Հինգշաբթի երեկոյան Երևան ժամանած միջնորդներին ընդունեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, նախատեսվում է հանդիպում նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Հոկտեմբերի 15-ին Բաքվում ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահներ Իգոր Պոպովի և Պիեռ Անդրիոյի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության Էլմար Մամեդյարովը հայտարարեց, որ Փարիզում նախատեսված Ֆրանսիայի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից պաշտոնական Բաքուն լուրջ տեղաշարժ է ակնկալում և ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ պայմանագրի «արագացված նախապատրաստման» կողմնակից է:
Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկը տևական ժամանակ է, ինչ չէր խոսել բանակցություններում ակնկալվող «լուրջ տեղաշարժի» մասին: Ուշագրավ է նաև այն, որ Մամեդյարովի հայտարարությունը հնչեց օգոստոսին հայ - ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած՝ 20 տարի առաջ կնքված զինադադարից հետո աննախադեպ բախումներից շատ չանցած:
«Տեսնենք, թե ինչ արդյունքների կհանգեցի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը», - ասաց Պիեռ Անդրիոն:
Ռուսաստանցի համանախագահը խուսափեց խոսել իր ակնկալիքների մասին: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը չի միացել տարածաշրջանային այցին՝ ընտանեկան պատճառներով:
«Ազատության» հարցին՝ փարիզյան հանդիպումից առաջ այցելելո՞ւ են Ստեփանակերտ, Անդրիոն հակիրճ պատասխանեց. «Այս անգամ՝ ոչ»:
Իսկ թե այս անգամ ինչու են շրջանցելու Ստեփանակերտը, ֆրանսիացի համանախագահը բացատրեց․ - «Որովհետև մենք այցելել ենք նախորդ անգամ, իսկ այս անգամ չենք այցելելու»:
Երկու օր առաջ Մամեդյարովը նաև նշել էր, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել մի քանի հարց ընդգրկող կառուցվածքային առաջարկներով: «Ազատության» հարցին՝ նո՞ր առաջարկներ են ներկայացվել, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը արձագանքեց․ - «Գիտեք, ամեն հին առաջարկում միշտ նորի տարր կա»: