Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պարտություն չունի միայն «Բավարիան»

Պարտություն չունի միայն «Բավարիան»
09.12.2014 | 11:29

Սա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ «Չելսին» համալրեց «հասարակ» մահկանացուների շարքը՝ պարտություն կրելով «Նյուքասլից»: Իհարկե, դրանից երաշխավորված չէ ոչ ոք, սակայն այս պարագայում Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից առաջ ընկնելը, խոստովանենք, ոչ մի կերպ չէր մտնում Ժոզե Մոուրինյոյի պլանների մեջ՝ այն Մոուրինյոյի, ով քնում ու արթնանում է մարզչական գործունեությունում Գվարդիոլային ոչնչացնելու բացահայտ երազանքով, թեև այս դիմակայությունը, ի դեմս Կառլո Անչելոտիի, արդեն ունի և երրորդ կողմ: Ինչպես տեսնում ենք, պորտուգալացու համար խնդիրը բարդանում է, սակայն նա ավելի քան համոզված է, որ ինքը ծնվել է երազանքն իրականություն դարձնելու համար: Ասածը, ճիշտ է, փոքր-ինչ կոմունիստական ոգով ստացվեց, բայց դե ազատ աշխարհի ներկայացուցիչներիդ պիտի խնդրեմ հանդուրժող լինել:

ԻՍՊԱՆԻԱ
Հյուրընկալելիս հաղթելով «Սելտային» (3:0), որտեղ գոլային անհագ ծարավով նորից առանձնացավ Ռոնալդուն՝ մրցաշրջանում խփած գոլերի թիվը 20-ից հասցնելով 23-ի, «Ռեալը» կրկնեց «Բարսելոնի» ռեկորդը՝ ակումբի անընդմեջ հաղթանակների թիվը հասցնելով 18-ի: Ի դեպ՝ հեթ տրիկների հաշվարկով՝ նույնպես 23, պորտուգալացին լա լիգայում սահմանեց նոր ռեկորդ՝ շրջանցելով լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյին ու Թելմո Սարային:
Հաղթական էր նաև մայրաքաղաքային մյուս ակումբի՝ «Աթլետիկոյի» հանդիպումն «Էլչեի» հետ՝ 2:0: Իհարկե, երկրորդ հորիզոնական տանող ճանապարհը նրա առաջ կարող էր բացել «Բարսելոնի» պարտությունը, սակայն կատալոնցիները բարեհամբույր չվարվեցին հյուր եկած «Էսպանյոլի» հետ, որը խաղասկզբում լավ էլ ագրեսիվ դրսևորեց իրեն՝ բացելով խաղի հաշիվը: Հյուրերի սխալն ակնհայտորեն հենց դրանում էր՝ «բոռերի» բույնը քանդելը: 5:1-ը եղածի ավելի քան համոզիչ վկայությունն է: Ինչ վերաբերում է Մեսիին, արգենտինացին պորտուգալացու երեք գոլին հեռակա կարգով պատասխանեց նույնքանով: Թերևս ընթերցողի համար հետաքրքրական կլինի հետևյալ փաստը: Հեթ տրիկով Ռոնալդուն ակումբի կազմում խփած գոլերի թիվը հասցրեց 200-ի, Մեսին՝ 400-ի: Կոնկրետ մեկ տուրի շրջանակներում ահա «տեղական» նշանակության այսպիսի փաստեր: Ինչ վերաբերում է առաջնության առաջին եռյակին, այն ունի հետևյալ անփոփոխ դասավորությունը՝ «Ռեալ»՝ 36, «Բարսելոն»՝ 34, «Աթլետիկո»՝ 32 միավոր:

ԳԵՐՄԱՆԻԱ
Ինչպես նախորդ տուրում «Հերտայի» պարագայում էր, դարձյալ ոչ դյուրին հաղթանակ տոնեց «Բավարիան»՝ «Լևերկուզենի» «Բայերի» հետ հանդիպումում բավարարվելով նվազագույն հաշվով առավելությամբ: Նշենք, որ անգլիական առաջնությունում «Նյուքասլից» «Չելսիի» 0։2 հաշվով պարտությունից հետո բավարական ակումբը եվրոպական առաջատար հնգյակի առաջնություններում մնաց պարտություն չճաշակած միակ թիմը:
«Բայերի» պարտությունից առավելագույնս օգտվեց «Աուգսբուրգը», որի 2։1 հաշվով հաղթանակը «Քյոլնի» նկատմամբ թիմին բերեց երրորդ հորիզոնական:
Շարունակում է խաղային բարձր տոնուսում մնալ երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգը», որի դեմ, չնայած տանտիրոջ կարգավիճակին, այս անգամ անզոր եղավ «Հանովերը»՝ 1։3: «Բավարիան» ունի 36, «Բայերը»՝ 29, «Աուգսբուրգը»՝ 24 միավոր:
Բացառման կարգով բունդեսլիգայից հիշատակենք ևս երկու խաղ՝ մեկը «Շտուտգարդի» նկատմամբ վստահ հաղթանակ տարած «Շալկեինը»՝ 4:0 («Բայերի», Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ 23 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը), մյուսն ինչ-որ չափով մեզ հարազատ Դորտմունդի «Բորուսիայինը», որը վերջապես երեք միավոր վաստակեց «Հոֆենհայմի» հետ հանդիպումում՝ 1:0, ու առաջքայլ կատարեց աղյուսակի վերջին հորիզոնականից: Մնում է, որ գոլ խփելու պարտավորության մասին հիշի և Հենրիխ Մխիթարյանը, և ամեն ինչ կամաց-կամաց լավ կլինի:


ԱՆԳԼԻԱ
«Չելսիի» պարտության մասին նյութի թե առաջաբանում, թե գերմանական հատվածում արդեն գրել ենք, ուստի չանդրադառնանք:
Լոնդոնցիների ձախողումն առավելագույնս նպաստավոր օգտագործեց «Մանչեստր Սիթին»՝ սեփական հարկի տակ երեք միավոր կորզելով «Էվերտոնից»՝ 1:0:
Քանի որ 26 միավոր ունեցող ու երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Սաուտհեմպտոնը» մեկ օր ավելի ուշ էր խաղալու («Մանչեստր Յունայթեդի» հետ հանդիպումը կայացել է երեկ ուշ երեկոյան), առիթն օգտագործեց «Վեստ Հեմն» ու 27 միավորով առաջին անգամ, թեկուզ ժամանակավոր, մտավ առաջին եռյակ: Ի դեպ՝ նրան այնտեղից հավասարապես կարող են դուրս մղել և «Սաուտհեմպտոնը» (անգամ ոչ-ոքիի դեպքում), և թե նրա մրցակիցը, սակայն դրա համար վերջինիս անհրաժեշտ է միայն ու միայն հաղթանակ: Հաջողության դեպքում «ՄանՅուն» այս մրցաշրջանում նույնպես առաջին անգամ կհայտնվի առաջին եռյակում:

ԻՏԱԼԻԱ
Ասես ձայն ձայնի տված՝ տուրի հանդիպումներում միավորներ կորցրին թե առաջին տեղում ընթացող «Յուվենտուսը», թե նրանից երեք միավորով հետ մնացող «Ռոման»: Առաջինն արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ֆիորենտինայի» հետ՝ 0:0, երկրորդը սեփական հարկի տակ «Սասուոլոյի» հետ խաղում գերագույն ջանքերի գնով խուսափեց պարտությունից՝ 2:2:
Տնային խաղում «Միլանի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը «Ջենովային» հնարավորություն տվեց ընթացիկ մրցաշրջանում ևս մեկ անգամ հայտնվելու առաջատար եռյակում: Նրանք ունեն 26 միավոր: 35 միավորով առաջատարը «Յուվենտուսն» է:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնի առաջնությունում ունեցած դիրքերը ոչ մի կերպ չեն ուզում զիջել ինչպես առաջատար «Մարսելը», այնպես էլ նրան հետապնդող ու ընդամենը մեկ միավորի հեռավորությամբ գտնվող երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը»: «Նանտի» նկատմամբ վերջինիս տոնած հաղթանակին՝ 2:1 (երկու գոլն էլ խփել է Զլատան Իբրահիմովիչն այն բանից հետո, երբ պարտվում էին), հարավցիները պատասխանեցին շատ ավելի համոզիչով՝ 3:1 հաշվով առավելության հասնելով «Մեցի» նկատմամբ: Երրորդն այստեղ սեփական հարկի տակ «Ռեյմսին» 2:1 հաշվով պարտության մատնած «Լիոնն» է՝ 32 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ