Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի և Արագածոտնի մարզերում: Նա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նորակառույց վարչական և առաջին բնակելի մասնաշենք: Սերժ Սարգսյանը ոլորտի պատասխանատուների և հիմնարկի շահագործման հանձնման կապակցությամբ հրավիրված` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի, ԵԱՀԿ գրասենյակի ու միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ հրավիրյալների հետ ծանոթացել է կատարված աշխատանքներին ու միջազգային չափանիշներին համապատասխանող հաստատության պայմաններին:
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի շահագործումը թույլ կտա թեթևացնել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը՝ 400 դատապարտյալ տեղափոխելով Արմավիր: Նախատեսվում է հիմնարկն ամբողջությամբ շահագործման հանձնել երկու փուլով. առաջին փուլով՝ վարչական, կարանտինային, հիվանդանոցային մասերը և 400 դատապարտյալի համար նախատեսված բնակելի հատվածը, երկրորդ փուլում՝ մինչև 2015-ի վերջ, շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերի բնակելի հատվածը:
Ոլորտի պատասխանատուները քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծման կարևոր միջոց են դիտարկում ՀՀ արդարադատության նախարարության համակարգում պրոբացիոն ծառայության ստեղծումը, որը թույլ կտա 25 տոկոսով կրճատել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց թիվը՝ այլընտրանքային խափանման միջոցներ և ազատազրկման հետ չկապված պատժատեսակների տեսակարար կշիռը ավելացնելու միջոցով:
Արմավիրից նախագահը մեկնել է Արագածոտնի մարզ, այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» ընկերության գործարան: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, նոր ներդրումներին, գործարանի զարգացման ծրագրերին: Ընկերությունը 2008-2011 թթ. կատարել է 9,5 մլն եվրոյին համարժեք դրամի ներդրումներ, որոնք ուղղվել են խաղողի ընդունման կետի, գինու առաջին արտադրամասի, սպիրտի պահոցի, օղու կուպաժի և շշալցման արտադրամասերի հիմնմանը, տեխնոլոգիական սարքավորումների ձեռքբերմանը: 2012-2014 թթ. ընկերությունը շարունակել է ներդրումները գինու և կոնյակի արտադրության ոլորտներում, շամպայն գինիների արտադրության կազմակերպման նպատակով: Կատարվել է 5,617 մլրդ դրամի ներդրում: Կառուցվել և շահագործման են հանձնվել գինու պահոցը, գինու և կոնյակի հնեցման մառանը, կոնյակի համար խաղողի ընդունման նոր մեքենայատունը և կոնյակի վինիֆիկացիայի արտադրամասը, նոր պահեստը, վարչական մասնաշենքը, նոր լաբորատորիան և տեխսպասարկման կենտրոնը: Ընդլայնվել է կոնյակի սպիրտի թորման արտադրամասը: Գործարանի արտադրամասերը հագեցվել են գինեգործական ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով, որոնք ներկրվել են Ֆրանսիայից, Իտալիայից, Գերմանիայից և Բելգիայից: Ընկերությունը Հայաստանի գինեմետ խաղողի սորտերի խոշոր մթերող կազմակերպություններից է, ունի 200 աշխատակից, նրանց միջին աշխատավարձը շուրջ 160 հազ. դրամ է:
Նախագահի մասնակցությամբ գործարանում «Արմենիա» հայկական շամպայնի առաջին՝ խորհրդանշական շշալցում է կատարվել: Շամպայնը պատրաստված է հանրահայտ «Շառմա» մեթոդով, որն առաջին անգամ կիրառվել է 1907-ին ֆրանսիական Մոնպելիե քաղաքում: «Շամպայնի պատրաստման ողջ գործընթացը բնական է և օգագործվում են նույն մեթոդները, որոնք օգտագործվում են Ֆրանսիայում»,-պարզաբանել է գործարանի արտադրության տնօրեն Մաթիո Բեսոնեն: «Մեր նպատակը շամպայնի որակը բարձրացնելն է՝ ֆրանսիական, իտալական շամպայնների մակարդակին հասցնելը: Մենք կունենանք թարմ բալանսավորված թթվայնությամբ շամպայն, բնական արոմատով և նուրբ պղպջակներով: Այդ պղպջակները գոյանում են բնական գործընթացի շնորհիվ, ոչ թե արհեստական: «Արմենիա» կիսաքաղցր և բրուտ տեսակի շամպայնները մինչև Ամանոր դուրս կբերվեն շուկա»: «Արմենիա» շամպայնի հեղինակները հայ և ֆրանսիացի հայտնի գինեգործներն են, որ հայկական «Կանգուն» խաղողի ավանդական տեսակից առաջին անգամ պատրաստել են բարձրորակ այս խմիչքը: Ազնվորեն պետք է նշեմ, որ մեր և շամպայնը, և գինին բարձրորակ են և ուրախ կլինեի, որ անգամ Բորդոյում արտադրվող բոլոր խմիչքները ունենային նույն որակը»՝ ասել է ֆրանսիական «Բորդո» գործարանից ժամանած մասնագետ, «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատու Ժան Բատիստ Ֆուլան: Նա կարծում է, որ «Հայաստանը օրհնված է, որովհետև այստեղ կարողանում են աճեցնել բարձրորակ խաղող, իսկ նման խաղող ամեն տեղ չէ, որ աճում է: Հայաստանի հողն ու ջուրը ևս յուրահատուկ համ են տալիս խաղողին»: «Արմենիա Վայն» գործարանն իր տեխնիկական հագեցվածությամբ ու որակի կառավարման համակարգերով այսօր համարվում է Եվրոպայի ամենաժամանակակից ալկոհոլային խմիչքներ արտադրող խոշոր ընկերություններից մեկը: Գործարանի մթերման հզորությունը տարեկան մինչև 10 հազար տոննա խաղող է, իսկ տարեկան արտադրական հզորությունը՝ 4 միլիոն շիշ գինի, 1 միլիոն շիշ շամպայն, երեք միլիոն շիշ կոնյակ, վեց միլիոն շիշ օղի: Ընկերությունը գինեմետ խաղողի տեսակների ամենախոշոր մթերողն է Հայաստանում: 2013 -ի արդյունքներով` Հայաստանից գինիների արտահանման 60 տոկոսն իրականացրել է «Արմենիա Վայն» ընկերությունը: