ գույնով մի ՈՒԱԶ, որը բարձրանում էր։ ՈՒշադրություն չէի դարձրել. մտածում էի՝ մերոնք կլինեն, որովհետև ամբողջ քաղաքում երթևեկում էին միայն զինվորական մեքենաները։ Ես լրիվ մենակ էի փողոցում ՝ չհաշված էշերը, ձիերն ու շները, որովհետև բավական հեռացել էի բնակշենքերից։ Այդ պահին նրանք էլ էին ասես աջակցում ինձ՝ զուգահեռ քայլելով, որովհետև միայնությունից սարսափելի բան չկա։

Ակամայից հայացքս նետեցի մեքենայի դիմապակուն։ Ներսից՝ կողապակուց, եկող քամուց փողփողում էին կանաչ, կարմիր, կապույտ գույներով փոքրիկ դրոշները։ Սառեցի տեղում՝ զարզանդ կապեց ինձ։

Տե՜ր Աստված... չկանգնեցի, կողքս էլ պարիսպ էր, որ շեղեի ճանապարհս։ Վայրկենական կապիշոնս գցեցի գլխիս՝ ջայլամի հոգեբանությամբ։

Մեքենան դանդաղեցրեց ընթացքը, թե ինձ թվաց՝ այդ մի քանի վայրկյանը մի ողջ հավիտենություն տևեց՝ Տե՜ր Աստված, Տե՜ր Աստված... այնուհետև լսեցի հեռացող մեքենայի հռնդյունը։ Բավական հեռացել էի քաղաքից, ուստի ցանկացա կտրուկ շրջադարձ անել՝ առանց գլխիցս հանելու կապիշոնը, երբ հետևում մի մեքենա հանկարծակի արգելակեց ու կանգնեց։ Իմ սիրտն էլ հետը կանգնեց։ Այսպիսի՞ն պիտի լինի իմ վերջը՝ Տե՜ր Աստված, այդ պահին մեռնելը երևի ինձ համար երկնային պարգև կլիներ։

Թիկունքից զգում էի՝ ինչպես ճռռալով բացվեց մեքենայի դռնակը։ Մոռացա աղոթքի բառերը... մենակ «վա՜յ մամա» էի ասում...

«Женщина, там опасно, вернитесь».․․ ռուսերենն այդ պահին ինձ երկրորդ ոսկեղենիկը թվաց։ Վախից գիտակցությունս կորցնելու պահ սկսեց։

Երբ մեքենան գնաց ռուսական դրոշով, ես փլվեցի մոտակա բորդյուրին։ Ձիերի խրխնջոցը ինձ վերադարձրեց կյանք։ Վե՜ր կաց, վերջի՛ն հերոս, քեզ Տորք Անգեղ էիր կարծում, նույնիսկ բանակ էիր ուզում կամավոր մտնել, ընդամենը թ.... քի մանկական մի դրոշ ես տեսել, վե՜ր կաց, ամո՛թ է քեզ...

Վազում էի՝ ո՜նց էի վազում։ Շումախերն էլ իր տխրահռչակ մեքենայով չէր հասնի ինձ, վազում էի՝ մոռացած տենդս, մոռացած բանկի հերթս, մոռացած Տատիկն ու Պապիկը (թող ներեն ինձ)։ Ինչքա՜ն քաղցր է կյանքը։Փախչում էի, ինչպես եղբայրս կասեր՝ կաշիս փրկելու։

Նույն արագությամբ կշարունակեի վազել՝ կապիշոնս խոթած գլուխս, եթե չնշմարեի շենքերի ուրվագծերը և մարդկանց զարմացական հայացքները։

Երբ հասա քաղաքամուտքի շենքերին, դանդաղեցրի ընթացքս, չգիտեի վիճակս ինչպիսին էր, որովհետև ինձ խեթ նայողները կարծում էին՝ հերթական անտեր գժի հետ գործ ունեն... համաձայն եմ՝ թող գիժ լինեմ, խելառ լինեմ, միայն թ.... քի ձեռքը չընկնեմ։ Ասես անցել եմ դժոխքի միջով ու դուրս եկել...

Պարզապես պատերազմ էր՝ իր գրված և չգրված օրենքներով....

(շարունակելի)

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ

15.09.2025 թ․

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ