ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ֆրենք Փալոն․ «Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է»

Ֆրենք Փալոն․ «Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է»
05.10.2014 | 13:22

«Ամերիկան Հայաստանի համար պիտի անի այն, ինչ կարող է՝ իմանալով, որ Հայաստանը կանի այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից»,- ընդգծում է հայամետ կոնգրեսականը:
Սիրիայում վերջերս հայկական եկեղեցու պայթեցման փաստը սարսափեցրել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնին: Նրան միշտ մտահոգել է, որ Հայոց ցեղասպանությունը շարունակ կրկնվում է։
«1915 թվականից ի վեր եղել են բազում փաստեր, երբ փորձեր են արվել հայերին սպանել միայն նրանց ազգային պատկանելության ու կրոնական դավանանքի պատճառով։ Պարզապես սարսափելի է, որ հայկական եկեղեցի են մեր օրերում պայթեցնում այնտեղ, որտեղ 1915 թվականին բազում հայեր են դարձել ցեղասպանության զոհ»,- «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է նա:
Փալոնի խոսքերով՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը ոչնչացնելու համար, ԱՄՆ-ի ու նրա դաշնակից երկրների օդային գրոհներից բացի, հարկավոր է արմատախիլ անել խմբավորման ծայրահեղական գաղափարախոսությունը. «Կրոնական ծայրահեղ դրսևորումների վրա հիմնված այդ գաղափարախոսությունն է ծնում ատելություն, որի դեմ հարկավոր է անկոտրում պայքար մղել ամենուր, ուր տեղի են ունենում ցեղասպանություններ»:
Հայ - ամերիկյան կապերն ավելի ամրապնդելու հարցի շուրջ խոսելով՝ Ֆրենք Փալոնը հիշեցրեց Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի գործունեության մասին, որի ջանքերով աճում են առևտրի ծավալները երկու երկրների միջև, օժանդակություն է հատկացվում Հայաստանին, անցկացվում են խորհրդարանականների այցելություններ, տեղի են ունենում մշակութային միջոցառումներ, «ինչը շատ է օգնում, որ ամերիկացիները լավ ճանաչեն Հայաստանի մշակույթը, տեղեկացվեն Հայոց ցեղասպանության մասին»։
«Եթե Հայաստանն ի վերջո միանա Մաքսային միությանը, կարծո՞ւմ եք արդյոք, որ կտուժի քաղաքականապես ու տնտեսապես, և եթե այո, ի՞նչ կարող է անել Ամերիկան Հայաստանին այս պայմաններում օժանդակելու ուղղությամբ։ Ռուսաստանն արդեն զգում է միջազգային պատժամիջոցների ազդեցությունն իր տնտեսության վրա»,- այս հարցին ի պատասխան՝ կոնգրեսականն ընդգծել է, որ ի տարբերություն, օրինակ, ԵՄ-ի՝ Մաքսային միությունը պարտադրված միություն է։ «Ես չեմ կարող ասել, թե Մաքսային միություն մուտք գործելով Հայաստանի տնտեսությունը կշահի կամ կտուժի։ Ինձ մտահոգում է՝ Մաքսային միությունը Ռուսաստանը կազմում է լա՞վ նպատակների համար, թե՞ ոչ։ Կարող եմ ենթադրել միայն, որ առաջնային նպատակը նախկին խորհրդային հանրապետություններին նորից իր ուղեծիր մտցնելն է»,- ասաց Փալոնը: Սակայն Ամերիկան շարունակելու է Հայաստանի հետ կապերի ամրապնդումը, վստահեցրեց կոնգրեսականն ու նշեց, որ պատժամիջոցներն ուղղված են ընդդեմ Ռուսաստանի: Նույնիսկ Մաքսային միության կազմում Հայաստանը չի հայտնվելու միջազգային պատժամիջոցների ներքո։ Իսկ եթե Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդեն նաև Հայաստանի վրա, ԱՄՆ-ը կիրակացնի քայլեր՝ Հայաստանի հետ իր առևտրի ծավալներն ընդարձակելու համար։
Հայ - թուրքական արձանագրությունները հետ կանչելու Հայաստանի մտադրությունը կոնգրեսական Ֆրենք Փալոնը համարում է «լիովին խելացի քայլ»։ Նրա խոսքերով՝ արձանագրությունները փաստացի մեռած են, ու արդարացված է դրանց հետկանչը, երբ դրանց գոյությունն անիմաստ է։
Հայ - ադրբեջանական հակամարտությունը լուծելու հարցում ամենամեծ խնդիրը կոնգրեսականը տեսնում է Ադրբեջանի ղեկավարների հռետորաբանության ու բարձրագոչ հայտարարությունների մեջ։ «Այս իրադրությունը նորից խոր հակամարտության չվերածելու համար հարկավոր է քաղաքականից զատ այլ բնագավառներում դնել երկու կողմերի միջև համագործակցության հիմքեր»,- ասել է կոնգրեսականն ու շարունակել. «Կլինի ջրային ռեսուրսների օգտագործման, թե գյուղատնտեսության բնագավառում համագործակցությունը, թե այլ բնագավառ՝ այսպիսով միայն հնարավոր կլինի մեղմել լարվածությունը։ Սակայն ափսոս, որ այս ուղղությամբ իրական քայլեր չեն իրականացվում։ ՈՒ եթե նման համագործակցության ցանկություն արտահայտվի, ԱՄՆ-ի Կոնգրեսը ջերմորեն կաջակցի ու պատրաստ կլինի մեծապես ֆինանսավորելու»։

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ