Վաղը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա «Եվրասիայի տեղեկատվական անվտանգության ապահովման արդիական խնդիրները» խորագրով սեմինար-քննարկում: Սեմինարը կվարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերլուծական խմբի ղեկավար, համալսարանական լիգայի գործադիր տնօրեն Իգոր Նիկոլայի Պանարինը:
Սեմինար-դասախոսության ընթացքում Իգոր Պանարինը կխոսի այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են Եվրասիական տարածաշրջանի անվտանգությունը և դրա հասկացությունը, գաղափարախոսությունների մեթոդիկա, տեղեկատվական պատերազմների տեսություն, «գունավոր հեղափոխությունները» որպես տեղեկատվական պատերազմների ձևաչափ, տեղեկատվական պատերազմները սոցիալական ցանցերում և այլն:
Նշենք, որ 2014թ. ապրիլի 22-ին Եկատերինբուրգում 5-րդ երիտասարդական տնտեսական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 25 բարձրագույն ուսումնական հաստատություններ հիմնադրեցին ՀԱՊԿ համալսարանական լիգան, որի շրջանակներում էլ կազմակերպվում են տարաբնույթ սեմինարներ:
Լիգայի գլխավոր նպատակն է անվտանգության, տնտեսության, գիտության, տեխնիկայի, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավական և այլ բնագավառներում աջակցել Եվրասիական տարածաշրջանի բազմակողմանի զարգացմանը:
Այդ նպատակով Լիգայի շրջանակներում նախատեսվում է ձևավորել տարբեր խնդիրներով (տեղեկատվական, ֆինանսական, բնամթերքի, բնապահպանական և այլն) զբաղվող անվտանգության ինստիտուտներ, որոնք կհամակարգվեն Լիգայի անդամ համալսարանների կողմից: