Մեկ տարի առաջ, սեպտեմբերի 3-ին, Հայաստանի իշխանությունները կայացրին Մաքսային միությանն անդամակցելու որոշում:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, անդրադառնալով Մաքսային միության անդամ Բելառուսի և Ղազախստանի քաղաքականությանը, նշեց, որ այդ երկրները շարունակելու են իրենց տնտեսական հարաբերություններն ՈՒկրաինայի հետ:
«Լուկաշենկոն հայտարարեց, որ իրենք շարունակելու են առևտրատնտեսական հարաբերությունները, Ռուսաստանի կողմից ցանկություն կար՝ խնդրելու, դիմելու, որ դադարեցնեն ՈՒկրաինայի հետ հարաբերությունները, բայց այդ երկրները հաստատեցին, որ դա չկա: Բնական է, որ կառաջանան լարվածություններ»,- ասաց նա: Վահագն Խաչատրյանը նշեց, որ Ղազախստանի և Բելառուսի նախագահներ Նազարբաևի և Լուկաշենկոյի պահանջով Եվրասիական միությունը, քաղաքականից զատ, նաև տնտեսական խնդիրների շուրջ է համաձայնագիր կնքել:
Հարցին, թե Մաքսային միությունում լուծվելո՞ւ է Լեռնային Ղարաբաղի հարցը, Վահագն Խաչատրյանն արձագանքեց. «Միանշանակ՝ ոչ»: Նա դժվարացավ ասել, թե ինչ է սպասվում, քանի որ այդ մասին չունի որևէ տեղեկություն, իսկ իշխանությունը չունի ազնվություն՝ պատասխանելու այդ հարցերին:
ՀԱԿ անդամն ուշադրություն է հրավիրում, որ մեր հարևան Վրաստանի տնտեսությունն էլ այսօր չի ինտեգրվում եվրոպական երկրներին և ունի լուրջ խնդիրներ:
Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հարաբերությունների պատճառով ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին, ապա Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ ՌԴ-ն կաշխատի նոր խնդիրներ չառաջացնել: Նա նկատեց, որ ռուսական ֆինանսական համակարգն այսօր կաթվածահար վիճակում է, և այդ տնտեսության բացասական արձագանքներն արդեն հասել են Հայաստան, տասը տոկոսով տրանսֆերտները կրճատվել են, և այդ միտումը կշարունակվի:
Կանխատեսելով ՌԴ-ի տնտեսության վաղվա օրը՝ պարոն Խաչատրյանը նշեց, որ այն ազատ չի եղել, իսկ հետագայում կդառնա ավելի փակ տնտեսություն: Ինչ վերաբերում է ՀՀ-ի տնտեսությանը, ապա Վահագն Խաչատրյանը նշեց, որ այն կառավարվել է ադմինիստրատիվ մեթոդներով, ինչի պատճառով էլ չկա մրցակցություն, չկան ներդրումներ: Նա խորհուրդ տվեց չհավատալ իշխանությունների խոստումներին, որ Հայաստան կգան ներդրողներ, քանի որ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ հարկային համակարգերը դրան չեն նպաստում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ