Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առթիվ Մամուլի ազգային ակումբի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն հակիրճ ներկայացրեց Ֆրանսիական հեղափոխության պատմությունը: Անրի Ռենոն նշեց, որ Բաստիլի գրավումը խորհրդանշական էր ոչ միայն Ֆրանսիայի համար, այլև նրա սահմաններից դուրս: Բաստիլի գրավումը, ըստ նրա, խորհրդանշում էր մի ռեժիմի տապալում, որտեղ ոչ մի օրենք չկար: Հեղափոխականները Բաստիլի գրավման ժամանակ գտել են երկու կալանավորի, որոնցից մեկը պոետ էր, իսկ մյուսն ուներ մտավոր խնդիրներ: Դեսպանը հիշեցրեց, որ Բաստիլը գրավելը դարձել է թևավոր խոսք: Հեղափոխությունը տեղի ունեցավ 1789 թ.: Ամենակարևորը այդ ժամանակ պետք է լիներ Սահմանադրության ընդունումը, որովհետև դրանից հետո պետք է տեղի ունենար իշխանափոխություն: Իսկ դա նշանակում էր, որ իշխանությունը միապետությունից անցնում է ժողովրդին: 1789 թ. օգոստոսի 6-ին Ֆրանսիան ընդունեց Մարդու իրավունքների և ազատությունների հռչակագիրը, մի փաստաթուղթ, որը կա այսօր Ֆրանսիայի բոլոր վարչական շենքերում:
ԼՂ հիմնախնդրին վերաբերող հարցին Անրի Ռենոն նշեց, որ հակամարտության կողմերը պետք է ցուցաբերեն այնպիսի դիրքորոշում, որը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության լուծման տարբերակ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ դա միայն ԱՄՆ-ի համանախագահի՞ առաջարկն է, թե՞ նաև մյուսներինը: Դեսպան Անրի Ռենոն ասաց, որ ցանկացած բանակցություն պետք է ունենա գաղտնիություն, որ կարողանա հասնել հաջողության: Այդ իսկ պատճառով նա ձեռնպահ մնաց այդ առթիվ որևէ հայտարարություն անելուց:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեկնարկային փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքներն են, որոնցից մեկը վերաբերում է ուժի սպառնալիքի կիրառումից ձեռնպահ մնալուն: Եվ հենց այս կետի կարևորությունից ելնելով էլ Ֆրանսիան բազմիցս կոչ է արել երկու կողմերին՝ ձեռնպահ մնալ լարվածությունից, իրավիճակը խճճող միջադեպերից»,- ասաց Անրի Ռենոն:
Նա նաև նշեց, որ յուրաքանչյուր անցնող օր ունենում է իր դրական ներդրումը, որպեսզի ստորագրվող համաձայնագրերը դառնան կենսագործելի:
Ինչ վերաբերում է Եվրամիություն-Հայաստան համագործակցության հեռանկարներին, ապա դեսպանը նշեց, որ ՀՀ-ն մնում է Արևելյան գործընկերության երկիր, և այդ շրջանակներում գրանցվել է զգալի առաջընթաց:
«ՀՀ-ն միակ երկիրն է, որին տրամադրվեց եվրոպացի փորձագետների մի հոծ բանակ: ՀՀ-ն օգտվեց և շարունակում է օգտվել նաև ֆինանսական օժանդակությունից»,- ասաց Անրի Ռենոն: Նա հիշեցրեց, որ անցյալ տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում ընդունված ԵՄ-Հայաստան հռչակագրին համահունչ շարունակվում է այդ համագործակցությունը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ