Ահա և եկան Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղերի օրերը: Այսօր կմրցեն «Բավարիա»-«Ռեալ», վաղը՝ «Չելսի»-«Աթլետիկո» զույգերը՝ պարզելու, թե ով է եզրափակչում լինելուն ավելի արժանի: Եթե հիշում եք, առաջին հանդիպումները ոչ մեկին հեշտ կյանք չապահովեցին, և առնվազն միամտություն է կարծելը, թե «Սանտյագո Բեռնաբեուի» 1:0-ն «Ռեալի» համար եզրափակչի հարյուրտոկոսանոց երաշխիք է, կամ այդպիսին է «Չելսիի» մադրիդյան գոլազուրկ ոչ-ոքին: Եթե իրականում ամեն ինչ այդպես պարզունակ լիներ…
ԲԱՐԵՎՆԵՐ՝ ՄՅՈՒՆԽԵՆԻՑ
Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները չի կարելի չտեսնել նաև հանգստյան օրերին ներքին առաջնություններում կողմերի ունեցած խաղերի տեսանկյունից: Ինչ արեցի՞ն: Մյունխենցիները վերցրին ու բավարական ծանր սապոգով անցան «Վերդերի» վրայով (5:2)՝ ընդ որում, խաղի ընթացքում երկու անգամ լինելով պարտվողի դերում: Հինգ անգամ մրցակցի դարպասը գրավելը, միամիտ չլինենք, շատ պարզ, շատ ուղղակի մեսիջ էր «Ռեալին» այն մասին, որ «Բավարիայի» նշանառությունը տեղն է, ու որ արքայական ակումբում այնքան էլ չտրվեն ապրիլի 22-ի խաղում սեփական դարպասը կուսական վիճակում պահելու խաբեությանը: «Բրեմենյան երաժիշտների» հետ հանդիպումում հատկապես տպավորիչ էր ութ րոպեի ընթացքում երեք գոլ ֆիքսելու և խաղի վերջնարդյունքը հօգուտ իրենց ձևակերպելու բավարացիների հրավառությունը: Նկատենք, որ դարպասը գրավել են ոչ թե ոտքերի, այլ գլխի պրոբլեմներ ունեցող Ռիբերին (Մադրիդում ֆրանսիացու թույլ խաղին Գվարդիոլայի տված գնահատականն է), Պիսարոն (երկու անգամ), Շվայնշտայգերը, կարճ ժամանակով խաղադաշտ ելած Ռոբենը: Ասել է թե՝ գնա ու մտածիր, թե որին ես չեզոքացնելու այն դեպքում, երբ սրանց կողքին դարպասի տեղը իմացող էլի խաղացողներ կան թիմում, ու նրանք ոչ մեկն են, ոչ երկուսը:
ՕԴԱՅԻՆ ՀԱՄԲՈՒՅՐՆԵՐ՝ ԼՈՆԴՈՆԻՑ
Դառնանք մադրիդցիների հեռակա պատասխանին: Նրանց «զրուցակիցը» «Օսասունան» էր, որը թեև չկամորեն, այդուհանդերձ, հարկադրված եղավ Ռոնալդուի (երկու անգամ), Ռամոսի, Կարբախալի կրակոցներից հետո չորս անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Ասել է թե՝ Պիրենեյներից հեռագրվեց՝ մեզանում էլ հրացանակիրներ կան, ու նրանք էլ ոչ մեկն են, ոչ երկուսը: Սակայն այս մեսիջի մեջ ավելի խոսունը սեփական դարպասն անառիկ պահելու հավաստում-զգուշացումն էր: Իհարկե, ոչ «Վերդերն» է «Ռեալ», ոչ էլ «Օսասունան» է «Բավարիա», որ հանգստյան օրերի հանդիպումներում գրանցված արդյունքների հիման վրա համաշխարհային երկու գերակումբների երկրորդ դիմակայության հնարավոր ելքի առնչությամբ վերդիկտի տեսքով վճիռ հրապարակենք կամ կարծիք հայտնենք: Եթե դա այդքան հեշտ լիներ, «Վիվարոյի» օգնությամբ կարելի կլիներ հաշված ժամերի ընթացքում դառնալ եթե ոչ համաշխարհային, ապա առնվազն հայաստանյան մասշտաբի ֆինանսական մագնատ՝ բնականաբար առանց տագնապելու, որ համապատասխան մարմիններից երբևիցե կգան կարողությանդ արմատների ծագումնաբանությունը պարզելու ազնիվ մղումով ու, էն բանից եղած, կթողնեն-կհեռանան, թեպետ եթե ֆինանսական սյուն ես, մեր անմեղ իրականությունում ո՞վ է հավիդ քըշ անողը, որքան էլ ունեցածդ անհայտ ծագումնաբանության լինի: Թող գրողի տարածն իր դարդը լացի:
ԳԾԱԳՐՎՈՂ ՆՈՐ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ՝ ՄՈՈՒՐԻՆՅՈ-ՍԻՄԵՈՆԵ
Չորեքշաբթի կայանալիք «Չելսի»-«Աթլետիկո» դիմակայությունը եկեք նույնպես դիտարկենք անցած հանգստյան օրերին ներքին առաջնություններում կողմերի ունեցած հանդիպումների տեսանկյունից ու միանգամից խոստովանենք, որ այստեղ շատ ավելի բարդ է ներկայանում լոնդոնցիների վիճակը, ու դա ավելի շատ թիմերի ղեկակալների կտրվածքով:
Կիսաեզրափակիչ փուլն անցնելու դեպքում «Չելսին» մրցակից է ունենալու կամ Գվարդիոլայի «Բավարիային», կամ Անչելոտիի «Ռեալին»: Առանձնապես մեծ գաղտնիք բացած չեմ լինի՝ ասելով, որ առաջինի դեպքում Մոուրինյոն շատ ավելի մոտիվացված է: Ի դեմս «Բավարիայի», ի՜նչ աշխարհի թիվ մեկ թիմ, երբ կա «Չելսի», և ի՜նչ Գվարդիոլա, եթե, մարզիչ ասելով, աշխարհը բացառապես պարտավոր է հասկանալ Անկրկնելի: Հիշենք, որ նա Եզակի ու Բացառիկ պատվանունները հայտարարել է շրջանառությունից դուրս, քանի որ դրանք ողջ խորությամբ չեն բացահայտում իր Ես-ն ու ունեցած դերը համաշխարհային ֆուտբոլում: «Չելսի» եղած տեղը «թյուրիմացաբար» թիվ մեկ համարվող «Բավարիային» հաղթելու, դեռևս իսպանական առաջնությունից անձնական թշնամի դարձած Գվարդիոլային դաս տալու կամ, զարգացումների մեկ այլ դեպքում, «շանորդի ռեալցիներին» (Անկրկնելիի բառերն են) պատժելու մոլուցքով տառապող Մոուրինյոն ներքին առաջնությունում հասավ նրան, որ ակումբը «Լիվերպուլի» հետ խաղում թույլ տա երիտասարդական կազմ խաղադաշտ հանել (համենայն դեպս այդպես հայտարարվեց), ինչը մեխանիկորեն նշանակում էր՝ պորտուգալացին երկրի ներսում չեմպիոնության համար պայքարը համարում է իր թիմի համար ավարտված ու ամբողջովին ծանրանում է Չեմպիոնների լիգայի վրա: Սակայն հանդիպումը կայացավ ու պարզվեց, որ Մոուրինյոն հերթական անգամ «ֆռռացրել» է ֆուտբոլային հանրությանը: «Չելսիի» կազմի միակ նոր դեմքը քսանամյա չեխ Տոմաշ Կալաշն է, ով, ի դեպ, խաղից լավ էլ «անջատեց» Լուիս Սուարեսին:
Ինչևէ: 2:0 հաշվով հաղթանակը «Լիվերպուլից» «Չելսիի» հետ մնալը հասցրեց երկու միավորի, ինչը վերջինիս համար օդի մեջ կախված թողեց մրցաշրջանն առաջին հորիզոնականում ավարտելու հարցը, քանի որ եթե լիվերպուլցիները հաղթեն մնացած երկու խաղում, նույնն էլ անի «Մանչեստր Սիթին»՝ գումարած ակտիվում ունեցած մեկ ավելի խաղը, ապա «քաղաքաբնակները», միևնույն է, ի հաշիվ լրացուցիչ գործակիցների, շահած դուրս կգան չեմպիոնական մրցավազքում:
Եթե հայավարի դատենք, Մոուրինյոն փաստորեն «քաշեց» Բրենդան Ռոջերսին, ով, ի դեպ, նրա աշակերտն է եղել մարզչական գործունեությունում: Սակայն այսպես մտածելը հարցի հուզական կողմին տուրք տալ է նշանակում, որովհետև Անկրկնելին նախ և առաջ պրոֆեսիոնալ է, իսկ պրոֆեսիոնալիզմը չափ ու կշռի իր միավորն ունի: Այնպես որ պորտուգալացին ներքին առաջնությունում չեմպիոնության պայքարը բնավ էլ չստորադասեց Չեմպիոնների լիգայում սպասվելիք արյունահեղությանը: Ինչ վերաբերում է «Աթլետիկոյի» հետ չորեքշաբթի կայանալիք հանդիպմանը, այդ ո՞ւմ հայտնի չէ, որ, ի դեմս Դիեգո Սիմեոնեի, Մոուրինյոն չի կարող իր կողքին հանդուրժել նոր՝ երկրորդ Գվարդիոլայի, ու արգենտինացուն նրա «Աթլետիկոյով» պիտի ջանա խեղդել օրորոցում, որ հասնի գլխավոր խեղդելիքներին:
«Չելսի»-«Աթլետիկո» դիմակայությունից առաջ, ի դեպ, պակաս ամբիցիոզ վարք չդրսևորեցին և Սիմեոնեի սաները: Մե՞ծ է, թե՞ փոքր, «Վալենսիայի» նկատմամբ տոնած 1:0 հաշվով հաղթանակը, համենայն դեպս ակումբը պահեց աղյուսակի առաջին հորիզոնականում՝ այդ պահելուց զատ նաև ցույց տալով, որ պայքարը երկու ճակատում շարունակում է մնալ «Աթլետիկոյի» օրակարգում, ու լոնդոնցիների հետ ունենալիք վճռորոշ հանդիպումը կաշկանդիչ գործոն չի կարող լինել մադրիդցիների համար: Ռազմական տերմինաբանությամբ եթե արտահայտվենք, սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ մկանունքի ցուցադրում:
Ահա այսպիսի ավարտ ունեցան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած ակումբների հանդիպումները ներքին առաջնություններում, որոնք շատ ավելի խորքային բաներ ունեին իրենց մեջ ծրարած:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ