ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզայի ելույթը Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում սկանդալի է հանգեցրել։ «Հարավային Կովկաս. Մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով քննարկման ընթացքում Բրայզան հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները դեռևս չեն կարողացել փոխվստահության անհրաժեշտ մակարդակի հասնել ԼՂ հակամարտության կարգավորման և փոխզիջումների համար։
Բրայզայի խոսքով՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ, հարցը դեռևս չի լուծվել։
«Անհրաժեշտ է շարունակել աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի կիրառումը նվազեցնելու համար»,-ասել է նա։ Բրայզան կողմերին կոչ է արել ընդհանուր լեզու գտնել։
Հայկական պատվիրակությունը ողջունել է Բրայզայի ելույթը, իսկ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն Ադրբեջանին կոչ է արել դիպուկահարներին հեռացնել շփման գծից։ Նրանից հետո ելույթ է ունեցել ադրբեջանական պատվիրակության անդամ Գուդրաթ Հասանգուլիևը և քննադատել է Բրայզային ու հայերին։ Նա Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Բրայզային հիշեցրել է, որ հայերը դեմ էին իր դեսպան լինելուն, որովհետև կինը թուրք է։
Հայկական պատվիրակության անդամ Թևան Պողոսյանն էլ հարց է բարձրացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի մասին, ում Ադրբեջանում հերոս են համարում։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ դարձյալ բանավեճ էր եղել: Կորյուն Նահապետյանը պահանջել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներին որպես կողմ մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Նա ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի ինքնորոշման հարցի վրա։