Այսօր հոբելյանական միջոցառումների շրջանակում ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ Մայր բուհում կազմակերպվել է գրքի տոնավաճառ:
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում ցուցադրվել են ԵՊՀ, «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Զանգակ-97», «Փրինթինֆո», «Մարմար» հրատարակչությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հրատարակած գրքերը, իսկ գրադարանի մասնաշենքի ճեմասրահում այցելուները ծանոթացել են ԵՊՀ-ի մասին հրատարակված աշխատություններին:
Մայր բուհի 95-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում իրականացված գրքերի նվիրատվության արարողությունը մեկնարկել էր դեռևս մայիսին, մասնավորապես ՀՀ մարզային բուհերի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ ՊՆ ռազմական բուհերի և Երևանի քաղաքային գրադարանները համալրվել են տասնյակ արժեքավոր գրքերով: