Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Թե կյանք չունեմ արդեն, գեթ երգս վերջացնեմ»

«Թե կյանք չունեմ արդեն,  գեթ երգս վերջացնեմ»
04.02.2014 | 11:49

Վիսոցկին Երևանում ընդամենը մեկ օր է համերգով հանդես եկել, թեև մեր քաղաքում հյուրընկալվել է մոտ երկու շաբաթ: Նրան հարցրել են. «Ինչպե՞ս սկսեցիք երգել»: «Պարզապես պահանջ եմ զգացել երգելու և երգել եմ: Դուք էլ նույնը կարող եք անել: Երկար մի՛ մտածեք: Եթե զգում եք, որ ցանկանում եք երգել, կիթառը վերցրեք ու սկսեք երգել: Համոզված եմ, որ ձեզ ավելի լավ կհաջողվի»,- ասել է նա:
«Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում օրերս տեղի ունեցավ Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 76-ամյակին նվիրված հուշ-երեկո: Դահլիճը լեփ-լեցուն էր: Հնչեցին ծանոթ ու սիրելի երգեր Նարեկ Բաղդասարյանի, Ռուբեն Եղոյանի և Դավիթ Խաչատրյանի կատարմամբ: Վիսոցկու կյանքի ծանոթ ու անծանոթ էջերը ներկայացրեց վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը: Երեկոն հավատարիմ էր իր խորագրին` «Վիսոցկին և Հայաստանը»:
«Իմ հոր երկրորդ կինը իմ երկրորդ մայրն է, իսկ նա հայուհի է»,- ասել է պոետը: Եվգենյա Լիխալատովային (աղջկական ազգանունը` Մարտիրոսովա) նա անսահման քնքշությամբ կոչել է «Ժենյա մայրիկ»:
«Հայկական շրջապատը» Վիսոցկուն ուղեկցել է նաև հետագա տարիներին: Երիտասարդ Վիսոցկու առաջին ձայնագրությունները մտերիմ ընկերոջ` Լևոն Քոչարյանի «ԺվպտՐ 10»-ով են կատարվել: Լևոն Քոչարյանը` ժողովրդական արտիստ Սուրեն Քոչարյանի որդին, անփոխարինելի օպերատոր էր: Նրա շնորհիվ է Վիսոցկին (ում կինեմատոգրաֆիական ճակատագիրն այնքան էլ հարթ չէր, իսկ երգերը հարուցում էին իշխանությունների զայրույթը) կինոյում ստացել իր առաջին դերերը: Վերջապես Լևոն Քոչարյանի տանն է Վիսոցկին ծանոթացել Վասիլի Շուկշինի, Անդրեյ Տարկովսկու, Էդմոնդ Քեոսայանի, Արթուր Մակարովի հետ: Վիսոցկու համար այդ տարիները մեծ նշանակություն են ունեցել: Համերգների ժամանակ նա հաճախ է պատմել ընկերոջ` Լյովայի մասին, ում բնակարանն այդ նույն հայտնի տունն էր` Բոլշայա Կարետնայա նրբանցքում: Այստեղից էլ` «На Большом Каретном» երգը:
«Մեզնից բացի` հանճարներ կա՞ն այս երկրում»,- ասել է Փարաջանովն իր տանը հյուրընկալված Վիսոցկուն: Այդ խոսակցության ձայնագրությունն ավելի ուշ հայտնվել է քննիչի մոտ` Փարաջանովի դեմ հարուցված դատական գործի ընթացքում:
Ժամանակի երկու տաղանդավոր մարդկանց մասին շատ բան հայտնի չէ: Ասում են, որ Փարաջանովը ցանկացել է ֆիլմ նկարահանել Վիսոցկու մասին: Պատմում են նաև, որ 1972-ին Վիսոցկին ու Մարինա Վլադին հանգստանում էին Յուրմալայում: Մի օր նրանց համարի ջուրը կտրվում է: Վիսոցկին զանգում է Փարաջանովին, ով նույնպես Յուրմալայում էր, խնդրում է տրամադրել իր սենյակի բանալին: Փարաջանովի սենյակում զույգը գտնում է հանքային ջուր, սիգարետ և մրգեր: Անակնկալը առջևում էր: Ասում են` ցնցուղի վրա վարդի փունջն այնպես է ամրացրած լինում, որ ջուրը լցվում է Մարինայի վրա` վարդի թերթերով:
Առանձնահատուկ ջերմ ընկերություն է եղել նաև Վլադիմիր Վիսոցկու և Լեոնիդ Ենգիբարյանի միջև: Անվանի արտիստին Վիսոցկին նվիրել է «Ենգիբարյանին` հանդիսատեսից» բանաստեղծությունը:
Վիսոցկին Հայաստան է եկել 1970-ին, ընկերոջ` թարգմանիչ Դավիթ Կարապետյանի հետ: Համերգը կանխավ ծրագրավորված չի եղել: Վիսոցկին խնդրել է ընկերոջը համերգ կազմակերպել մեծ, լավ դահլիճում: Ակումբում, որտեղ պետք է երգեր Վիսոցկին, մագնիտոֆոններ չեն լինում: Դե, նա էլ, առիթից օգտվելով, կատարում է իր ծանոթ ու անծանոթ, այդ թվում` արգելված երգերը: Համերգն անցնում է անասելի ջերմ: Ծրարներով գումար են ուղարկում բեմ: Ծափերն այնքան շատ են լինում, որ գրեթե բոլոր երգերը կրկնում է: Վիսոցկին հուզվում է նման ընդունելությունից: Համերգից հետ հարցնում է կազմակերպիչներին` թե ինչ հաստատություն է դա: Նրան պատասխանում են շատ պարզ` Հայաստանի ՊԱԿ-ն Է: Վիսոցկին հասկանում է, թե ինչու դահլիճում մագնիտոֆոններ չկային: Նրան հանգստացնում են` «Ամեն ինչ կարգին է, նորից եկեք մեզ մոտ, անչափ շնորհակալ ենք»:
Ասում են` Հայաստանի ՊԱԿ-ի արխիվներում մի տառ անգամ նրա մասին չկա:
Հայաստանյան շրջագայության մասին Դավիթ Կարապետյանն իր հուշերում գրել է, որ շատ տեղերում են եղել, գնացել են Սևան: Տեսնելով կղզին` Վոլոդյան ասել է, թե պետք է բարձրանա, վանքերը մոտիկից տեսնի, եթե չեն ուզում գալ, ինքը մենակ կգնա: Հյուրին մենակ չեն թողել, միասին բարձրացել են: Վիսոցկին վանքի պատերն է շոշափել, համբուրել: Ընկերներին մնում էր ափսոսել, որ ոչ ոք իր հետ լուսանկարչական սարք չէր վերցրել: Ասում են նաև, որ նա Երևանում է գրել իր «Ноль семь» երգը, երբ մի քանի անգամ հավաքել է միջքաղաքային հեռախոսահամարն ու զանգահարել Մարինային:
Քչերը գիտեն, որ Վիսոցկին կնքվել է Հայաստանում: Մոսկվայում դա անհնար էր: Դավիթ Կարապետյանն ընկերոջը խորհուրդ է տվել կնքվել Հայաստանում` ավելորդ աչքից հեռու:
Վերադարձին Վիսոցկին իր կնքվելու մասին պատմել է միայն մտերիմ մարդկանց, նաև առաջին կնոջը, համոզված, որ նա ուրախությամբ կընդունի լուրը: Կինը Վիսոցկուն նվիրել է իր տատին պատկանող «Գեորգիևյան խաչը»: Վիսոցկին, ասում են, միշտ կրել է այն: Խաչը, որ երևում է Վիսոցկու լուսանկարներում, ավելի ուշ նվիրել է նրան Միխայիլ Շեմյակինը: Պոետի հայրը, որդու մահից հետո, որոշ հանգամանքներից ելնելով, խաչը կրծքից հանել է: Ասում են, որ ինչ-որ մեկն այն գողացել է: Հավանաբար` հիշատակի համար:
Վիսոցկին երգել է 1965-ից: Պաշտոնապես չճանաչված պոետը միլիոնավոր երկրպագուներ ուներ: Վիսոցկին 600 երգ ու 100 բանաստեղծություն է գրել, ու թեև նրա շատ երգեր արգելված էին, նրան հաջողվել է ավելի քան հազար համերգ ունենալ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, Կանադայում:
Վիսոցկի-դերասանի բեմելը եղել է Պորֆիրի Պետրովիչի դերը «Ոճիր և պատիժ» ներկայացման մեջ` ՈՒսուցչի մոսկովյան տան բեմում:
Նորամուտը կինոյում Վիսոցկին նշել է 1959-ին` «Հասակակցուհիները» կինոնկարում:
1980-ի հուլիսի 16-ին կայացել է նրա վերջին համերգը:
Հանրահայտ դերասանը, բանաստեղծը, երգիչը մահացել է 1980-ի հուլիսի 25-ին` վերջին համերգից ինն օր անց: Նրա մահվան մասին պաշտոնապես չի հայտարարվել, քանի որ Մոսկվայում ընթանում էին Օլիմպիական խաղերը: Միայն թատրոնի դրամարկղի ապակուն փակցվել է համեստ գրություն. «Մահացել է դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻՆ»: Այդ օրը Վիսոցկին Համլետ էր խաղալու:
Ոչ մեկը տոմսը հետ չի հանձնել:
Նա 20-21-րդ դարերի արվեստագետ էր` այդպես են ասում ընկերները: Այս տարի Վիսոցկին կդառնար 76 տարեկան:
Մահացավ 42 տարեկանում, ինչպես «Քմահաճ ձիեր» («Кони привередливые») երգում է ասում. «Թե կյանք չունեմ արդեն, գեթ երգս վերջացնեմ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ