ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հանուն Պուտինի և ընդդեմ ՀՀ Սահմանադրության

Հանուն Պուտինի և  ընդդեմ ՀՀ Սահմանադրության
02.12.2013 | 12:07

Վաղ առավոտից քաղաքացիական ակտիվիստների մի իսկական որս է սկսվել Երևանում: Բերման են ենթարկվել Զարուհի Հովհաննիսյանը, Օլյա Ազատյանը, Արթուր Պետրոսյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նրանք ոստիկանություն են տարվել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց խոսքի ազատության իրավունքը իրացնելու` «Ոչ Մաքսային գաղութացմանը» գրությամբ պաստառներ փակցնելու համար: Ոստիկանության բաժանմունքում է նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել ոստիկանություն գնալու ճանապարհին: Նարեկը գրել է, որ ոստիկաններ են այցելել իրենց բնակարան և ասել, թե երեկվանից ոստիկանությունը տեղեկություն ունի, որ այսօր Նարեկ Սամսոնյանը «ինչ-որ բռնություններ է կատարելու»: Ոստիկանները նաև փորձել են ներխուժել ակտիվիստ Անի Կուրղինյանի բնակարան: Ենթադրվում է` նրան նույնպես բաժանմունք տանելու համար: Քիչ առաջ լուր է տարածվել նաև, թե իբր ԱԻՆ-ը տեղեկություն ունի, որ նախագահականի հարակից Երևանի Մետրոպոլիտեն կայարանի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված: Այդ հատվածից հեռացնում են մարդկանց, արգելում ազատ անցուդարձը: Ի դեպ` առավոտյան նախագահականի տարածքից հեռացրել են այնտեղ բողոքի նստացույց իրականացնող ընտանիքին: Այս բոլորը` առավոտից ու երկու-երեք ժամվա ընթացքում: Մի քիչ շատ չէ՞ պատահականություն համարվելու համար: Այսօր Հայաստան է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և ժամը 13:00-ին Ազատության հրապարակում մեկնարկելու է բողոքի ակցիան` ընդդեմ Պուտինի այցի և Մաքսային միության: Տեղի է ունենալու երթ դեպի նախագահական նստավայր և ակնհայտ է, որ գործող իշխանությունը ակտիվիստներին բաժանմունքներում պահում է ակցիան խափանելու համար: Ըստ ամենայնի, այդ նպատակին է ուղղված պայթուցիկ սարքի մասին տեղեկատվությունն ու նախագահականի հատվածում մարդկանց անցուդարձի արգելքը: Վաղը գուցե ոստիկանությունը հայտարարություն տարածի, թե պայթուցիկ սարքը տեղադրել էին քաղաքացիական ակտիվիստները: Մեր ոստիկանությունից հեռու չեն նման անհիմն մեղադրանքները` արդարացնելու համար Սահմանադրության ոտնահարմանն ուղղված սեփական գործողությունները:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ