Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞Ւմ «ստվերի» դեմ է պայքարելու Հովիկ Աբրահամյանը

Ո՞Ւմ «ստվերի» դեմ է պայքարելու Հովիկ Աբրահամյանը
16.05.2014 | 00:48

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող բոլոր ժամանակների դժգոհ քաղաքացիները, հետաքրքիր զուգադիպությամբ, երեկ նույն տեղում էին: Նույնքան հետաքրքիր համընկնում եղավ. նրանց հետ հանդիպեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Աշխարհի» բոլոր ծայրերից իրենց խնդիրներով եկել էին հացառատցիները, վարդենիկցիները, որդեկորույս մայրերը, անգամ Արարատի Այնթապ գյուղից մի կին, ում անմիջապես Հովիկ Աբրահամյանը ճանաչեց ու ասաց. «Այնթապցի՞ ես, մարզպետը Ձեր գյուղից է: Հրահանգելու եմ Ձեր խնդրով հենց հիմա զբաղվի»:
Բոլորին լսեց, իր ձևով խոստացավ ու շտապեց կառավարության նիստին` կրկին խոստումներ տալու: Նիստն սկսեց Տավուշի մարզպետին գործից ազատելով ու, մինչ նիստի ավարտը, իր անվանակից Հովիկ Աբովյանին «դարձրեց» մարզպետ: «Պարոն Աբովյան, Ձեր բարձր հասակը ցույց տվեք մեր կառավարության անդամներին»,- կատակեց վարչապետն ու անցավ «ստվերի կրճատմանը»:
«Հանդիպել ենք խոշոր գործարարների և բանկերի ղեկավարների հետ, քննարկել համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, ամեն ինչ պետք է անեն, որ ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը: Մինչև հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարին՝ բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Համոզմունք ունեմ, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել, եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաև մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջև դրված խնդիրները լուծել: Մենք աշխատել ենք առանց մամուլի, փորձել ենք հարցերն ազատ պայմաններում իրենց հետ քննարկել, որպեսզի հասկանան, որ այդ խնդիրը, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, և մենք անպայման հետամուտ ենք լինելու, որ խաղի կանոնները բոլորը պահպանեն»,- շեշտեց Հովիկ Աբրահամյանը:
Իսկ պայմանը մինչև «կկվի կանչելն է», այս անգամ՝ ամառվա երկրորդ ամսի սկիզբը: Դրանից հետո վարչապետն սկսելու է իր և մերձավորների բիզնեսը բերել օրինական դաշտ ու «խաղի կանոնները պահպանել»: Շա՜տ «կատաղի» է սկսել գործադիրի ղեկավարի աշխատանքը վարչապետը, տեսնես ո՞ւր է այսպես գնալու: Չլինի՞ 2018-ի նախագահի ընտրություն:
Հաջորդ հարցը, որի մասին շատ ու շուտ-շուտ խոսել հրահանգեց Հովիկ Աբրահամյանը, առնչվում էր «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի լուծարման որոշմանը, որը կապ չունի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի հետ: Այս ընկերության լուծարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը ստեղծման օրից գործունեություն չի ծավալել: Գործադիրը նաև մերժեց ՕԵԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը՝ նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում սահմանված տուգանքի չափերը: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պարզաբանեց, որ պատգամավորների առաջարկը հիմնավորված չէ և կարող է բացասական ազդեցություն ունենալ ճանապարհային պատահարների նախականխման վրա:
Նիստն ավարտվեց «տոնական» նոտայով. նախ՝ Հովիկ Աբրահամյանը հրահանգեց նախարարներին «Վերջին զանգի» օրն այցելել որևէ ուսումնական հաստատություն, հետո էլ մշակույթի փոխնախարարը կառավարության անդամներին հրավիրեց «Թանգարանային գիշեր» միջոցառմանը: Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է, և փոխնախարարը հարկ համարեց պաշտոնյաներին տեղեկացնելու, որ թանգարաններն աշխատում են անվճար: Հավանաբար սա ասվեց ռեստորաններում ու տարատեսակ գինարբուքներում կլորիկ գումարներ ծախսող, բայց թանգարաններ այցելել երբեք չնախընտրող պաշտոնյաներին «հրապուրելու» համար: Տեսնես` կստացվի՞:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 726

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ