Բազելում Ղարաբաղի հարցով հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ-ի պետքարտուղարը, ՌԴ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղարը:
Նոյեմբերի 12-ին շփման գծում ռազմական ուղղաթիռի խոցումը ողբերգություն էր, որից կարելի էր խուսափել՝ ասված է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների Բազելում անցկացվող հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հայտարարությունում:
Հայտարարության հեղինակները վերահաստատում են իրենց նվիրվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ շեշտելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ, և կոչ անելով կողմերին զերծ մնալ բռնությունից ու ակտիվորեն աշխատել երկարատև կարգավորման ուղղությամբ:
Քերին, Լավրովը և Դեզիրը ափսոսանք են հայտնում Հայաստան - Ադրբեջան սահմանին և շփման գծում բռնությունների ահագնացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ մարտական գործողությունները այս տարվա հուլիսին և օգոստոսին պատճառ դարձան զգալի թվով զոհերի, մեծացրին լարվածությունը և խորացրին անվստահությունը կողմերի միջև: «Կողմերը պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկեն՝ ամրապնդելու 1994-ին կնքված հրադադարը և ավելի բարենպաստ մթնոլորտ ստեղծելու խաղաղ բանակցություններն առաջ մղելու համար»,- ասված է հայտարարությունում:
Նոյեմբերի 12-ի ողբերգությունը, շարունակում են հայտարարության հեղինակները, ընդգծում է լարվածության թուլացման, վստահության վերականգնման և հետագա միջադեպերից խուսափելու ուղղությամբ կողմերի ջանքերի կարևորությունը:
«Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն ցուցաբերել և կանխել իրավիճակի հետագա շիկացումը: Կոչ ենք անում նրանց կարգավորել հումանիտար հարցերը Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների 2010 թվականի Աստրախանի հայտարարության ոգուն համապատասխան», - հայտարարում են Քերին, Լավրովը և Դեզիրը: Ըստ նրանց, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին երեք հանդիպումները՝ Սոչիում, Փարիզում և Նյուպորտում, վերակենդանացրել են «կողմերի միջև հաղորդակցության կարևորագույն խողովակը»:
«Մենք ողջունում ենք գալիք տարի երկխոսությունը աշխուժացնելու՝ Փարիզում նախագահների ձեռք բերած համաձայնությունը: Ժամանակն է, որպեսզի կողմերը հաղթահարեն անհամաձայնությունները, վերականգնեն վստահությունը և հարգեն իրենց հանձնառությունը՝ մտնելու բանակցային գործընթաց, որի արդյունքը կարող է լինել կարգավորումը: Նրանցից ակնկալվում է ընդունելը, որ համապարփակ կարգավորման հիմքը Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում ուրվագծված տարրերը և սկզբունքներն են, հատկապես նրանք, որոնք քննարկվել են Փարիզում վերջին գագաթնաժողովի ժամանակ,- հայտարարում են Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ շարունակելով.- Համանախագահ երկրների հովանու ներքո համապարփակ խաղաղ համաձայնության շուրջ բանակցությունները պետք է սկսվեն հնարավորինս շուտ»:
«Մենք պատրաստակամ ենք մնում սերտորեն աշխատելու կողմերի հետ՝ հասնելու համար երկարատև կարգավորման և բացելու խաղաղության նոր էջ, սակայն ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վրա է»,- իրենց հայտարարությունն ամփոփում են ԱՄՆ-ի պետքարտուղարը, ՌԴ արտգործնախարարը և Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղարը: