Սպասվող ուժեղ երկրաշարժի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին ասվում է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Հուլիսի 6-ի տեղական ժամանակով ժամը 11.13 րոպեին տեղի ունեցած մագնիտուդը հավասար 3-ի (բալը` էպիկենտրոնում 4) և հաջորդ օրը ժամը 3 անց 34 րոպեին մագնիտուդը 4.3 (բալը` 5) երկրաշարժերը, որոնք զգացվել են բնակչության կողմից, մասնավորապես Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Ոչ մի պաշտոնական հաղորդագրություն ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» կողմից սպասվելիք երկրաշարժի մասին չի եղել»:
Ըստ գործող կարգի` մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն, մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով: Առ այս պահը վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել, և մասնագետները կարծում են, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանն անհանգստանալու առիթ չկա:
Սպիտակի 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո անցել է 25 տարուց ավելի, սակայն սեյսմաբանները կարծում են, որ դեռևս այս երկրաշարժի օջախում ակտիվությունը չի մարել, և այսպիսի թույլ երկրաշարժերի տեղի ունենալը բնորոշ է հետերկրաշարժյան գործընթացներին, այսինքն` հետցնցումները շարունակվում են և դեռևս շարունակվելու են: Նորից շեշտում ենք, որ ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա: Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին: