Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչպես են մսխվում հաղթանակները

Ինչպես են մսխվում հաղթանակները
09.05.2013 | 18:25

Մայիսյան հաղթանակների օրերին մեր հասարակական, մշակութային գործիչներից հաճախ ենք լսել, որ մենք մեր հաղթանակներին չենք կարողանում տեր կանգնել, ըստ արժանվույն չենք գնահատում և այլն: Լսում ենք նաև, որ նոր սերունդը չի կարդում, չի ճանաչում Արցախյան պատերազմի հերոսներին, չգիտի մեր նորօրյա պատմությունը: Մի քանի տարի առաջ հեռուստատեսությամբ ցույց էին տալիս ավարտական դասարանների աշակերտների, որոնք չգիտեին, թե ինչ օր է Մայիսի 9-ը, պատկերացում չունեին Ղարաբաղյան ազատամարտի մասին: Իսկ որտեղի՞ց պետք է պատկերացում ունենային: Դպրոցական, բուհական դասագրքերից, որտեղ չկա մեր հաղթանակների մասին որևէ հիշատակում, որտեղ անցյալ դարի իննսունականները հիշատակվում են որպես «ցրտի և մութի տարիներ», որտեղ խոսվում է միայն տնտեսական անկումների մասին:
«Առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը: 1992-1993 թ.թ. երկրապահ կամավորականների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ: 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը: Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը: Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր: Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաև դեռևս 1990 թ. սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը, Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի, Մեղրիի ինքնապաշտպանական վաշտերը>. սա մի հատված է հանրակրթական դպրոցների համար նախատեսված պատմության դասագրքից, որը խմբագրել է ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը: Հայոց ազգային բանակի կազմավորմանը նույն դասագրքում հեղինակներն անդրադարձել են՝ նշելով նաև հետևյալը. «Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի (1959-1999), Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի դերը»: Եվ ոչ մի խոսք ՀՀ առաջին նախագահ և Գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանի մասին: Ոչ մի խոսք Շուշիի ազատագրման, Արցախում տարած հաղթանակների մասին: Այդ դասագրքով ուսանած դպրոցականը, հասկանալի է, ոչ մի պատկերացում չի կարող ունենալ Արցախյան պատերազմի մասին, քանզի չկա որևէ իրադարձության արձանագրում, որևէ հերոսի մասին հիշատակում, ամեն ինչ հարմարեցված է տվյալ ժամանակների իշխող կոնյունկտուրայի ճաշակին և պատմական ընկալումներին:
Արցախյան պատերազմի և նրա հերոսների մասին անգամ ամենաժլատ հիշատակումը՝ փաստերի չոր արձանագրությամբ, շռայլություն է դիտվել դասագրքի հեղինակների համար: Կարծես թե այդ պատերազմը մերը չէր, մեզ չէր վերաբերում, հերոսներն էլ մերը չէին: Իսկ այս ամենն արդեն ոչ միայն կեղծիք է, մեղանչում պատմագիտության նկատմամբ, այլև՝ դիլետանտություն, պատմության նկատմամբ ոչ թե գիտական, այլ՝ սիրողական, թերուս վերաբերմունք ցուցաբերելու անհաջող փորձ:
Թե ինչպես են ներկայացված Մարտի 1-ի իրադարձությունները այդ դասագրքում, հարկ չեմ համարում անդրադառնալ, քանի որ դրանց անդրադարձել եմ քանիցս, և բացի այդ՝ այն կապ չունի նշյալ թեմայի հետ:
Միայն հավելեմ՝ այս դասագրքերով ուսանած երիտասարդը գնում է բանակ, գնում է սահման՝ պաշտպանելու իր հայրենիքը: Իսկ դասագրքի հեղինակները մտորե՞լ են երբևէ, թե պատմական ինչ գիտելիքներ են հաղորդում, ինչ արժեքներով է կրթվում այն զինվորն ու քաղաքացին, որից բանակում՝ մարտունակություն, իսկ առօրյա կյանքում՝ քաղաքացիական գիտակցություն ենք ակնկալում: Հազիվ թե:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ