Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ստեփանակերտում անցկացնելու է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված համագումար

Ստեփանակերտում անցկացնելու է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված համագումար
12.05.2014 | 13:13

ԼՂՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիան (նախագահ` Ալինա Քուշկյան) Արցախի բուժքույրերի միավորման և Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի հետ համատեղ մայիսի 12-13-ին Ստեփանակերտում անցկացնելու է Բուժքույրերի միջազգային օրվան նվիրված «Քույրական գործի արդի խնդիրները» թեմայով համագումար: Համագումարին մասնակցելու է 450 մասնակից ԼՂՀ-ից և Հայաստանից: Երկու օր շարունակ մայրաքաղաքից ժամանած մասնագետներն իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն համաժողովի մասնակիցներին: Բժշկագիտության վերջին նվաճումները, այսօր աշխարհում ընդունելի չափորոշիչները, ուղեցույցները կներկայացվեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական ձևաչափով: Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի նախաձեռնությամբ դասընթացներ կկազմակերպվեն նաև Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջի դասախոսների համար: Կներկայացվեն արդի բժշկական կրթական ծրագրերը, դրանց իրականացման տեխնոլոգիաները, ինչպես նաև նոր չափորոշիչների ներդրումը միջին մասնագիտական կրթական համակարգում: Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջը Ստեփանակերտի պետական բժշկական քոլեջին կնվիրաբերի դասագրքեր, ուսումնամեթոդական ուղեցույցներ, «Բուժքույրական լրատու Էրեբունի» գիտագործնական հանդեսի նմուշներ: Համագումարի շրջանակում հետդիպլոմային կրթական դասընթացները կշարունակվեն ևս մեկ շաբաթ: Այս համագործակցությունը լուրջ ազդեցություն կունենա Արցախի կրթական ծրագրերի զարգացման վրա: Նշենք, որ բուժքույրերի միջազգային օրը աշխարհում նշվում է 1965 թվականից` ի պատիվ անգլուհի Ֆլորենս Նայթինգեյլի: Հենց նրա գլխավորությամբ գթության քույրերն առաջին անգամ իրենց մասնագիտական հմտությունները ցուցաբերեցին Ղրիմի պատերազմի ժամանակ: Այդ տարիներին էր, որ գթության քույրերի դերն առողջապահության ոլորտում կարևորվեց և այդուհետ «բժիշկ» ու «գթության քույր» հասկացություններն անբաժանելի էին: 141 երկրի բուժքույրեր միավորվելով մեկ մասնագիտական հասարակական կազմակերպության շուրջ` ձևավորեցին Բուժքույրերի միջազգային խորհուրդը, որն աշխարհում կանանց առաջին մասնագիտական կազմակերպությունն է: Հայաստանում մասնագիտական այս տոնը նշվում է 2004 թվականից: Իսկ բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ թեկնածուական և դոկտորական թեզեր պաշտպանեց ՀՀ առողջապահության նախարարության բուժքույրական գործի մասնագետ, «Բուժքույրական գործի կազմակերպիչներ» հասարակական կազմակերպության նախագահ, «Էրեբունի» հայ-ամերիկյան բժշկական քոլեջի հիմնադիր և տնօրեն Ալինա Քուշկյանը` դրանով բեկում մտցնելով բուժքույրական գործի գնահատման ոլորտում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1733

Մեկնաբանություններ