ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կարեն Միրզոյան. «Միջազգային հանրության աջակցության ևս մեկ կարևոր դրսևորում»

Կարեն Միրզոյան. «Միջազգային հանրության աջակցության ևս մեկ կարևոր դրսևորում»
14.09.2014 | 12:04

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը սեպտեմբերի 12-ին այցելել է Բասկերի երկրի խորհրդարան և հանդիպել է խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը։ Մտքեր են փոխանակվել Արցախի և Բասկերի երկրի օրենսդիր մարմինների միջև համագործակցության զարգացման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։ Կարեն Միրզոյանը Բակարտչո Տեխերիա Օտերմինին է փոխանցել Արցախ այցելելու ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հրավերը։
Այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը հանդիպել է նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով նույն օրը Բասկերի երկրի խորհրդարանի ընդունած ԼՂՀ ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևին, Կարեն Միրզոյանը դրական է գնահատել և նշել, որ, լինելով միջազգային հանրության աջակցության ևս մեկ կարևոր դրսևորում՝ ի սատարումն ԼՂՀ ազատ ու անկախ զարգանալու շարունակական ջանքերին, բանաձևը կնպաստի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Գեռնիկա քաղաք, հյուրընկալվել Գեռնիկայի քաղաքապետ Խոսե Մարիա Գորոնյոյի կողմից։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը նշել է, որ ներկայացնում է մի երկիր, որի խաղաղ քաղաքացիները նույնպես պատերազմի արհավիրքների զոհ են դարձել, և խորապես հարգում է Գեռնիկայի անմեղ զոհերի հիշատակը։ Նա եղել է բասկերի սրբավայր Gernikako Arbola-ում (Գեռնիկայի ծառ), որտեղ տեղի է ունենում Բասկերի երկրի լեհենդակարիների-նախագահների երդման արարողությունը։ Գեռնիկան բասկերի ժողովրդի հնագույն կենտրոններից է։ 1937 թ. քաղաքացիական պատերազմի ժամանակ քաղաքը ռմբակոծվել և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել էր։

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ