ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Թուրքիայի ալևիների և ալևիացած հայերի մասին

Թուրքիայի ալևիների և ալևիացած հայերի մասին
05.06.2014 | 11:38

Մայիսի 31-ին «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն Արևմտահայաստանի և արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպել էր «Թուրքիայի ալևիները և ալևիացած հայերը» թեմայով սեմինար: «Հասարակություն և մշակույթ» ՀԿ-ն նշված սեմինարն անցկացրել է ՀԵՀ-ի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Բանախոսներն էին թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարդան Հարությունյանը, ով հանդես եկավ «Թուրքիայի ալևիները. պատմության և քաղաքականության հարցեր» թեմայով զեկուցմամբ, և Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը, ով ներկայացրեց ալևիացած հայերի խնդիրները: Սեմինարին մասնակցում էին արևելագետներ, լրագրողներ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք։
Վարդան Հարությունյանը, անդրադառնալով Թուրքիայի էթնիկ և կրոնական կազմին, նշեց, որ այն բավականին խայտաբղետ է։ Երկրորդ մեծ կրոնական համայնքը Թուրքիայում ալևիներն են, որոնց թվաքանակի վերաբերյալ հստակ վիճակագրությունը բացակայում է: Ըստ “Minority Rights Group International” միջազգային կազմակերպության 2004թ. հրապարակած զեկույցի` նրանք կազմում են բնակչության մոտ 15-20%-ը` մոտ 12-15 միլիոն մարդ: Մեկ այլ` Ամերիկայի պետդեպարտամենտի 2012 թ. հրապարակած տվյալների համաձայն`Թուրքիայում ալևիների թիվը հասնում է անգամ մինչև 20 միլիոնի: Ալևիական համայնքն մոնոէթնիկ չէ և կազմված է ազգությամբ թուրք, քուրդ և հայ խմբերից:
Ալևիները, ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ հանրապետական Թուրքիայի պատմության ողջ ընթացքում մշտապես գտնվել են սուննի իսլամ դավանող պաշտոնյաների ճնշման ներքո:
Կարևորելով թեման՝ բանախոսները մատնանշեցին այն հանգամանքը, որ ալևիացած հայերը հայոց պատմության մի հատվածն են: Վարդան Հարությունյանը նշեց, որ ալևիականության արմատներն ու պատմությունն ուսումնասիրելիս մասնագետները բազմիցս առնչվում են այս կրոնի վրա քրիստոնեության ունեցած ազդեցության հանգամանքին: Այն գլխավորապես տեղի է ունեցել հայկական տարրի ներգործության արդյունքում, քանի որ ալևիականության ձևավորման վաղ շրջանը կատարվել է հայկական լեռնաշխարհի սահմաններում՝ սկսած պավլիկյան և թոնդրակյան աղանդավորական շարժումներից մինչև օսմանյան ժամանակաշրջանի վերջին հարյուրամյակը: Միայն 19-րդ դարի վերջին տեղի ունեցած հայկական կոտորածները՝ ընդհուպ մինչև հայ ժողովրդի Ցեղասպանության տարիները, որոշակիորեն թուլացրին հայկական տարրի ներգործությունը, սակայն միայն որոշակի շրջաններում, քանի որ կոտորածներից մազապուրծ բազմաթիվ հայեր ապաստան գտան Դերսիմի անառիկ բնակավայրերում՝ ալևիների մոտ՝ համալրելով դարեր ի վեր այնտեղ բնակվող հայերի շարքերը:
Պարոն Ալվրցյանի համոզմամբ՝ այսօր շատ կարևոր ու արդիական է ալևիների հարցը, որովհետև ալևի հայերի մի մասը ոչ միայն հայտարարել է իր հայ լինելու մասին, այլև գործնականում նաև կապեր է հաստատում հայրենիքի հետ. մկրտվում են թե´ Հայաստանի, թե´ Պոլսի եկեղեցիներում, հաճախ հայտարարում են իրենց հայ լինելու մասին հենց ալևի կրոնի մեջ՝ դեռևս չմկրտված: Այս տեսակետից սա շատ կարևոր ու հետաքրքիր երևույթ է և հայագիտության առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկը, որը կարիք ունի խոր ուսումնասիրության:
Ըստ բանախոսի` Թուրքիայի ալևիների խնդիրները հայության համար այսօր շատ կարևոր են, որովհետև տեսանելի է, որ ալևի հայերի մեջ խմորումներ կան: Երեք տարի առաջ ստեղծված Դերսիմի հայերի միությունը հայտարարեց իր հայկական լինելու մասին, և այսօր այդ միությունն ու դերսիմցի բազմաթիվ հայեր փորձ են անում վերականգնել իրենց մշակույթը, ամրապնդել իրենց մշակութային հենքը և գալ դեպի ազգային ինքնություն: Թուրքիայում ազգային փոքրամասնությունները` քրդերը, չերքեզները, զազաները և այլն, այսօր մեծ քայլեր են կատարում այդ ուղղությամբ, հայերը` նույնպես: Եթե առաջ նրանք վախենալով թաքցրել են իրենց ինքնությունը,
ապա այսօր խոսում են այդ մասին:
Բանախոսը նշեց, որ վերջին քսան տարիների ընթացքում Թուրքիայում մեծ գործընթացներ են կատարվում. երեսուն տարուց ավելի է, որ քրդերը խարխլում են թուրքական պետության՝ մոնոէթնիկ ազգ լինելու գիտակցությունը (Թուրքիայում ապրողները բոլորը թուրք են): Վերջին 30-40 տարիներին շատ բան բացահայտվեց. հարցումներ, քննարկումներ, պայքար, նա՜՝ զինված պայքար, և պարզվեց, որ Թուրքիայի բնակչության միայն 45-46%-ն է իրեն թուրք համարում: Հարցումների արդյունքները ցույց են տվել, որ Թուրքիայում թուրքերը, ըստ էության, փոքրամասնություն են կազմում, ավելի քիչ են, քան այնտեղ բնակվող մյուս փոքրամասնությունները միասին վերցրած: Եվ այդ ֆոնին հայերը սկսել են աստիճանաբար իրենց ձայնը բարձրացնել, խոսել իրենց ինքնության մասին, մկրտվել:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ