Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սերժ Սարգսյան. «Մեզնից ոչ ոք մարգարե չէ»

Սերժ Սարգսյան. «Մեզնից ոչ ոք մարգարե չէ»
22.09.2014 | 12:51

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տոնական ընդունելության ժամանակ շնորհավորելով ներկաներին, ասել է.

«23 տարի առաջ այս օրը բոլորս միասին ընտրություն կատարեցինք հօգուտ անկախ հայկական պետականության, հօգուտ քաղաքական ազատությունների և ժողովրդավարության:
Մենք բարձրաձայն հայտարարեցինք, որ պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնելու մեր իսկ հռչակած արժեքներն ու նպատակները կյանքի կոչելու համար: Եվ մեր ժողովուրդը ոչ միայն խոսքով կամ քվեաթերթիկով, այլև գործով, ջանքով, իսկ երբ հարկ եղավ՝ նաև կյանքի գնով ապացուցեց, որ ինքը տերն է իր պատասխանատվության, տերն է իր հռչակած արժեքների և նպատակների: Դժվար է հիշել մի ժամանակահատված, երբ մեր տարածաշրջանում չի եղել լարվածություն կամ բարդ քաղաքական իրավիճակ: Մենք ինչ-որ տեղ նույնիսկ ընտելացել ենք նման պայմաններում ապրելուն: Ցավոք, միշտ չէ, որ լարվածության թուլացումը մեզնից է կախված: Բայց մենք անում ենք մեզնից կախված հնարավոր ամեն ինչ՝ իրավիճակը մեղմելու և բնականոն հուն մտցնելու համար: Մենք այսօր էլ շարունակում ենք կասեցնել տարածաշրջանի խաղաղությունը վտանգող ադրբեջանական սադրանքները»։
Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանը տեսանելի ապագայում պատրաստվում է դառնալու Եվրասիական տնտեսական միության անդամ:
«Նման որոշումը, ինչպես ես արդեն նշել եմ, պայմանավորված է տնտեսական զարգացման նոր հնարավորություններով, որոնք բացվում են Հայաստանի առջև, ինչու չէ՝ նաև մեր տարածաշրջանում առկա անվտանգության համակարգի հետ: Պիտի անկեղծ լինենք: Մեզնից ոչ ոք մարգարե չէ, և մենք չգիտենք, թե ինչ արդյունքներ կունենանք տասը կամ քսան տարի հետո, բայց հստակ է մի բան. լավ աշխատելու դեպքում մենք կարող ենք լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել: Տնտեսական աճ մենք այսօր էլ ունենք: Այլ հարց է, որ եղած տեմպը մեզ չի բավարարում: Մեր ապրանքների առջև բացվելու է մի հսկայական շուկա, որտեղ ամրապնդվելն արդեն կախված կլինի աշխատելու մեր հմտությունից:
Այս առթիվ ես ուզում եմ նաև պատասխանել մեր որոշ ընդդիմախոսների, ովքեր փորձում են մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը ներկայացնել իբրև Հայաստանի քաղաքական անկախության կորուստ: Ասեմ, որ նման շահարկումներ անկախության բոլոր՝ 23 տարիների ընթացքում էլ եղել են: Այսօր՝ Հայաստանի անկախության օրը, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը որևէ կերպ չի սպառնում Հայաստանի քաղաքական անկախությանը: Նման պնդումներն անհիմն են: Աշխարհի երեսին չկա ինտեգրացիոն որևէ գործընթաց, որը չենթադրի քայլերի համաձայնեցում: Սա ավելի քան բնական երևույթ է»,- ասել է նա։
Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանի անկախությանը սրբազան է ու անքննարկելի. «Եվ մենք շարունակելու ենք մեր բաց ու շահագրգիռ համագործակցությունը մեր բոլոր գործընկերների հետ՝ Եվրասիական միության և նրա անդամ պետությունների, Եվրամիության և նրա անդամ պետությունների, ԱՄՆ-ի, Չինաստանի, հարևան Վրաստանի ու Իրանի, մեր բարեկամ մյուս բոլոր երկրների հետ: Հայաստանը կա և այսուհետ ևս լինելու է պետությունների միջազգային ընտանիքի ակտիվ ու պատասխանատու անդամը»:
Իր ելույթը Սերժ Սարգսյանը այսպես է եզրափակել. «Մեր ժողովուրդը շատ թանկ է վճարել իր ազատության և անկախ պետականության համար: Մենք իբրև ազգ և պետություն շարունակում ենք մեր հազարամյա երթը՝ ոչ մի րոպե չմոռանալով այդ մասին: Շարունակում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ճիշտ համարում: Մեր ընտրությունը աշխարհում հարգում են բոլորը, բացառությամբ մեկ պետության, որը չի հարգում նույնիսկ իր սեփական քաղաքացիների կարծիքը: Մենք բաց ենք ազատ ու փոխշահավետ աշխատելու բոլոր երկրների հետ, և սա մեր անցած ու դեռ անցնելիք ճանապարհի անքակտելի բաղադրիչն է:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանի Հանրապետությունն այն ամուր հիմքն է, որի վրա բարձրանում և մարմին է առնում ողջ հայության դարավոր երազանքը:
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

Դիտվել է՝ 737

Մեկնաբանություններ