Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Լեխ Վալենսա․ «ՈՒկրաինացիները պայքարի սխալ մեթոդ ընտրեցին»

Լեխ Վալենսա․ «ՈՒկրաինացիները պայքարի սխալ մեթոդ ընտրեցին»
28.05.2014 | 13:05

«ՈՒկրաինացիները պայքարի սխալ մեթոդ ընտրեցին` ընկնելով ռուսների լարած թակարդը», - «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Լեհաստանի նախկին նախագահ, լեգենդար «Սոլիդարնոստ» արհմիության հիմնադիր Լեխ Վալենսան:

«Վերջին իրադարձությունների ժամանակ ես չմեկնեցի Կիև, քանի որ նախապես գիտեի, որ նրանք պարտվելու են: Նման գործողություններով չեն հաղթում: Մայդանի առաջնորդները չէին բանակցում ընտրված նախագահի, խորհրդարանի հետ՝ համոզված լինելով, որ իրենք են ամենակարևորը: Իրականում նման պահվածքը հանգեցնում է անիշխանության: Ես հասկանում եմ՝ կառավարությունը վատն էր, նախագահ (Յանուկովիչը) պարզապես անհույս էր, բայց միևնույն է` դա պայքարի ճիշտ ձև չէր», - նշել է Վալենսան և հավելել, թե իր տպավորությամբ՝ Մայդանի արդյունքում ստեղծված անիշխանությունը ձեռնտու էր նախ և առաջ Ռուսաստանին:

«Այն ժամանակվա ընդդիմության առաջնորդները պետք է բանակցությունների մեջ ներգրավվեին, հասնեին արտահերթ ընտրությունների: Բայց լեգիտիմ իշխանությունների հետ որևէ երկխոսություն այդպես էլ չծավալվեց: Փոխարենը՝ նրանք պատրվակ ստեղծեցին ռուսական ներխուժման համար: Կարծում եմ, որ այդ ամենը ռուսական սադրանք էր: Նպատակաուղղված կերպով ամեն ինչ հասցվեց անիշխանության մակարդակի, որպեսզի (ռուսները) գործելու հնարավորություն ունենան», - նշել է Վալենսան, ում անմիջական նախաձեռնությամբ 80-ականների սկզբին Սոցիալիստական Լեհաստանում ստեղծվեց ավելի քան 9 միլիոն անդամ ունեցող «Սոլիդարնոստ» հակակոմունիստական, անկախ արհմիությունը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, ըստ Վալենսայի, Ղրիմում տեղի ունեցածից հետո Լեհաստանն ու ողջ Եվրամիությունն այլևս ընտրություն չունեն` նրանք պարտավոր են պայքարել Պուտինի դեմ:

«Մենք արդեն իսկ ներքաշվել ենք պայքարի մեջ և ընտրություն չունենք: Մենք չեն ընդունում այն, ինչ Պուտինն արեց և շարունակում է անել: Բացառված է, որ մենք ընդունենք Ղրիմի բռնակցումը կամ ՈՒկրաինայի մասնատումը»,- վստահեցրել է Վալենսան` կոչ անելով Եվրամիության ղեկավարներին միասնաբար համակարգել Ռուսաստանի դեմ գործողությունները:

Լեհաստանի նախկին նախագահը նաև խորհուրդ է տվել Ռուսաստանի իշխանություններին զբաղվել սեփական խնդիրներով, այլ ոչ թե փորձել ազդեցություն տարածել հարևան երկրների վրա:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ