Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Իրականում թուրքն այն մարդն է, որ գիտակցում է` ինքը եկել է, վերցրել ու վայելում է»

«Իրականում թուրքն այն մարդն է, որ գիտակցում է` ինքը եկել է, վերցրել ու վայելում է»
04.11.2014 | 00:17

«Երիտասարդ առաջնորդների դպրոց» ՀԿ-ն, Ամերիկայի հայկական համագումարի հետ համատեղ, պատրաստում է Հայոց ցեղասպանության հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնող համապարփակ ձեռնարկ: Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար, թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ արտասահմանում երիտասարդական տարբեր համաժողովներին թուրքական կողմը ներկայանում է պատրաստված, հայ երիտասարդները դժվարանում են նրանց հետ շփվելիս` մտացածին և թյուր մեղադրանքներին հակադարձելու հարցում. «Արտգործնախարարության, Ցեղասպանագիտության ինստիտուտի և այլոց հետ համատեղ վեր ենք հանել թուրքերի` Ցեղասպանությունը հերքելու տասը պաշտոնական թեզերը: Ըստ այդմ, ներկայացնելու ենք թուրքերի կողմից տրվող 10 հիմնական հարցերի 10 պատասխան»:
ՈՒղեցույց-ձեռնարկը լույս է ընծայվելու տարեվերջին, թարգմանվելու և տրամադրվելու է արտասահման մեկնող հայ երիտասարդներին:
Արտակ Շաքարյանի հետ մեր զրույցը գլխավորապես 2015-ին ընդառաջ իրականացվող ծրագրերի մասին է:
-Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ին կայցելի՞ Ծիծեռնակաբերդ. այս հարցը հուզում է և՛ մեզ, և՛ թուրքերին: Ի՞նչ պատասխան կարելի է ակնկալել Էրդողանից:
-Այնքան էլ վստահ չեմ, որ թուրքերին հուզում է այդ հարցը, որքան էլ խոսենք Ցեղասպանության 100-ամյակից, նրանց օրակարգում առաջնահերթ են քրդական խնդիրը, Սիրիայի խնդիրը և այլն: Թուրքիայի նախագահը կայցելի, թե չի այցելի, ցույց կտան փետրվար-մարտ ամիսների զարգացումները: Թուրքերն իրենք կորոշեն` արժի՞, թե՞ ոչ, և ի՞նչ մակարդակով` նախագահի՞, թե՞ վարչապետի:
-Իսկ հրավերը ինչո՞վ եք բացատրում:
-Հրավերը զուտ դիվանագիտական հաշվարկ էր: Եթե այցելելը թուրքերին ձեռնտու լինի, նրանք դա կանեն առանց մեր հրավերի: Իսկ այս դեպքում, եթե այցելեն, այցելում են մեր հրավերով, եթե չայցելեն, ապա` ի հեճուկս մեր հրավերի: Այսինքն, ամեն դեպքում, թելադրողը հայկական կողմն է: Գոնե արտաքուստ:
-Կարծիք կա, որ Թուրքիան «հանդուրժում» է հայերի ակտիվությունը` թուլացնելու համար քրդերին:
-Թուրքիան շատ զբաղված է իր ներքին խժդժություններով. զինված պայքարի դուրս եկած քրդերը, ովքեր կարողանում են մեկ գիշերվա մեջ 18-ից ավելի թուրքական քաղաքներում արտակարգ իրավիճակ ստեղծել, շատ ավելի լուրջ իրողություն են, քան ֆեյսբուքում կամ մեկ-երկու թերթերի էջերում աղմուկ հանել փորձող հայերը: Հայաստանը մեծ խնդիրների առաջ չի կանգնեցում Թուրքիային, չի կարող համեմատվել 20-25-միլիոնանոց քրդական հատվածի հետ, որ Թուրքիայում է: Որպես պահանջատեր կրկին այնքան ակտիվ չենք, ավելի շատ ներքին լսարանի համար ենք խոսում Ցեղասպանության մասին, միջազգային ատյաններում դատական հայցերով հանդես չենք գալիս և այլն:
-Երբ հայ-թուրքական հարաբերությունները սրվում են, մենք հաշվի ենք նստում նաև Թուրքիայի հայերի ապահովության խնդրի հետ: Չի՞ կարող լինել հակառակը` ակտիվություն սպասել տեղի հայերի կողմից:
-Այնտեղ փաստացի բնակվում է 60 հազար հայ: Եկեք չգնանք այն երազանքի հետևից, որ մեկ միլիոն ծպտյալ հայեր են ապրում Թուրքիայում: Նրանք ընդունում են, որ ունեն հայկական արմատներ, գուցե դառնությամբ են լցված թուրքական կառավարության հանդեպ, բայց այսօրվա քրդական հասարակության հասունությունը և մարտական պատրաստականությունը չունեն, որ հանուն գաղափարի, հանուն Հայաստանի զենք վերցնեն Թուրքիայի դեմ ու պայքարեն: Դա նաև Հայաստանի Հանրապետության գաղափարական թուլությունն է. մենք չենք կարողանում նույնիսկ մեր ներսի մարդկանց պահել, որ չգնան երկրից, ուր մնաց դրսում ապրող մարդկանց ոգևորենք, որ ինչ-որ բան անեն:
-Թուրքիան, ամեն դեպքում, ձեռքերը ծալած նստած չէ: Ամենաթարմ օրինակը. հայ արվեստագետը առաջին մրցանակի է արժանանում Թուրքիայի հեղինակավոր մրցույթներից մեկում, և ամենուր շեշտում են նրա ազգությունը (ի տարբերություն մրցույթի մյուս մասնակիցների):
-Խնդիրն այն է, որ Թուրքիան, ինչքան էլ չպլանավորի, չպատրաստվի, 72-միլիոնանոց ազգ է, հաստատ կլինի մի հինգ հազար հոգի, որոնց մասնագիտությունը հենց հակահայկականությունն է: Այնտեղ, հատկապես գավառական քաղաքներում, ազգայնականությունը բավականին տարածված է, ու նաև պարտքի զգացում է հակահայ լինելը: Կան կառույցներ, մարդիկ, ակադեմիաներ, որ վարձատրվում են հակահայկականության, Ցեղասպանությունը ժխտելու համար: Բնականաբար, ավելի շատ է խոսվում ԱՍԱԼԱՅԻ գործողությունների մասին` որպես հակափաստարկ, կլինեն հակահայկական կոնֆերանսներ, կհամագործակցեն ադրբեջանցիների հետ, որ քննարկեն Հայաստանի Հանրապետության նորագույն խնդիրները: Թուրքիան այնքան ներդրում է կատարել հակահայկականության մեջ, որ առանց որևէ էական ջանքի, իներցիայով այդ գործողություններն ընթանում են:
Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած օրինակին, թուրքերն ունեն հստակ ռազմավարություն. միջազգային ասպարեզում նրանք ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ պաշտոնական Երևանն ու Անկարան չեն կարողանում հասնել համաձայնության, բայց ժողովուրդների միջև խնդիր չկա: Թուրքերը հանգիստ գալիս են Երևան, նրանց այստեղ չեն ուտում, հայերը ոչ միայն ապրում են Պոլսում, այլև հայաստանցի հայերն են ապօրինի կերպով ապրում, աշխատում Պոլսում, և հազվադեպ են խնդիրներ լինում, այն էլ կենցաղային հողի վրա: Նրանք բնականաբար կոծկում են այն փաստը, որ հայերը, նույնիսկ իսլամացած հայերը ոստիկանական կամ բանակային կառույցներում բարձր պաշտոններ չեն զբաղեցնում: Օրինակ, Թուրքիայի պատմության ընթացքում ազգությամբ հայ դատավոր ընդհանրապես չի եղել: Դրանք կոծկում են, բայց «անմեղ» պաշտոնների, մրցույթների հաղթողներին, բնականաբար, գովազդում:
-Իրենց բողոքներն ի՞նչ ենթատեքստ ունեն` մշակութային երկխոսությունների, դիվանագիտական այցերի առումով:
-Թուրքերն ասում են` հրեաները հոլոքոստի մեջ մեղադրում են ոչ թե գերմանացիներին, այլ ֆաշիստներին, ինչու դուք` հայերդ, ոչ թե երիտթուրքական վարչակարգին, այլ թուրքերին եք մեղադրում: Պատասխանը պարզ է. գերմանացիներն ընդունել են հոլոքոստը և ազատվել մեղավորության բարդույթից: Եթե թուրքը չի ընդունում Ցեղասպանությունը, շարունակում է երիտթուրքական տրամաբանությունը: Իրավապաշտպան Զարաքօլուն ընդունում է Ցեղասպանությունն ու Հայաստանում ստանում է մեդալ, ու ոչ ոք չի բողոքում դրա դեմ: Բայց եթե գալիս են «Գորշ գայլերի» անդամները ու, սիմվոլներ անելով, վարչապետի ու կաթողիկոսի հետ լուսանկարվում, մեզ մոտ բողոքի ալիք է բարձրանում:
-Մենք հաճախ խոսում ենք զոհի բարդույթի մասին, որից պետք է ձերբազատվել: Իսկ ոճրագործի բարդույթը չի՞ մտահոգում Թուրքիային: Գործնական շփումների ընթացքում ի՞նչ եք բացահայտել Ձեզ համար` իրականում ո՞վ է ժամանանակակից թուրքը, ինչ գիտի կամ չգիտի նա իր պապերի գործած ոճրի մասին:
-Իրականում թուրքն այն մարդն է, որ գիտակցում է` ինքը եկել է, վերցրել ու վայելում է, միաժամանակ գիտակցում է, որ այս աշխարհում արդարությունն ուժեղի կողմն է: Բայց նաև միշտ վախ կա, որ իրավիճակը կփոխվի, և իր ձեռքից կվերցնեն դա:
Սևրի պայմանագրով Օսմանյան կայսրությունը փլուզվում էր, Վիլսոնի թեթև ձեռքով Թուրքիան մասնատում էին, էական բաժինը տալիս Հայաստանին: Չստացվեց` Աթաթուրքի հանճարի շնորհիվ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Ստալինը վերջնագիր ներկայացրեց, ու Թուրքիայի արևելյան հատվածները Խորհրդային Միությանն էին անցնելու: Դա տեղի չունեցավ ամերիկյան ատոմային ռումբի հայտնագործման պատճառով: Օրերի խնդիր էր: ՈՒստի թուրքերը գիտակցում են, որ դիպվածներն են փրկում իրենց արդարության վերականգնումից: Այդ իսկ պատճառով պետական մակարդակով Ցեղասպանությունը մինչև վերջ հասցնելու ենթատեքստային ցանկություն կա: Երբ ընթերցում ենք թուրք զորահրամանատար Քյազըմ Քարաբեքիրի և Աթաթուրքի 1920-21 թվականների նամակագրությունը, հստակորեն տեսնում ենք, որ Հայաստանը շարունակում է մնալ խնդիր: Ցեղասպանությունը ոչ թե 1915-ին է եղել, այլ 1915-1923 թթ., որովհետև հանրապետական Թուրքիան շարունակում էր երիտթուրքական ծրագիրը: 1955-ի հայկական ջարդերը, հետագայում Թուրքիայի հերքողական մոտեցումները, աջակցությունը արցախյան պատերազմում Ադրբեջանին, այս ամենը նույն ձեռագրի շարունակությունն է: Թուրքիան չի վարանի ևս մեկ անգամ ցեղասպանություն իրագործել, վստահ լինելու համար, որ հայերը վերջնականորեն ջնջված են հարավային Կովկասից: Նրանց չի հուզում Ամերիկայում աղմուկ բարձրացնող հայը, նրանց հուզում է Կովկասի հայը, որը պետք է վերանա: Չեմ ասում, թե հասարակ թուրք գյուղացին այդպես է մտածում, բայց Թուրքիայի` պետական հայրենիքը մինչև վերջ մարսելու մտածելակերպն այդպիսին է: Նրանք դեռ հայրենիք որպես այդպիսին չունեն, իրավիճակը հեղհեղուկ է, ինչին մեծապես նպաստում են քրդերը: Թուրքերը քրդերի ձեռքով Արևմտյան Հայաստանը մաքրեցին հայերից, բայց չհասցրին ձերբազատվել քրդերից: Հայի բացակայությամբ ուժեղացած քրդերն արդեն այնքան ուժեղ են, որ կարողանում են հակադարձել թուրքերին: Նախկինում քրդերն ու հայերը բալանսավորում էին իրար, ու թուրքերն օգտվում էին դրանից:
-Մարդու իրավունքներից ու հումանիզմից խոսող աշխարհը եզդիների սպանդը հանդուրժեց Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց: ՈՒրեմն ի՞նչ ենք մենք պահանջում աշխարհից:
-Եզդիների հետ տեղի ունեցածն իրոք սահմռկեցուցիչ է: Ցեղասպանությունից 100 տարի անց ոչինչ չի փոխվել: Այն ժամանակ բրիտանացիներն ասում էին` մեր նավերը չեն կարող անցնել հայկական լեռներով ու նման անհեթեթություններ, նույնն այսօր է: Մի ողջ ժողովուրդ ցեղասպանվում է բառիս բուն իմաստով, ու ոչ մի բան չեն կարողանում անել` նույնիսկ ցանկության դեպքում: Եթե երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, խառնակ իրավիճակ լինի տարածաշրջանում, մենք երաշխավորված չենք, որ թուրքերն իրենց գործը չեն վերջացնի: Սա է ամենախնդրահարույցը: Մենք ո՛չ աշխարհից, ո՛չ թուրքերից, այլ նախ և առաջ ինքներս մեզնից պետք է պահանջներ ունենանք, որպեսզի արժանանանք թե՛ Թուրքիայի, թե՛ աշխարհի հարգանքին: Եթե որևէ պետություն իր ներսում չի կարողանում հարցեր լուծել, պետք է հույս չունենա, թե որևէ օտար պետություն արտաքին հարաբերություններում օգնելու է իրեն: Քանի դեռ մենք չունենք կայուն տնտեսություն, ժողովրդագրական աճ, մեզ ո՛չ Արևմտյան Հայաստանը կփրկի, ո՛չ Իռլանդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումը:
-Մեր զրույցի վերջին հարցը. 2015-ը վերջնաժամկե՞տ է:
-Դա թուրքերի տարածած հերյուրանքն է: Կարծում եմ` Ցեղասպանության 100-րդ տարելիցն այն գիտակցական շեմն է, որը կօգնի մեզ դասեր քաղել ու քայլել առաջ, մտածել ոչ միայն ճանաչման, այլև հիմնավոր կերպով խոսել պահանջատիրության մասին, գնալ ավելի էական երկխոսության: Ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր ապագան ավելի իրատեսորեն նախագծելու կարևոր նիշ կլինի, բայց մոռացություն հաստատ չի լինի:


Զրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1616

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ