Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մշակութային համագործակցություն Հայաստանի և Բելառուսի միջև

Մշակութային համագործակցություն Հայաստանի և Բելառուսի միջև
17.10.2014 | 17:15

Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունում ստորագրվեց «ՀՀ մշակույթի նախարարության և ԲՀ մշակույթի նախարարության միջև 2014-2017 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԲՀ մշակույթի նախարար Բորիս Սվետլովը:

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ փոխանցմամբ` ծրագիրը բաղկացած է 12 հոդվածից և վերաբերում է մշակույթի, արվեստի բոլոր ոլորտներին: Ծրագրի համաձայն` կողմերը բարենպաստ պայմաններ կստեղծեն թատերարվեստի, երաժշտարվեստի, գրադարանային և թանգարանային գործի, ժամանակակից արվեստի բնագավառում համագործակցության զարգացման համար, կաջակցեն թատրոնների, երաժշտական, պարային խմբերի փոխադարձ հյուրախաղերի կազմակերպմանը, օպերայի և բալետի արտիստների ու թատերական ներկայացումների փոխանակմանը, երկու երկրներում անցկացվող միջազգային կինոփառատոներին: Հասմիկ Պողոսյանն առանձնացրեց համագործակցությունը գրահրատարակչական ոլորտում, նշելով, որ Հայաստանը ամեն տարի մասնակցում է Մինսկի գրքերի միջազգային ցուցահանդեսին և այդ ձևաչափում կարևոր են երկու երկրների միջև գրական համագործակցությունը, թարգմանչական գործընթացը և այլն:
Բորիս ՍՎԵՏԼՈՎՆ իր խոսքում ասաց, որ Բելառուսում անցկացվող հեղինակավոր փառատոներում` արվեստի, կինոյի, մուլտիպլիկացիոն, ամենուր մասնակցում են հայաստանյան ներկայացուցիչներ, վստահեցնելով, որ հայ-բելառուսական համագործակցությունը երկար պատմություն է ունենալու:
Հայաստանում Բելառուսի մշակույթի օրերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Բելառուսի պարի պետական անսամբլը և «Չիստի գոլոս» վոկալ համույթը:
Այցի ընթացքում նախատեսվում է բելառուսական պատվիրակության այցը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Մ. Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի ինստիտուտ, «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարաններ, ինչպես նաև Գեղարդի վանական համալիր և տեսարժան այլ վայրեր:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ