Շրջադարձային փուլ թուրք-իրանական հարաբերություններում. այսպես են բնութագրում իրանական և թուրքական լրատվամիջոցները Իրանի նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնական այցը Անկարա:
Վերջին անգամ Իրանի նախագահը Թուրքիա էր այցելել 18 տարի առաջ` 1996-ին: Այդ այցից հետո անցած գրեթե երկու տասնամյակում Թեհրանի և Անկարայի միջև բազմաթիվ լուրջ խնդիրներ էին կուտակվել: Այսօր, սակայն, Իրանի և Թուրքիայի ղեկավարները հույս ունեն, որ հնարավոր կլինի ոչ միայն հաղթահարել դրանք, այլև նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին:
«Իրանը պատրաստ է հաղթահարելու տարաձայնությունները: Ամենակարևորը, որ դա փոխադարձ ցանկություն է: Ես վստահ եմ, որ 2014 և 2015 թվականները լրջորեն տարբերվելու են նախորդ տարիներից, եթե, իհարկե, մենք խթանենք համերաշխ գործողություններին ուղղված քայլերը: Անձամբ ես որևէ պատճառ չեմ տեսնում, որը կարող է խոչընդոտել մեր երկու պետությունների տարաձայնությունների հաղթահարմանը»,- Ռուհանիի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը: Նրա խոսքով, երկկողմ հարաբերությունների խորացումը օրինաչափ է:
«Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի ամենահզոր պետություններն են: Դա է պատճառը, որ մենք հակված ենք շարունակելու խորհրդակցությունները նախևառաջ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ասպարեզում: Այդ երևույթները արմատավորվել են մեր տարածաշրջանում և հարվածում են այստեղ գտնվող բոլոր պետությունների շահերին»,- հայտարարել է Էրդողանը` որպես հիմնական խնդիր մատնանշելով Սիրիայում ստեղծված իրավիճակը: «Արևմտյան այն պետությունները, որ սկզբում հանդուրժեցին նման խմբավորումների գոյությունը, այսօր արդեն զղջում են իրենց որդեգրած մոտեցման համար»:
Իսկ Իրանի նախագահի խոսքով, Թեհրանն ու Անկարան համատեղ պատասխանատվություն պետք է ստանձնեն տարածաշրջանում իրավիճակը շտկելու համար. «Ահաբեկչության դեմ պայքարը միասնական նպատակ է: Դա մեր երկու երկրների պարտավորությունը չէ միայն: Թուրքիային և Իրանին պարզապես անհրաժեշտ է այս տարածաշրջանում կայունության հաստատումը»:
Նույնիսկ ամենալուրջ հակասությունների թեմա սիրիական խնդրում Թուրքիան և Իրանը փորձում են ընդհանուր հայտարարի գալ` առայժմ, սակայն, լուրջ հաջողություններ չարձանագրելով:
«Մենք, իհարկե, քննարկել ենք Սիրիայում և Եգիպտոսում ստեղծված կացությունը: Երկու պետություններում էլ առանցքային խնդիրը խաղաղության հաստատումն է, որին կարելի է հասնել բացառապես ժողովրդի կամքը հարգելու միջոցով»:
Չնայած հարաբերությունների ակնհայտ ջերմացմանը` Սիրիայում կայացած վերջին նախագահական ընտրությունները Իրանն ու Թուրքիան տրամագծորեն հակառակ տեսանկյուններից են դիտարկում: Իրանի նախագահն Անկարայում ասել է, թե արդեն իսկ շնորհավորել է Բաշար Ասադին վերընտրության կապակցությամբ: Թուրքիայի ղեկավարները հայտարարում են, թե չեն պատրաստվում ճանաչելու սիրիական քվեարկության արդյունքները:
Հասան Ռուհանիի և Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը Իրանի միջուկային ծրագիրն էր: Բանակցությունների ավարտին Թուրքական Հանրապետության նախագահը հայտարարել է, թե Անկարան ճանաչում է Իրանի միջուկային խաղաղ ծրագրի զարգացման իրավունքը: Հասան Ռուհանիի պնդմամբ` իր երկիրը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի:
«Մենք համակարծիք ենք, որ Մերձավոր Արևելքը պետք է ընդհանրապես զերծ լինի միջուկային զենքից: Ավելին, մենք կողմ ենք, որպեսզի Մերձավոր Արևելքից հեռացվեն զանգվածային ոչնչացման բոլոր զինատեսակները: Դրա հետ մեկտեղ, մեր նպատակը յուրաքանչյուր պետության համար միջուկային խաղաղ ծրագրերի զարգացման իրավունքի ապահովումն է»,- հայտարարել է Հասան Ռուհանին:
Անկարայում կայացած թուրք-իրանական բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկն էլ երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման կոնկրետ համաձայնություններն են: Կողմերը պայմանավորվել են մինչև 2015 թ. ավարտը երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան ծավալը 15 միլիարդ դոլարից հասցնել 30 միլիարդի:
Հասան Ռուհանիի այցի ևս մեկ աչքի ընկնող դրվագը վերջին պահին միջոցառումների ծրագրում կատարված արարողակարգային շտկումներն էին: Ի տարբերություն Անկարա այցելող մյուս բոլոր արտերկրյա ղեկավարների, Ռուհանիի ծրագրում այցելությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի դամբարան բացակայում էր: Դա, ըստ թուրքական լրատվամիջոցների, իրանական կողմի պահանջն էր, որի հետ Անկարայում ստիպված էին համակերպվել: